Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-11-11 11:44
Քաղաքական

«ԲՀԿ-ն երբեք չի հավակնել դառնալ ընդդիմություն»

«ԲՀԿ-ն երբեք չի հավակնել դառնալ ընդդիմություն»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանի համոզմամբ` Հայաստանի քաղաքական դաշտը չունի ուժեղ ընդդիմություն, այլապես շատ լավ գործեր կիրականացվեին Հայաստանում:

 

Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով ոչ իշխանական եռյակի գործունեության մասին, նա նշեց. «Ի՞նչ ասել է ընդդիմություն: Ընդդիմությունը պետք է գործողություններ անի, կոնկրետ առաջարկներ անի: Հիմա ես չգիտեմ` այդ չափանիշների մեջ ԲՀԿ-ն տեղավորվո՞ւմ է, թե՞ ոչ: Իսկ գործողություն ասելով` ես իշխանափոխության պահանջը նկատի չունեմ: Մենք բարդ ժամանակներ ենք ապրում, ուրեմն պետք է կոնսոլիդացնենք ուժերը և դրական քայլեր անենք»:

 

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն պնդում է, որ դեռ ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մաս կազմելու ընթացքում է հասկացել, որ Հանրապետականը թույլ չի տալիս գործել, Գարեգին Նուշիկյանը պատասխանեց. «Դե, չի ցանկանում, ինչ ասեմ: Եթե երկիրն ունի ուժեղ ընդդիմություն, դա միայն լավին է բերում: Ես չեմ կարծում, որ ունենք ուժեղ ընդդիմություն: Բայց այդպիսի բան չկա, թե քաղաքական մեծամասնությունը թույլ չի տալիս ընդդիմությանը գործել: Մենք համատեղ արած գործեր ունենք, օրինակ` գազի հանձնաժողովում, մեկ տարի է` այն գործում է: Կամ, ասենք, «Նաիրիտ»-ի հարցը: Այնպես որ` էդպես չի, որ Հանրապետականը չի ուզում գործ անել, եթե խելամիտ առաջարկ է և օգուտ է երկրին, Հանրապետականը ո՞նց կարող է հրաժարվել»:

 

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի փոխադարձ ակնարկները հանրահավաքային պայքարի մարտավարության վերաբերյալ, պատգամավորը պատասխանեց. «Դա իրենց ներքին խոհանոցն է, և լիդերներն ավելի շուտ են իրար ճանաչում, թե ինչ են անում, ոնց են անում»:

 

Հանրապետական մեկ այլ պատգամավոր Կարեն Ավագյանը, խոսելով հանրահավաքային պայքարի մարտավարության վերաբերյալ ՀԱԿ-ԲՀԿ տարաձայնությունների մասին, պատասխանեց. «Դա մեզ չի վերաբերում, ինչպես և մեզ չէին վերաբերում նրանց բոլոր մյուս հայտարարությունները: Մեր ականջին դա չի հասնում, որովհետև նրանց ասածների պահանջը մեր երկրում չկա»:

 

Կարեն Ավագյանի համոզմամբ` ԲՀԿ-ն երբեք չի հավակնել դառնալ ընդդիմություն: