կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-13 17:21
Մշակույթ

Ուսումնական մասի ղեկավարները շատ բան կարող են ասել. ԿԳՆ-ն` արվեստանոցն արհեստանոցի վերածելու մասին

Ուսումնական մասի ղեկավարները շատ բան կարող են ասել. ԿԳՆ-ն` արվեստանոցն արհեստանոցի վերածելու մասին

Տեղեկացրել էինք, որ իրարանցում է սկսվել` Գեղագիտության ազգային կենտրոնի «Կերպարվեստ» ստորաբաժանման շենքի հետ կապված: Կերպարվեստի ուսուցիչ Հրաչ Համբարձումյանը պնդում է, որ Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանը տարածքն ուզում է փայտի մշակման արհեստանոցի վերածել: Համբարձումյանին ուրբաթ օրն Իգիթյանն ազատել է աշխատանքից` պատճառաբանելով, որ սեպտեմբեր ամսին նա չի հաճախել դասերին: Սակայն Համբարձումյանը պնդում է, որ նման բան չկա: Ի դեպ, «Կերպարվեստի» ստորաբաժանման շենքում օրեր առաջ կահույքագործական հաստոցներ են տեղադրվել և Համբարձումյանից պահանջել ազատել շենքը` այն վերանորոգելու համար:

 

Հարցի հետ կապված` Համբարձումյանը դիմել էր Հանրային խորհուրդ, Հանրային խորհուրդն էլ նիստ էր արել ու որոշել դիմել ԿԳՆ-ին:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը նշեց, որ իրենք Հանրային խորհրդից գրություն են ստացել, որ  տարածքում փայտամշակման կենտրոն ստեղծելու միտում կա, և ինչ-որ խմբեր կան գրանցված, որոնք չպետք է պարապեն: Նոյեմբերի 5-ին ԿԳՆ-ն ստուգումներ է իրականացրել Գեղագիտության ազգային կենտրոնում:

 

«Մենք ուսումնասիրել ենք Գեղագիտության ազգային կենտրոնի բոլոր տարածքները: Ասեմ, որ դրանք հենց նոր են վերանորոգվել` մի մասն արդեն շահագործվում է, մյուս մասն էլ մաքրման փուլում է, որ ներկերից մաքրեն ու շահագործեն: Իսկ այն սենյակները, որոնք դեռ վերանորոգված չեն, հիմա դրանց հերթն է»,- ասաց Այվազյանը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ իրենց այցի ժամանակ արվեստանոցը արհեստանոց դարձնելու որևէ փաստ կամ միտում չեն նկատել:

 

Հարցին, թե` մասնաշենքում հաստոցներ չե՞ք նկատել, Այվազյանը պատասխանեց, որ, այո, հաստոցներ նկատել են: «Երեք հաստոց է եղել տեղում, բայց երեք հաստոցով այդ վայրը երբեք չի կարող արտադրամաս դառնալ, և դա հանդիսանում է կենտրոնի գույքը»,- ասաց նա:

 

Մեր դիտարկմանը, թե` տարօրինակ չէ՞, արդյոք, որ հենց վերանորոգումից առաջ են այդ հաստոցները տեղադրել այնտեղ այն դեպքում, երբ սովորաբար պետք է սենյակը դատարկվի, Այվազյանը պատասխանեց, որ հաստոցները շուտով տեղափոխվելու են մեկ այլ սենյակ: «Մնացած բոլոր տարածքները, երբ վերանորոգվել են, բնականաբար, այնտեղ եղած ամեն ինչը դուրս է բերվել, որպեսզի տարածքն ազատվի, և վերանորոգման աշխատանքները սկսեն: Հիմա նույն ճակատագրին արժանանալու է նաև այդ տարածքը` հանվելու է սենյակներից ամեն ինչ, որպեսզի վերանորոգեն»,- ասաց նա:

 

Նշենք, որ երեկ արվեստանոց էր այցելել կենտրոնի ուսումնական մասի ղեկավար Էմմա Ասատրյանը, ով չբացառեց տեղում արհեստանոց ստեղծելու հնարավորությունը: Անդրադառնալով այս փաստին` Այվազյանը պատասխանեց, որ ուսումնական մասի ղեկավարները շատ բան կարող են ասել, գոյություն ունի կարգ, երբ կդիմեն ԿԳՆ-ին` պատրաստելով բոլոր փաստաթղթերը, այդ ժամանակ նախարարությունն իր դիրքորոշումը կներկայացնի:

 

«Կարող եմ նաև իմ անձնական կարծիքը հայտնել` դա պետական տարածք է և նախատեսված է երեխաների ուսուցման համար: Իսկ դասասենյակի տեղափոխվելը ոչինչ չի նշանակում, կարող է այսօր այստեղ դաս անել, մյուս օրը`մեկ այլ տեղ»,- ասաց Այվազյանը:

 

Նա նշեց նաև, որ արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունը նույն դպրոցն է` գոյություն ունեն դասարաններ և աշակերտների թիվ, և եթե արտադպրոցական ուսումնական հաստատություններում աշակերտների թիվը չի համալրում 7-ը` դասարանը ցրվում է: «Մեր գնալու պահին եղել է 3 աշակերտ, մենք թվին ուշադրություն չենք էլ դարձել, քանի որ Համբարձումյանն ասաց` 13 աշակերտ ունի, թեեւ փոխտնօրենը պնդում էր, որ դասարաններում աշակերտների թիվը հաստատում են մինչև սեպտեմբերի 15-ը, և մինչ այսօր որևէ աշակերտ գրանցված չէ»,- նշեց Այվազյանը: