կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-29 13:01
Հասարակություն

Էլեկտրացանցում խայտառակ վիճակ է, ուր տոտալ գողություն է տեղի ունենում. Բագրատյան

Էլեկտրացանցում խայտառակ վիճակ է, ուր տոտալ գողություն է տեղի ունենում. Բագրատյան

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Հ. Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀԾԿՀ մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

 

Առաջարկվում է, որ  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի մատակարարման, աղբահանության և այլ պարտադիր վճարների մասով ծանուցումը հունիսի 1-ից կատարվի գրավոր ձևով` էլեկտրոնային հասցեին, փոստին կամ հեռախոսին: Նաև առաջարկվում է առանց քաղաքացու ներկայության չբացել հաշվիչները:

 

Հրանտ Բագրատյանը նշեց, որ հանրային ծառայությունները կարգավորող մարմինները պարտավոր են իրենց հաշվին կազմակերպել սպառողներին ծառայություն և սպառած կոմունալ վճարումների մասին տեղեկատվություն տրամադրել:

 

«Օրինակ` Մոսկվայում քաղաքացին ծրարով ստանում է այդ տեղեկատվությունը փոստով: Մեզ մոտ, սովորաբար, քաղաքացին է փորձում հայթայթել այդ տեղեկատվությունը: Չէ՞ որ երբ խանութ եք գնում, գինը վրան գրված է լինում, հետևաբար, սա բացթողում է ՀԾԿՀ-ի կողմից: Հաշվիչների մասով խայտառակ վիճակ է` թե'  էլեկտրաէներգիայի, թե'  գազի առումով: Վստահ չեմ` արդյո՞ք այդ հաշվիչները վստահելի են: Առաջարկում եմ` առանց քաղաքացու ներկայության չպետք է բացվեն հաշվիչները: Լուրջ կասկածներ կան, որ,  այսպես կոչված, ձախ էներգիա են վաճառում, գազի հետ կապված` նույնպես կան բողոքներ: Էլեկտրացանցում խայտառակ վիճակ է, ուր տոտալ գողություն է տեղի ունենում»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ այն, ինչն ինքը առաջարկում է, լայնորեն ու համատարած կիրառվում է Ռուսաստանում:


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը հարցրեց Հրանտ Բագրատյանին, թե  կա՞ն կոնկրետ փաստեր խախտումների վերաբերյալ:

 

Հրանտ Բագրատյանը հարցրեց. «Անուննե՞ր պետք է անեմ, հարկ չեմ համարում ձեզ անուններ ասել, որովհետև բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ովքեր են խախտումներ անում»:



Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կարծիք հայտնեց, որ ինքը կողմնակից է, որ ամեն մարդ պետք է տեսնի իր հաշվիչի ցուցմունքները, սակայն այդ հարցը կարգավորված է:


Նիստին ներկա` ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ ինչ վերաբերում է աղբահանության և պարտադիր նորմերին, ապա դրանք ՀԾԿՀ կարգավորման դաշտում չեն, իսկ ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային և գազին, ապա այդ հարցերը կանոնակարգված են այնպես, որ եթե որևէ քաղաքացի ցանկություն ունի էլեկտրոնային փոստով տեղեկատվություն ստանալ իր ծախսերի մասին, դիմում է գրում ընկերությանը, հայտնում իր էլեկտրոնային փոստը և ստանում տեղեկատվություն:

 

«Եթե այդ նորմը չկատարվի, ապա դա նորմատիվային խախտում է»,- ասաց Ռոբերտ Նազարյանը: Նրա խոսքով` եթե քաղաքացին չունի էլեկտրոնային փոստ, ապա դիմում է գրում, որ փոստով ուղարկեն, բայց այդ ծառայության դիմաց արդեն պետք է վճարի բաժանորդը, այլ ոչ թե տեղեկատվություն ուղարկող կազմակերպությունը:


Ինչ վերաբերում է հաշվիչ արկղերին, Ռոբերտ Նազարյանը նշեց, որ հաշվիչներն ու կապարակնիքները բացվում են միայն սպառողի ներկայությամբ, այսինքն` այդ հարցն էլ է կարգավորված: «Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման կանոններում կա դրույթ, որ բաժանորդն իրավունք ունի իր ցանկացած ձևով կապարակնքելու հաշվիչը, իսկ մատակարարն առանց զգուշացնելու իրավունք չունի որևէ գործողություն կատարել արկղի հետ: Այսինքն` Բագրատյանի երկու առաջարկությունները կարգավորված են»,- ասաց նա: