կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-26 16:32
Տարածաշրջան

Դողու Փերինչեքը կոչ է արել Անկարային՝ փակել Ինջիրլիքի ավիաբազան Վաշինգտոնի համար

Դողու Փերինչեքը կոչ է արել Անկարային՝ փակել Ինջիրլիքի ավիաբազան Վաշինգտոնի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան պետք է անհապաղ լիակատար վերահսկողություն հաստատի Ինջիրլիքի ավիաբազայի վրա և այնտեղ տեղակայված ամերիկյան զորքերը վերադարձնի Միացյալ Նահանգներ: Այս կարծիքը շաբաթ օրը ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է թուրքական «Վաթան» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը:

«Թուրքական զինված ուժերը պետք է անհապաղ լիակատար վերահսկողություն հաստատեն Ինջիրլիքի ավիաբազայի վրա և 15 օրվա ընթացքում հայրենիք վերադարձնեն այնտեղ գտնվող ամերիկացի զինվորականներին»,- համոզված է քաղաքական գործիչը:

Թուրքիան առաջին անգամ չէ, որ խոսում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար այս ավիաբազան փակելու հավանականության մասին: Սովորաբար, Անկարայի նման հռետորաբանությունը ծագում է Վաշինգտոնի կողմից սպառնալիքների ֆոնին, սակայն գործը դեռ չի հասել որևէ կոնկրետ քայլի:

«Նրա (Բայդենի) հայտարարությունից հետո Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հաստատ ավելի կմոտենան: Բայդենի հայտարարությունը հարձակում է ընդդեմ Թուրքիայի, Ասիայի, Ռուսաստանի և Չինաստանի: Նրա հայտարարությունը կապված չէ մարդու իրավունքների պաշտպանության հետ, չի կարելի դրա մասին դատել պատմական փաստերի քննարկման շրջանակներում»,- ասել է էրդողանամետ և ռուսամետ թուրք քաղաքական գործիչը:

Փերինչեքը նաև կարծիք է հայտնել, որ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը տապալելու՝ նրա ցանկության հաստատումն է»: «Բայդենը հայտարարել է իր մտադրությունների մասին` նախքան նախագահ ընտրվելը»,- հիշեցրել է նա:

2019-ի դեկտեմբերին ԱՄՆ ապագա նախագահը հանդիպել է The New York Times-ի խմբագիրների հետ, սակայն հանդիպման տեսանյութը հսկայական դիտումներ է ունեցել անցյալ տարվա օգոստոսի 15-ին Twitter-ի թուրքական հատվածում: Այն ժամանակ Բայդենն ասել էր, որ Միացյալ Նահանգները «պետք է բոլորովին այլ դիրքորոշում ունենա» Էրդողանի նկատմամբ, որպեսզի «պարզ լինի», որ Վաշինգտոնը «սատարում է ընդդիմության ղեկավարությանը»:

Բավականին բուռն քաղաքական անցյալ ունեցող Դողու Փերինչեքը եղել է հայտնի ձախակողմյան գործիչ և մի քանի անգամ Թուրքիայում ձերբակալվել է իր հայացքների համար: 2007 թ. շվեյցարական դատարանը Փերինչեքին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտել էր 90-օրյա կալանքի և դրամական տույժի: