կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-04 12:35
Հասարակություն

Սիրիայում տրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը

Սիրիայում տրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը

Փետրվարի 3-ին Դամասկոսի Ալ Ասադի ազգային գրադարանի սրահում տեղի ունեցավ Սիրիայում ՀՀ դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանի` «Ականատեսների հուշերը Հայոց ցեղասպանության մասին Օսմանյան կայսրությունում» արաբերեն լեզվով գրքի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էր Սիրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հանձնաժողովը` Սիրիայի մշակույթի նախարար Իսաամ ալ Խալիլի հովանավորությամբ:

 

Միջոցառմանը ներկա էին Սիրիայի մշակույթի նախարար Իսամ ալ Խալիլը, Սիրիայի նախագահի խորհրդական Մուհսեն Բիլալը, Սիրիայի ազգային առաջադիմական ճակատի անդամ, Սոցիալիստների միության գլխավոր քարտուղար Ահմադ ալ Ահմադը, Սիրիայի նախկին վարչապետ Մուհամմադ Մուսթաֆա Միրոն, արտաքին գործերի նախարարի տեղակալ Այման Սուսանին, Սիրիայի Ժողովրդական ժողովի բազմաթիվ անդամներ, դիվանագետներ, աշիրաթապետեր, Սիրիայի քրիստոնեական համայնքների առաջնորդներ, ինչպես նաև սիրիահայ համայնքի և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ:

 


Միջոցառման ընթացքում հնչեցին բազմաթիվ ելույթներ, որոնցում անդրադարձ կատարվեց գրքի բովանդակությանը, ինչպես նաև շեշտվեց աշխատության կարևորությունը արաբական աշխարհում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում:

 


Շնորհանդեսը լայնորեն լուսաբանվեց Սիրիայի զանգվածային լրատվական միջոցների կողմից: Այդ կապակցությամբ ՀՀ դեսպանը բազմաթիվ հարցազրույցներ տվեց Սիրիայում հավատարմագրված արաբական ԶԼՄ-ներին:

 

Տեղեկանք: Արշակ Փոլադյանի` «Ականատեսների հուշերը Հայոց ցեղասպանության մասին Օսմանյան կայսրությունում» գիրքն արաբ ընթերցողին է ներկայացնում երեք ականատեսների` սիրիացի փաստաբան Ֆայեզ Ղուսեյնի, թուրք պաշտոնյա Նայիմ բեյի և ասորի հոգևորական, մտավորական հայր Իսհակ Արմալե ալ Սուրիանիի հուշերը: Հենվելով Մեծ Եղեռնի վերաբերյալ արաբերեն և այլ լեզուներով հրատարակված ուսումնասիրությունների և ականատեսների վկայությունների վրա` հեղինակն անդրադարձ է կատարում նաև Օսմանյան հասարակությունում հայերի դերին ու գործունեությանը, Հայկական հարցի միջազգայնացմանը և Օսմանյան կայսրության կողմից որդեգրված պանթուրքիստական քաղաքականության ենթատեքստում հայ ժողովրդի դիմադրության շարժմանը: