|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բազմաթիվ հարցումներին ի պատասխան ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը պարզաբանել է Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստում թարգմանության բացակայության հարցը:
Պարզաբանումը` ստորեւ:
«ՀՀ Ազգային ժողովի գրադարանում գործող «Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբ»-ն ունի հասարակական կազմակերպության կարգավիճակ, այն դուրս է Ազգային ժողովի գործունեության դաշտից:
Ակումբը չի ֆինանսավորվում պետական բյուջեից, աշխատակիցները չեն համարվում Ազգային ժողովի աշխատակիցներ: Ազգային ժողովի առնչությունն ակումբի հետ սկսվում և ավարտվում է միայն տարածքն անհատույց տրամադրելով: Ղեկավարման, կազմակերպչական և բովանդակային հարցերում ակումբն ամբողջությամբ անկախ է, առնչություն չունի ՀՀ Ազգային ժողովի հետ` անկախ այն հանգամանքից, որ հայ-ռուսական ակումբի անվան մեջ օգտագործվել է «խորհրդարանական» բառը: Ինչ վերաբերում է թարգմանության բացակայությանը, ապա այս դեպքում էլ ակումբը որոշումներն ինքնուրույն է ընդունում:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ակումբն Ազգային ժողովի աշխատակազմին չի դիմել թարգմանություն ապահովելու խնդրանքով: Այսպիսի շփոթությունից հանրությանն ու լրատվության միջոցների ներկայացուցիչներին հետագայում զերծ պահելու նպատակով հարկ է նաև նկատել, որ, ի տարբերություն այս ակումբի, խորհրադարանական կառույցը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովն է:
Հավելեմ, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի դրույթների ենթադրյալ խախտումներն այս դեպքում Ազգային ժողովին վերագրելը ոչ իրավաչափ է, ոչ էլ տրամաբանական»: