Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայացնում ենք հատվածներ՝ «Ազնավուրը Ազնավուրի մասին» ինքնակենսագրական գրքից:
***
Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Քաղցը, ցուրտը, հոգնածությունը, զսպված արցունքն իմ ճանապարհի անբաժան ընկերներն են եղել:
Կանայք, որոնց միշտ ամեն ինչից վեր եմ դասել, սիրել են ինձ, խաբել, պաշտել, լքել: Բայց հեռանալուց առաջ երջանկության պատրանքներ են տվել ինձ: Ուստի, ես ինձ ոչ զոհ եմ համարում, ոչ էլ սուրբ: Հաճախ ես նույնն եմ փոխհատուցել նրանց, քանի որ, ես էլ մյուսների նման, մարդ եմ: Ես էլ իմ հերթին հաճախ եմ նրանց արցունքների մեջ թողել: Գնահատել չիմանալով իսկական սերը` վազել եմ վաղանցիկ սերերի ետևից: Խաբել եմ, նախքան կխաբեին ինձ, այսպիսով խաբել եմ ինքս ինձ… Ինչ արած, այդ է կյանքը, այդ է սերը…
Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ, ու համարձակվում եմ ասել, թող սա ինքնագովություն չթվա, ես ինձ դուր եմ գալիս:
Եթե ինձ վիճակվեր կրկին ապրել, ապա այդ բոլորը նորից կապրեի նույնությամբ:
***
Մենք մի գաղթական հայ ընտանիք էինք ու, ինչպես բոլոր գաղթական հայ ընտանիքները, կապված էինք մեր լեզվին, սովորություններին ու եկեղեցուն: Զուսպ, քաշված, համեստ էր մեր ընտանիքը: Հավասար չափով զգայուն էր և՛ հումորի, և՛ դժբախտության նկատմամբ: Մենք սիրում էինք ծիծաղել, երգել, պարել ու արտասվել: Այո՛, և արտասվում էինք, որովհետև հայը շատ զգացմունքային է և հեշտությամբ է լաց լինում: Նա լաց է լինում և՛ կնունքին, և՛ պսակին, և՛ թաղմանը:
***
-Ազգությո՞ւնդ:
-Հայ եմ:
-Իսկ դա ի՞նչ է նշանակում:
-Շատ երկար պատմություն է:
***
Պետք է ասել, որ խմիչքը չէ, որ խոսեցնում է հային, այլ խոսքն է խմեցնում նրան: Արմունկ բարձրացնելը մի արվեստ է, որին պետք է տիրապետել: Որովհետև հենց որ թամադան բաց է անում բերանը, բոլոր սեղանակիցները պետք է բարձրացնեն իրենց բաժակներն ու պահեն դեմքին հավասար: Ու քանի որ որոշ բաժակաճառեր կարող են տևել 10-15 րոպե, ուստի անհրաժեշտ է ունենալ ամուր ու մկանուտ թևեր` ձեռքերը ցած չիջեցնելու համար:
***
Ուֆ, ինչ փոթորիկ էր… Վազեցի Ռոշի մոտ` հայտնելու, որ հյուրախաղերի ենք մեկնում: Բնականաբար չասացի, որ Պիաֆն իմ հերն անիծեց: Ինչ լավ կին էր: Քսանչորս ժամվա ընթացքում նա ինձ ընդունեց այն աշխարհը, որը հետագայում իմը պետք է լիներ: Նա ինձ շղթայապատ պահեց ութ տարի, սրտիս մեջ թողնելով մի քանի օրվա սեր, քնքշություն ու հիշողություններ կյանքիս մնացած օրերի համար:
***
Տղամարդկանց մտքերը հաճախ արտասովոր, ցնորական, ելևէջող, անկայուն են լինում: Դա բնավորության ու երևակայության խնդիր է: Բայց նրանց միտքը կայուն է, անփոփոխ, հալածող, երբ խոսքը կանանց է վերաբերում:
***
Այն մարդը, որ ինքն իրեն չի ճանաչում, երբեք ոչ մի բանի չի հասնի… Շնորհքը դեռ ոչինչ չի նշանակում, կարևորը սեփական թերություններից օգուտ քաղելն է:
Որոնք են իմ պակասությունները: Ձայնս, հասակս, շարժումներս և կրթության ու կուլտուրայի պակասը, ճշմարտախոսությունս, անհատականությանս պակասը:
Ձայնս փոխելն անհնար է: Բժիշկները, որոնց դիմում եմ, միաբերան համոզում են, որ երգելուց ձեռ քաշեմ: Բայց ես պիտի երգեմ, թեկուզ կոկորդս պատռվի:
***
Կյանքում, ինչպես բեմի վրա, երգիչը դերասանություն է անում: Շրջում է շքեղ ավտոմեքենայով, որի պարտքերը դեռ չի մարել ու օրվա ճաշերից մեկը բաց է թողնում, այդ մեքենայի մեջ բենզին լցնելու համար: Բայց չկարծեք, թե արտիստները ստում են: Նրանք պարզապես լավ օրերին սպասելով, խեղաթյուրում են ճշմարտությունը իրենց երազից դուրս չգալու, իրենք իրենց համոզելու, քաջալերելու ու հարվածներին դիմանալու համար:
***
Ուրիշի ձեռքով սարքած տանն ապրելն ինձ համար նույնն է, թե ապրել հյուրանոցում, որքան էլ գեղեցիկ լինի այն: Տունը պետք է նման լինի իր տիրոջը: Տնիցս հաճախ եմ հեռանում, բայց միշտ էլ հաճույքով եմ վերադառնում: Աշխարհի որ ծայրում էլ լինեմ, տանս մասին եմ մտածում: Ինձանից հետո հետնորդներս կկարողանան ասել այն, ինչ ես երբեք բախտ չեմ ունեցել ասելու:
-Սա իմ նախնիների տունն է:
Իսկ իմ նախնիները մեծ մասամբ շիրիմ անգամ չեն ունեցել:
***
Ինձ միշտ ձգել են կործանիչ սերերը, իրենց ճանապարհին ամեն ինչ ավերող փոթորիկները, անհաստատ, հաճախակի որոտներով լի երջանկությունները, որոնք, բնաջնջելով ամեն ինչ, ի վերջո, դառնում են թանաք, ապա՝ ակոսներ ձայնապնակների վրա: Ինձ միշտ ձգել են բաց խոստովանությունները, միակ դատավորիս ու խոստովանահորս՝ հանդիսատեսի առաջ: Ոչ մի սեր չեմ ապրել առանց խզումների, ոռնոցների, սպառնալիքների ու հաշտությունների: Բայց երբեք ինքնակենսագրական երգեր չեմ գրել: Երբեք չեմ գրել այն պահին, երբ դժբախտ, հուսալքված եմ եղել: Իմ տանջանքները, վշտերն ու հիասթափությունները գրի եմ առել միայն այն ժամանակ, երբ վերստին խաղաղվել եմ, երբ մի նոր սեր իմ ալեկոծ հոգուն ներդաշնակություն է պարգևել: Երգը մաքրում է սիրտս անցյալի հետքերից, ու ազատագրված՝ նորից էի տրվում սիրո խենթություններին…
***
Կին էի փնտրում ու գտնելուն պես տանել չէի կարողանում: Խաղաղ կյանք էի ուզում ու տանել չէի կարողանում: Կնոջը պաշտում էի մինչև այնքան ժամանակ, երբ ինձ համակում էր գրելու անզուսպ ցանկությունը: Ես սիրում եմ միայն այն աղջիկներին, որոնց մեջ ինչ-որ մի բան կա, իսկ այդ «մի բանը» պարզապես բարդություններն են. երբեք հանգիստ ու երջանիկ ինձ չեմ զգացել խաղաղ ջրերում:
***
Երկար ժամանակ է, ինչ միայնակ չեմ մնացել: Ու ես, որ հազվադեպ եմ զննում ինձ, նստեցի հայելու առաջ, երկար նայեցի ինձ ու եկա այն եզրակացության, որ փայլուն չեմ: Սկսեցի ինքս ինձ խոսել, մի բան, որ հաճախ էր պատահում: Ինքս ինձ հարցեր տվի ու պատասխանեցի: Այ քեզ բան… Գրիչ վերցրի, որ ուրիշներին դատեմ, բայց, ի վերջո, ինքս ինձ դատապարտեցի:
-Ինչ հիմարն եմ:
***
Ինձ թվում է՝ ոմանք ծնվում են հանգիստ կյանք վարելու համար: Բայց երբ մի օր կյանքը նրանց ստիպում է աշխատել, սոսկալի դժվարությունների են հանդիպում: Ուրիշները ծնվում են աշխատելու համար. սրանք երբեք չգիտեն՝ ինչ բան է հանգիստն ու արձակուրդը: Ես այս վերջիններից եմ: Ես պետք է հանգստանալ սովորեմ. ինձ համար նույնքան դժվար է ու հոգնեցուցիչ ոչինչ չանելը, ինչ ոմանց համար աշխատելը: Կարծում եմ, որ աշխատանքն ապացուցում է իմ ողջ լինելը: Եվ հետո, գիտեմ նաև, որ մի օր (հուսով եմ, որ շատ հեռու է այդ օրը), հանգստանալու շատ ժամանակ կունենամ: