Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևան քաղաքում տեղակայված ուսումնական զորամասերից մեկում հունվարի 29-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ այսօր` հունվարի 31-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել: Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ հունվարի 29-ին` ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի կուրսանտ Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ կատարվող նախնական քննության, նշանակված ծառայողական քննության մանրամասներին ծանոթանալու նպատակով հունվարի 31-ին նախարար Սեյրան Օհանյանը այցելել է դեպքի վայր` խորհրդակցություն հրավիրելով ուսումնական զորամասի հրամկազմի հետ:
Խորհրդակցության ընթացքում դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման, կատարված հանցագործության հետ ուղղակի և անուղղակի առնչվող մեղավորների շրջանակը պարզելու ուղղությամբ հարուցված ծառայողական քննության արդյունքների մասին զեկուցել է ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը: Անդրադառնալով միջադեպին` պաշտպանության նախարարը մասնավորապես նշել է, որ տեղի ունեցածը չափազանց մեծ ցավ ու ողբերգություն է և թիկունքից հարված է ողջ զինված ուժերին:
Լսելով դեպքին առնչվող բոլոր նյութերի մանրամասները` նախարարն իր վրդովմունքն է արտահայտել այն առնչությամբ, որ որոշ սպաների անհետևողական աշխատանքի, ծառայողական պարտականությունները չկատարելու պատճառով զորամասում գլուխ են բարձրացրել արատավոր բարքերը, որոնց արդյունքում էլ ծնվել է հանցագործությունը:
Խստորեն հանդիմանելով ուսումնական զորամասի ամբողջ հրամկազմին` Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ, ինչպես նաև կատարվելու է ուսումնական զորամասի հաստիքային կազմի արմատական փոփոխություն: Պաշտպանության նախարարը հանձնարարել է նաև ծառայողական քննության արդյունքների հիման վրա կազմել հեռանկարային պլան` հայտնաբերված թերությունները վերացնելու և ուսումնական գործընթացը հիմնովին բարելավելու ուղղությամբ: Հավելենք, որ դեպքի առթիվ կատարվող նախաքնննությունը շարունակվում է: