կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-25 14:25
Տարածաշրջան

Եթե տեղահանման որոշում չկայացվեր, չէր լինի անկախությունը. Դողու Փերինչեք

Եթե տեղահանման որոշում չկայացվեր, չէր լինի անկախությունը. Դողու Փերինչեք

«Բաշար ալ Ասադը Աթաթուրքի սերունդ է»,- Hurriyet-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը:

 

Հարցին, թե` վերջերս այցելել եք Սիրիա և հանդիպել իր իսկ ժողովրդին կոտորած նախագահ Բաշար ալ Ասադի հետ, ինչպե՞ս է նրա հետ ձեռքսեղմումը, Փերինչեքը պատասխանել է. «Ասադը իմպերիալիզմի հարձակումներից չփախավ, հպարտ կանգնեց, մնաց իր երկրին հավատարիմ, և ժողովուրդը նրան իր գլխի վրա պահեց: Յուրաքանչյուր ազատագրական պայքար ներքին պատերազմ է: Տեսեք,  օրինակ, Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը: Սիրիայում արաբական գարնան պատճառով ժողովուրդն սկսեց ցույցեր անել: Այդ քաղաքացիական ցույցերը Ասադի կողմից ճնշվեցին արյունահեղությամբ, սպանվեցին անզեն ցուցարարներ: Ասադը Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի սերունդ է: Աթաթուրքն ինչ արել է 1920-ականներին, այժմ Ասադն է անում: Այդ ժամանակ Աթաթուրքին «ոճրագործ» էին անվանում»:

 

Անդրադառնալով Հայկական հարցին`  լրագրողը հարց է ուղղել, թե` Ձեր ղեկավարած երկրում մարդ կարողանալո՞ւ է ազատորեն արտասանել «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել» նախադասությունը, Փերինչեքը պատասխանել է. «Մեր ղեկավարած Թուրքիայում «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել» ասողներն էլ ազատ բարձրաձայնելու են: Թեև հիմա էլ ազատ խոսում են»:

 

Հարցին` եթե սուտ է Հայոց ցեղասպանությունը, ապա ի՞նչ է տեղի ունեցել 1914-ին, Փերինչեքը պատասխանել է, որ իրենք ընդունում են, որ եղել է սպանդ, սակայն դա չի եղել Ցեղասպանություն, և եղել է փոխադարձ:

 

«Բոլոր փաստաթղթերում խոսվում է, որ փոխադարձ ջարդ է եղել: Միակողմանի՝ միայն թուրքերի կողմից իրականացված չէ: Զիա Գյոքալփի բնութագրմամբ՝ այն «կոտորած» է», ինչը նշանակում է փոխադարձ սպանություն»,- ասել է նա:

 

Հարցազրույցի վերջում Փերինչեքը նշել է, թե տեղահանության ժամանակ խլվել է «իրենց հայ եղբայրների» ունեցվածքը, սակայն այդ բոլորի պատճառը եղել է Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի իմպերիալիստական ծրագիրը, որով ցանկանում էին Օսմանյան կայսրությանը տիրանալ: 

 

Փերինչեքի խոսքով՝ եթե տեղահանման որոշում չկայացվեր, չէր լինի անկախությունը: