|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ժիրայր Սեֆիլյանը, ըստ կայքերից մեկի տեղեկության, արդեն իր տանն է: Սա նշանակում է, որ նրա առողջական վիճակն այլեւս լավ է, ինչն էլ նշանակում է, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը կարող է խոսել: Հատկապես հաշվի առնելով ստեղծված եւ աստիճանաբար խորացող այս իրավիճակը, երբ «Արցախը Հայաստան չէ», «ղարաբաղցին հայաստանցի չէ», եւ երբ «Բերձորում մեզ` միեւնույն ազգիս, բաժանեցին երկու մասի»: Բայց Սեֆիլյանը չի խոսում:
Թե ինչո՞ւ չի խոսում հրամանատարը, հստակ հայտնի չէ, բայց պարզ տրամաբանությունը հուշում է, որ Սեֆիլյանը չի խոսում, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում եւ խորանում, մեղմ ասած, նրա սրտով է: Հակառակ պարագայում Սեֆիլյանն անպայման, անգամ սաստիկ ծանր վիճակում կխոսեր եւ պարտադիր կասեր. «Էյ, դո'ւք, որ այդտեղ նստած ղարաբաղցի-հայաստանցի եք անում, զբաղված եք ազգային դավաճանությամբ: Ինձ ծեծողները իրականում արցախցի ժողովուրդը չի եղել, որի ազատության համար ես պայքարել եմ` կյանքիս գնով, եւ էլի կպայքարեմ, այլ մի խումբ մարդիկ, եւ ես շարունակում եմ իմ գլուխը խոնարհել Արցախի եւ նրա հերոս ժողովրդի առջեւ…»:
Ժիրայր Սեֆիլյանն այս ամենը չի ասում, թեեւ կարող է ասել, քանի որ իր տանն է արդեն: Իրականում ի՞նչ է տեղի ունեցել, եթե մի կողմ դնենք Արցախի բնության, Բերձորի` խորհրդանիշ լինելու եւ այլ սենտիմենտալ նրբությունները: Բերձորի մոտ Արցախի ոստիկանությունը եւ մի խումբ քաղաքացիական անձինք չեն թույլատրել, որ Սեֆիլյանն ու նրա ընկերները մտնեն Արցախ: Սրա իրավունքը ունե՞ին: Չի բացառվում, որ ունեին, քանի որ պարզ չէ, թե տեղում ինչպե՞ս է ինքնադրսեւորվել Սեֆիլյանի շարժումը, կամ ոչ ոք իրականում չգիտի, թե կոնկրետ ի՞նչ նպատակով է նա ցանկացել այս անգամ Արցախ մտնել:
Բայց ունե՞ին, արդյոք, այդ մարդիկ /չխառնել Արցախի հետ/ Սեֆիլյանին եւ մյուսներին ծեծելու իրավունք: Իհարկե, չունեին: Իսկ իրավունք ունե՞ր Սեֆիլյանը, հենց իրավունք, մտնելու Արցախ: Անշուշտ, ուներ: Բայց կարո՞ղ էր նա չգնալ Արցախ` մանավանդ հաշվի առնելով այն բազմաթիվ հորդորներն ու եղբայրական խորհուրդները, որ տվել են իրեն Արցախ չգնալու մասին` ինչպես Երեւանում, այնպես էլ Արցախի ճանապարհին: Անշուշտ, կարող էր եւ չգնալ: Այսինքն` Սեֆիլյանը թեեւ Արցախ գնալու իրավունք ուներ եւ հիմա էլ ունի եւ միշտ էլ կունենա, սակայն տվյալ պարագայում նա կարող էր եւ չգնալ, բայց գնացել է:
Այսինքն` Սեֆիլյանը կարող է այսօր, հենց հիմա խոսել, բայց չի խոսում, այսինքն` Սեֆիլյանն արել է մի բան, որը կարող էր չանել եւ չի անում մի բան, որը ոչ թե կարող է, այլ պետք է, նույնիսկ պարտավոր է անել` խոսել:
Մենք դիտմամբ չենք խոսում Սեֆիլյանի եւ նրա ընկերների ընտրած կարգախոսի մասին, որով նրանք ցանկանում էին Արցախ մտնել, քանի որ այնպես, ինչպես Արցախը եւ Ադրբեջանը չպետք է միացնել կամ կապել իրար, այնպես էլ` Ցեղասպանության 100-րդ տարելիցը եւ այս իշխանությունները, որոնք թող որ ռեժիմ կոչվեն… Հարյուրամյա տարելիցը բոլորինս է, այդ թվում` Սեֆիլյանին, այդ թվում` նրան ծեծողինը:
Սեֆիլյանը եւ նրան/ց/ ծեծողը հայեր են, թուրքերը Արցախի սահմանի այն կողմում են, այն թուրքերը, որոնք այսօր էլ կրակում են Արցախի վրա, այն թուրքերը, որոնց դեմ կռվել է նաեւ Սեֆիլյանը, որպեսզի արցախցին ինքը որոշի` ում է ուզում թողնել, որ մտնի Արցախ:
… Իսկ երբ Սեֆիլյանը խոսի, թող, որ չասի, որ իրեն ծեծել են, ամոթ է, նախեւառաջ` նրա համար: Ծեծն այդպիսի բան է, ամոթը նախեւառաջ ծեծվողինն է: Որպես հրամանատար` Ժիրայր Սեֆիլյանը սա պետք է լավ իմանա:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ