կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-12 15:34
Իրավական

Սեֆիլյանը դատի տվեց «Արմենիա» հեռուստաընկերությանը

Սեֆիլյանը դատի տվեց «Արմենիա» հեռուստաընկերությանը

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանի փաստաբանները երեկ հայց են ներկայացրել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Արմենիա» հեռուստաընկերության: Այս մասին լրագրողներին հայտնեց Սեֆիլյանի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբանի խոսքով՝ պատճառը «Արմենիա» հեռուստատեսությամբ հեռարձակված «Սուր անկյուն» հաղորդաշարն է, որի ընթացքում ընդգծված կերպով փորձ են արել սևացնել Սեֆիլյանի կենսագրությունը և հրապարակել Արցախյան ազատամարտի տարիներին նրա կողմից իբրև թե մարտի դաշտում մարտական ընկերոջը լքելու վերաբերյալ տեղեկություններ: Ըստ բանախոսի՝ հաղորդման ընթացքում անգամ փորձ չի արվել լսել Սեֆիլյանի կարծիքը ենթադրյալ դեպքի վերաբերյալ, և միտումնավոր հրապարակվել են նրա պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություներ: Փաստաբանը հայտնեց, որ իր վստահորդը բարոյական վնասի փոխատուցում չի պահանջել:

Նրա խոսքով՝ հաղորդաշարից հետո իրենք դիմել էին հեռուստաընկերությանը՝ պահանջելով հերքում և համարժեք ժամանակահատվածում, օրենքով սահմանված կարգով իր արժանապատվության և բարի համբավի վերականգման միջոցների կիրառում, բայց որևէ պատասխան չեն ստացել:

Նշենք, որ դեռևս հայտնի չէ` հիշյալ գործն ընդունվե՞լ է վարույթ, թե՞ ոչ: