Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՈՒԵՖԱ-ի Youth Elite Player Development (Երիտասարդ էլիտ խաղացողների զարգացում) ծրագրի շրջանակներում ձևավորված` Հայաստանի` մինչև 14 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչը ֆրանսիացի Դանիել Բրեարն է: ՀՖՖ պաշտոնական կայքը հարզազրույց է ունեցել հայ պատանիներին մարզող ֆրանսիացի մարզչի հետ:
- Պարոն Բրեար, մի փոքր խոսեք Ձեր մարզչական կարիերայի մասին:
- Որպես ֆուտբոլիստ հանդես եմ եկել ֆրանսիական «Սենտ-Էտյեն» թիմում, այնուհետև` Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնի մի շարք թիմերում: Եղել եմ ֆրանսիացի հանրահայտ մարզիչ Գի Ռուի օգնականը «Օսերում»: Ստանալով ՊՐՈ արտոնագիր` աշխատել եմ Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» ակումբում` որպես տեխնիկական տնօրեն: Այժմ Հայաստանի մինչև 14 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչն եմ, ինչպես նաև զբաղվում եմ ընդհանուր սկաուտինգով:
- Մի փոքր կպարզաբանե՞ք, թե դա ինչ է իրենից ենթադրում:
- Մենք արդեն ձևավորել ենք երկու տարիքային խմբերի հավաքականները, բայց կազմը վերջնական չէ: Քանի որ մենք մասնակցում ենք Հայաստանի պատանեկան առաջնությանը և ամեն շաբաթ հնարավորություն ենք ունենում գործի մեջ տեսնել տարբեր թիմերի խաղացողների, մենք հրավիրում ենք աչքի ընկած ֆուտբոլիստներին փորձաշրջանի: Նրանք մարզվում են արդեն ընտրված երեխաների հետ, և եթե արդարացնեն մեր սպասելիքները, հնարավորություն կստանան ընդգրկվել հավաքականում:
- Դուք Ձեր տրամադրության տակ ունեք խաղացողներ, որոնք մինչ այդ հանդես են եկել տարբեր ակումբների կազմերում: Նրանց միջև շա՞տ տարբերություններ եք տեսնում:
- Տարբերություններն այնքան էլ շատ չեն, բայց դրանք կան: Օրինակ, «Բանանցից» եկած երեխաների մոտ զգացվում է հոլանդական ֆուտբոլի ազդեցությունը, քանի որ նրանց հետ աշխատել են հոլանդացի մարզիչներ: «Փյունիկի» ֆուտբոլիստները լավ են պատրաստված տեխնիկապես, ինչը, հավանաբար գալիս է այն փիլիսոփայությունից, որ գոյություն ունի ակումբում: Իսկ, օրինակ, մարզերի երեխաները տեխնիկապես մի փոքր թույլ են, քանի որ հնարավորություն չեն ունեցել մարզվելու լավ խաղադաշտերում:
- Մեզ հետ զրույցի ժամանակ Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Լելևրը նշեց, որ իր թիմը խաղում է 4-3-3 մարտավարությամբ: Դուք նո՞ւյնպես նախընտրում եք այդ տակտիկական դասավորությունը:
- Այո, մենք աշխատում ենք նույն ձև: Այդպես ավելի հեշտ է: Հետագայում, երբ իմ թիմի ֆուտբոլիստը սկսի հանդես գալ մինչև 15 տարեկանների հավաքականում, նա արդեն հստակ կիմանա, թե ինչ է պահանջվում իրենից: Մեր ֆուտբոլիստները լավ են պատրաստված տեխնիկապես, իսկ տակտիկական առումով երբեմն կաղում են: Այդ պատճառով, հենց սկզբից մենք նրանց հանձնարարել ենք 11 vs 11 խաղեր, որպեսզի նրանք կարողանան ավելի արագ ընկալեն մեր տակտիկական մտահղացումները:
- Ի՞նչ կասեք աշխատանքային պայմանների մասին:
- Մենք շատ տպավորված ենք ՀՖՖ ենթակառուցվածքներով: Շատ քիչ երկրներ կարող են պարծենալ այսպիսի պայմաններով: Մեզ հետ աշխատող մարզիչները և անձնակազմը նույնպես շատ բարձր մակարդակի են: Ստեղծված են բոլոր պայմանները ճիշտ և պլանային աշխատանքի համար: