կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-29 12:39
Տարածաշրջան

Ամալ Քլունին ՄԻԵԴ-ում ներկայացնում է Հայաստանը. միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը՝ Դողու Փերինչեքի գործին

Ամալ Քլունին ՄԻԵԴ-ում ներկայացնում է Հայաստանը. միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը՝ Դողու Փերինչեքի գործին

Հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի ունեցավ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարությունը, որին, որպես երրորդ կողմ, մասնակցեց նաև Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի ներկայացուցիչներից մեկը հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինն է՝ փաստաբան Ամալ Քլունին:

 

Միջազգային լրատվամիջոցներն արդեն անդրադարձել են Ամալ Քլունիի մասնակցությանը: The Independent-ն այդ մասին գրում է. «Ամալ Քլունին ՄԻԵԴ-ում ներկայացնում է Հայաստանը Դողու Փերինչեքի դեմ գործում, ով 2007 թվականին դատապարվել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Քլունին վիճարկում է 2013 թվականի դեկտեմբերին ՄԻԵԴ-ի՝ Փերինչեքի օգտին կայացրած որոշումը»:

 

Dailymail-ը ևս անդրադարձել է դրան. «Ամալը՝ ընդդեմ ցեղասպանությունը ժխտողների: Նա Եվրոպական դատարանում է ընդդեմ թուրք պատգամավորի, ով 1.5 միլիոն հայերի մահը որակել է սուտ»:

 

Փերինչեքի գործին անդրադարձել է նաև Associated Press-ը` գրելով. «Փաստաբան Ամալ Քլունին Մարդու իրավունքների եվրոպական բարձր դատարանում է՝ ընդդեմ մի մարդու, ով դատապարտվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար»:

 

Կայքը մեջբերել է նաև Քլունիի խոսքը, թե «դատարանի 2013 թվականի ամենամեծ սխալն այն է, որ Փերինչեքի օգտին որոշում կայացնելիս կասկած է գցել Հայոց ցեղասպանության իրողության վրա»:

 

Նշենք, որ 2007 թվականին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Շվեյցարիան դատապարտել էր Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ՝ պնդելով, որ Շվեյցարիայի դատարանի որոշումը սահմանափակում է խոսքի ազատությունը: Շվեյցարիայի կառավարությունն էլ որոշել է բողոքարկել այդ վճիռը: