Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական Известия-ին, որում անդրադարձել է երկրում իրականացվող քաղաքական բարեփոխումներին:
«Իրականում մենք արդեն մի քանի օր է՝ ապրում ենք խորհրդարանական հանրապետությունում: Վաղը պատգամավորները կընտրեն վարչապետի: Այդպիսով` կձևավորվեն երկրի կառավարման բոլոր հիմնական մարմինները»,- նշել է նա:
«Երկար ժամանակ աշխատելով պետական կառավարման բարձր պաշտոններում, այդ թվում` վարչապետի ու նախագահի պաշտոններում, գործընկերներիս հետ եկանք այն եզրակացության, որ կիսանախագահական կառավարման ձևաչափը պարունակում է մեծ սպառնալիքներ, քանի որ հավասարակշռված չէ»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով` նախագահը մեծ պատասխանատվություն էր կրում երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, անվտանգության ապահովման համար, սակայն չուներ համապատասխան լիազորություններ, որպեսզի կյանքի կոչեր Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունները:
Ըստ Սարգսյանի` վերադարձը կառավարման նախագահական համակարգի դրականորեն չէր ընկալվի հասարակության կողմից. 2008 թվականի` նախագահի ընտրություններն անցել են ոչ հարթ, գրեթե բոլոր քաղաքական ուժերը պահանջում էին փոխել կառավարման համակարգը խորհրդարանականի:
«Կարծում եմ` կառավարման նման ձևն ավելի է համապատասխանում հայկական իրականությանը, մեր ժողովրդի մենթալիտետին: Դա հնարավորություն կտա իրականացնելու ժողովրդավարական վերափոխումներ և ավելի արագ տեմպերով զարգացնելու Հայաստանի տնտեսությունը»,- ասել է Սարգսյանը:
Խոսելով վարչապետ դառնալու մասին` Սարգսյանը նշել է, որ պատրաստ է ստանձնել նման պատասխանատվություն:
«Բայց ոչինչ հավերժ չի լինում: Այդ պատճառով իմ պարտավորությունների հետ մեկտեղ, եթե, իհարկե, իմ թեկնածությունը հաստատվի խորհրդարանում, պատրաստվում եմ շատ մեծ ժամանակ հատկացնել տարբեր պաշտոններում աշխատելիս երկար տարիների կուտակած իմ փորձը երիտասարդներին փոխանցելու համար»,- նշել է նա:
Պատասխանելով հարցին` ով պատասխանատու կլինի արտաքին քաղաքականության, այդ թվում` Ռուսաստանի հետ հարաբերությունների համար, Սարգսյանը նշել է, որ կառավարությունը գործադիր իշխանության գերագույն մարմինն է, իսկ վարչապետը որոշում է ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները:
«Խորհրդարանական կառավարման ձևին անցման հետևանքով արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունները չեն փոխվի»,- նշել է նա:
Խոսելով ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին` Սարգսյանն ասել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները փորձված են ժամանակով: «Խորհրդարանական մեծամասնությունը` Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն գործընկեր Դաշնակցության գլխավորությամբ, այսուհետ ևս կշարունակի հետևողականորեն զարգացնել և ամրապնդել Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունները»,- նշել է նա: