Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:
ՀՀ Սահմանադրություն, հոդված 23
Անձնական տվյալների պաշտպանությունը՝ հարցականի տակ
Պուշկինի փողոցում գտնվող սպա-կենտրոնից զանգահարում են կանանց բջջային հեռախոսահամարներին ու հրավիրում` զեղչված գներով իրենց ծառայություններից օգտվելու: «Մի քանի օր առաջ մի կին զանգեց, հարցրեց` Անահիտի հե՞տ է խոսում, ասացի` այո, ես եմ: Ներկայացավ, որ Ռուզաննան է` սպա կենտրոնի աշխատակից: Հարցիս, թե որտեղի՞ց գիտի անունս, ասաց, թե ինչ-որ մեկն է ինձ «ռեկոմենդացիա» արել, իսկ թե ո՞վ, չասաց: Թե որտեղի՞ց էր իմացել հեռախոսիս համարը, այդպես էլ ինձ համար անհայտ մնաց»,- yerkir.am-ի հետ զրույցում պատմեց Երևանի բնակչուհի Անահիտ Ստեփանյանը:
Ի դեպ, նա Երևանում բնակվող միակ կինը չէ, որին զանգահարել և իրենց ծառայություններն են առաջարկել: Ոչ էլ սպա-կենտրոնն է միակը: Հաճախորդներ ձեռք բերելու նմանօրինակ փորձով հայտնի են նաև քաղաքում գործող մի շարք խանութներ, գործակալություններ:
Մի՞թե այսօր Հայաստանում այդքան դյուրին է ձեռք բերել ինչ-որ մեկի տվյալներն ու դրանք ծառայեցնել սեփական շահերին: Այսօր շատերս գրեթե ամեն օր մեր տվյալները պատեհ-անպատեհ շռայլում ենք ամենուր: Հաճախ, առանց նպատակի էությունն ընկալելու, մեր վերաբերյալ տեղեկությունների «փաթեթ» ենք տրամադրում պետական կառույցներին, բանկերին, բուժհաստատություններին, նույնիսկ՝ աղբահանության համար գումար հավաքող` համատիրության ղեկավարին: Մարդը կոչված է ինքնուրույն տնօրինելու սեփական կյանքը, հետաբար, հենց ինքն էլ գծում է իր անձնական տվյալների գաղտնիության սահմանը, որոշում` ինչը կարող է լինել հանրամատչելի, ինչը՝ ոչ: Ո՞վ է խախտում այս սահմանը, ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով, և ի վերջո, ո՞վ է պաշտպանելու մեր` բոլորիս, անձնական տվյալները:
12-ամյա անպիտան օրենքը
Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Սա ոլորտի թերևս մայր կարգավորումն է`ամրագրված ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով: Ներկայումս անձնական տվյալները մշակելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, այլ օրենքներով, ինչպես նաև բուն՝ «Անհատական տվյալների մասին»` 2002 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՀ օրենքով: Հիշյալ օրենքի համաձայն` անհատական տվյալ է համարվում նյութական կրիչի վրա գրավոր կամ այլ կերպ ամրագրված` ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տվյալ, որը թույլ է տալիս նույնականացնել անհատի ինքնությունը: Թեեւ օրենքը սահմանում է որոշակի իրավական կարգավորման մեխանիզմներ, սակայն այն լիովին չի համապատասխանում ժամանակակից եվրոպական չափանիշներին, մասնավորապես` Եվրամիության` 1981 թվականի հունվարի 28-ի` «Անհատական տվյալների ավտոմատացված մշակման ընթացքում ֆիզիկական անձանց պաշտպանության մասին» կոնվենցիային:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի խոսքով` գործող օրենքը հնացած է: «Այսօրվա կարգավորումները լիարժեք չեն հենց անձնական տվյալների և անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, օրենքով սահմանված չեն իրավունքի պաշտպանության ձևերը, այսինքն` չկան այն կետերը, թե ինչպես մարդը կարող է պաշտպանվել, երբ անձնական տվյալներին վերաբերող խնդիրների է առնչվում»,- ասում է նա:
«Մենք 10 տարի ունեցել ենք օրենք, որը կարելի է ասել չի գործել»,- yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Նելլի Մանանդյանը: Ըստ նրա` օրենքն ընդհանրական է և զուրկ պետական ապահովվածությունից, քանի որ չունի անհատական տվյալների ոչ իրավաչափ մշակումը կանխող ու պատժող նորմեր: Նկատենք, որ օրենքում հստակեցված չեն նաև անհատական տվյալների սուբյեկտների և մշակողների փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, բացակայում են հսկողություն իրականացնող մարմինը, օտար երկրներ անհատական տվյալներ փոխանցելու մեխանիզմները և այլն:
Ի՞նչ ուղի է անցել և ի՞նչ ճանապարհ ունի անցնելու նոր օրենքը
Հայաստանը «Անհատական տվյալների ավտոմատացված մշակման ընթացքում ֆիզիկական անձանց պաշտպանության մասին» կոնվենցիայով ստանձնած պարտավորություններն ապահովելու նպատակով պարտավորվել էր 2014-ի ընթացքում մշակել անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի նոր նախագիծ: ՀՀ կառավարության 2014 թ. հունվարի 9-ի թիվ 10-Ն որոշմամբ` ծրագրի իրականացումը հանձնարարվեց ՀՀ ոստիկանությանը: Հիշյալ գերատեսչությունը պարտավոր էր մինչև 2014 թ. մայիսի առաջին տասնօրյակն օրենքի նախագիծը ներկայացնել կառավարություն, ինչը և սահմանված ժամկետում իրականացվեց: Սակայն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների շրջանակներում, կառավարության մեկ այլ որոշմամբ, օրենքի նախագծի մշակումը հանձնարարվեց ՀՀ արդարադատության նախարարությանը: Օգոստոսին օրենքի նոր` լրամշակված տարբերակն արդեն պատրաստ էր և կառավարության հավանությունից հետո այն ուղարկվեց Ազգային ժողով: Նախագծի համաձայն՝ օրենքն ուժի մեջ պետք է մտնի 2015 թվականի հունվարի 1-ից: Ի դեպ, ՀՀ կառավարության կողմից այն ճանաչվել է անհետաձգելի:
Արդարադատության փոխնախարարի կարծիքով` օրենքի կարգավորումները վաղուց պետք է լինեին: «Տեխնոլոգիաների արագ զարգացումը հանգեցնում է նրան, որ օրենքը ժամանակ առ ժամանակ վերանայվի: Եվրոպական դիրեկտիվների հիմնարար չափանիշների կարգավորումներն այսօր նույնպես վերանայվում են»,- ասում է նա:
Նախագծի վերաբերյալ 43 կետից բաղկացած առաջարկություններ ու դիտարկումներ է ներկայացրել ոստիկանությունը, որոնք, սակայն, հիմնականում վերաբերում են նախագծի իրավական տեխնիկային: «Օրենքը շատ արդիական է, քանի որ այն կարող է ցանկացածիս վերաբերվել, այն մեր՝ քաղաքացիներիս, անձնական կյանքի սահմանադրական իրավունքի իրացման մասին է»,- ասում է Ն. Մանանդյանը:
Օրինագծի վերաբերյալ մի քանի առաջարկություններ էլ ներկայացրել է «ԱրմենՏել» ընկերությունը՝ կապված անձնական տվյալների մշակման ընթացակարգի հետ: Հեռախոսակապի ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով մարդկանց անձնական տվյալներ մշակող ընկերության պատասխանատուները ողջունում են նմանօրինակ նախագծի ստեղծումը: «Նոր օրենքը բավականին բարդ է, իրականում այն մեծ քայլ է դեպի առաջ»,- մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց «ԱրմենՏել» ընկերության իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը:
Օրինագծի խնդրահարույց կետերի վրա ուշադրություն է հրավիրել նաև «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն, որը նույնպես մի շարք դիտարկումներ է ներկայացրել՝ հարցին նայելով հիմնականում մարդկանց` տեղեկատվության ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակման տեսանկյունից:
Փոխնախարար Արսեն Մկրտչյանը հավաստիացնում է, որ իրենք պատրաստակամ են լսել և քննարկել օրենքին վերաբերող ցանկացած առաջարկ և դիտողություն: Ըստ նրա՝ կարևոր է, որ օրենքը քննարկվի և լուսաբանվի հենց նախագծային փուլում, որպեսզի վերջնական տարբերակի ընդունումից հետո չհստակեցված և անհասկանալի դրույթներ չլինեն, չէ՞ որ, ի վերջո, այս օրենքը բոլորիս համար է: «Ժամանակն է կենտրոնանալ մարդու վրա»,- ասում է նա:
Ոչ թե անհատական տվյալ, այլ անձնական
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով կարգավորվում են անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները: Նոր օրենքում «անհատական տվյալ»-ը փախարինվել է «անձնական տվյալ» համարժեք տերմինով: Անձնական տվյալ է համարվում ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը հնարավորություն է տալիս ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնելու անձի ինքնությունը: Անձնական տվյալ են, օրինակ, մարդու անուն-ազգանունը, ծննդյան տարեթիվը, արտաքին տվյալները, բնակության վայրը, ունեցվածքի վերաբերյալ տեղեկությունները և այլն: Տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում կարող է սահմանվել անձնական տվյալների հանրամատչելի տեղեկատվության ռեժիմ: Համաձայն օրենքի՝ հանրամատչելի են անձի անունը, ազգանունը, ծննդյան օրը, վայրը, հաշվառման վայրը, մահվան վայրը, ամսաթիվը: Նշենք, որ եթե օրենքով տվյալը ճանաչվել է հանրամատչելի, քաղաքացին չի կարող պահանջել մշակողից այն հեռացնել կամ ոչնչացնել:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով` հաշվառման վայրը հանրամատչելի դարձնելը, այսինքն` պաշտպանության ենթակա տվյալ չհամարելն անհասկանալի և կասկածելի դրույթ է: «Ըստ իս՝ դա այն շեմն է, որտեղից սկսվում է մարդու անձնական կյանքը: Հանրության համար ինչո՞վ է կարևոր այդ տվյալը»,- ասում է նա:
Նույն կարծիքին է նաև իրավաբան Դավիթ Սանդուխչյանը: «Ինչո՞ւ պետք է հանրությանը հետաքրքրի, թե ես որտեղ եմ բնակվում»,-ասում է նա:
Ի դեպ, Հայաստանում շատերի հաշվառման վայրը չի համապատասխանում բնակության վայրին, և եթե, օրինակ, հիշյալ տվյալն ունեցող քաղաքացին ցանկանա գտնել իրեն հետաքրքրող անձի հասցեն, որևէ երաշխիք չկա, որ կհաջողի:
Սակայն շատ փաստաբաններ (հիմնականում` վարչական գործերով) ողջունում են հանրամատչելի տվյալների հստակեցումն ու դրանց սահմանումն օրենքում: Փաստաբան Կարեն Մեջլումյանը, ով իր աշխատանքային գործունեության ընթացքում հաճախ է բախվում պետական մարմիններից վերը թվարկված հանրամատչելի տվյալները ստանալու խնդրին, խոստովանում է. «Շատ են եղել դեպքեր, երբ պետական մարմինները հրաժարվել են տրամադրել անգամ մարդկանց անուն-ազգանունները՝ հղում կատարելով գործող օրենքին: Մեծ ջանքեր ենք գործադրում, մինչև դատարանը պարտավորեցնում է կողմին` տրամադրել մեզ անհրաժեշտ տվյալները, այն էլ՝ շատ դեպքերում ՝ ոչ լիարժեք»:
Նշենք, որ «Անհատական տվյալների պաշտպանության մասին» օրենքում հիշյալ դրույթը ևս հստակեցված չէ: Օրենքը (նախագիծը) սահմանում է` անձնական տվյալներ մշակողը (օրինակ՝ պետությունը) պարտավոր է հետևել և ապահովել, որ տվյալները մշակվեն օրենքի պահանջների պահպանմամբ՝ օրինական և որոշակի նպատակներով: Օրինակ` բջջային օպերատորը, որ հավաքում և մշակում է մեր անձնական տվյալները (հեռախոսաքարտը գրանցում է մեր անունով), այն պահից սկսած, երբ դադարում ենք օգտվել տվյալ ընկերության ծառայություններից, այսինքն` լինել նրանց բաժանորդը, պարտավոր է ոչնչացնել մեզ վերաբերող տեղեկությունները, քանի որ վերացել է այն պահպանելու նպատակը: «Եթե մեր բաժանորդն է, ապա նրա անձնական տվյալները պաշտպանվում են, եթե դադարում է լինել՝ ոչնչացվում»,- բացատրում է «ԱրմենՏելի» իրավաբանը:
Ի դեպ, նոր օրինագծով սահմանափակվում է պետական մարմինների (և ոչ միայն) կողմից անձից ավելի տեղեկություններ պահանջելու հնարավորությունը: Նշենք, որ 2002-ին ընդունված օրենքում նման արգելք սահմանված չէ: «Օրենքի ընդունումից հետո այս սկզբունքն ուժի մեջ կմտնի տեսանելի ապագայում: 2019-ից պետական մարմինները մեզանից չեն հարցնի մեր բոլոր անձնական տվյալները, դիմումում կնշենք նվազագույնը, ինչն անհրաժեշտ է»,- ասում է Ա. Մկրտչյանը:
Սակայն պետք է գիտակցել, որ օրենքի հիշյալ դրույթն արդյունավետ կգործի միայն այն պարագայում, երբ մենք՝ քաղաքացիներս, հետևողական և աչալուրջ գտնվենք, այսինքն` մեզնից ավելի տեղեկություններ պահանջելու դեպքերում բարձրաձայնենք մեր իրավունքների մասին և մեզ վերաբերող, սակայն մշակման համար ոչ պիտանի տեղեկությունները «սկուտեղով չմատուցենք» դիմացինին: Չէ՞ որ օրերից մի օր էլ հնարավոր է` ինտերնետում տեղեկություններ հայտնաբերենք մեր անձնական տվյալների մասին: Գոնե այդ ժամանակ մեր զարմանքը տեղին կլինի, իսկ դրանք հավաքողին կամ մշակողին պատասխանատվության ենթարկելու նպատակը՝ արդարացված:
Անդրադառնանք նաև գործող օրենքում բացակայող, սակայն ԱԺ ներկայացված նախագծում առկա կարևոր դրույթներից մեկին: 27-րդ հոդված. այստեղ հանգամանորեն ներկայացված են անձնական տվյալներն այլ պետությունների փոխանցելու կարգը, պայմանները, վերահսկողական մեխանիզմները: «Անձնական տվյալները Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն կարող է փոխանցվել ՀՀ-ի միջազգային պայմանագրով կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ միայն տվյալների պաշտպանության բավարար մակարդակ ապահովելով»,- ամրագրված է օրենքում:
Սակայն պարզվում է` այս առումով Հայաստանը դեռևս լուրջ անելիքներ ունի: «Մեր երկիրը տվյալների պաշտպանության տեսանկյունից վստահելի չի համարվում»,- արձանագրում է նախարարի առաջին տեղակալն ու առաջարկում` նախ իրավական կարգավորումներով հավասարվել բոլորին, հետո նոր կարգավորել ընթացակարգը:
Լիազոր մարմի՞ն, թե՞ օմբուդսմեն. ո՞վ է պաշտպանելու մեր անձնական տվյալները
Նոր օրենքի նախագիծը բավականաչափ լիարժեք և կենսունակ չէր լինի, եթե անձնական տվյալները պաշտպանող մարմնի մասին դրույթ չպարունակեր: Ի վերջո, ո՞ւմ են պետք վերը թվարկված կարգավորումները, եթե դրանք անհրաժեշտ մակարդակով չեն պաշտպանելու օրենքի գլխավոր հերոսին` մարդուն, մանավանդ` մեր աչքի առաջ ունենք գործող օրենքի՝ գրեթե ոչինչ չասող 10 տարվա փորձը:
Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմին` այսպես է կոչվում արտադատական կարգով անձնական տվյալներին վերաբերող վեճերը լուծող մարմինը: Օրենքի ընդունումից հետո մարդիկ կարող են մշակողին դիմել և պահանջել անձնական տվյալների վերացում կամ ոչնչացում, իսկ արդյունքի չհասնելու դեպքում՝ դիմել մարմնին: Իսկ լիազոր մարմինը պետք է հոգ տանի անձնական տվյալների պաշտպանության մասին՝ համապատասխան դիմումի առկայության և դրա համապատասխանությունը ստուգելուց հետո քննի այն, կայացնի որոշումներ (օրինակ՝ արգելի կամ կասեցնի տվյալների մշակումը, պարտադրի ոչնչացնել տվյալները և այլն), դրանք պարտավորեցնելու պահանջով դիմի դատարան, անհրաժեշտության դեպքում պատասխանատվության ենթարկի և այլն:
Կալա՞նք, թե՞ տուգանք. ինչպես պատժել օրինախախտ մշակողին
Անձնական տվյալների մասին օրենքի խախտումը մեր երկրում նախատեսում է միայն վարչական պատասխանատվություն: Պատիժները տուգանքի տեսքով են` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, եթե, իհարկե, տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ:
Ի դեպ, անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենսդրություն ունեցող գրեթե բոլոր երկրներում նախատեսված է նույն՝ վարչական պատասխանատվությունը: Սակայն, որոշ մարդկանց կարծիքով, սահմանված պատիժները մեղմ են: Այս առումով համեմատաբար կոշտ դիրքորոշում ուներ ՀՀ ոստիկանությունը, որն օրինագծի նախնական տարբերակում, բացի վարչական պատասխանատվությունից, առաջարկել էր սահմանել նաև քրեական և կարգապահական պատասխանատվություն՝ կախված հասցված վնասի կամ կատարված հանցանքի վտանգավորության աստիճանից:
Սակայն Ա. Մկրտչյանի խոսքով՝ տվյալների պաշտպանության մեխանիզմը ոչ թե մշակողին պատժելն է, այլ տվյալների պաշտպանության անհրաժեշտ պայմաններ ապահովելը, ավելին` նախագծի համաձայն՝ վարչական պատասխանատվության վերաբերյալ օրենքի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2016 թ. հունվարի 1-ից: Պատժիչ-պաշտպանիչ մեխանիզմները մեկ տարի ուշ գործի դնելը, ըստ Ա. Մկրտչյանի, հատուկ է նախատեսված: «Մարմին-մշակող հարաբերություններն առաջին անգամ են մտնում կյանք, այդ մշակույթը ձևավորելու համար ժամանակ է հարկավոր»,- պարզաբանում է նա:
Դեռևս գոյություն չունեցող մարմնի անկախությունը` կասկածի տակ
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ին խիստ մտահոգում է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ինստիտուտի անկախության հարցը: Բանն այն է, որ, նախագծի համաձայն, լիազոր մարմինը գործելու է պետության, մասնավորապես` արդարադատության նախարարության կազմում: Լիազոր մարմնի ղեկավարը նշանակվելու է 5 տարի ժամկետով՝ ՀՀ վարչապետի կողմից, ՀՀ արդարադատության նախարարի ներկայացմամբ` իրավապաշտպան գործունեություն իրականացնող առնվազն հինգ ՀԿ-ների համատեղ առաջարկությունների հիման վրա: Այսինքն, ըստ ԻԱԿ-ի, մի մարմին, որը ֆինանսապես և քաղաքականապես անկախ չէ, չի կարող արդյունավետ և անկողմնակալ գործունեություն ծավալել:
Հարցի վերաբերյալ կարծիքները բազմաթիվ են: Մինչ դրանցից մի քանիսը ներկայացնելը, հղում կատարենք միջազգային փորձին: Շատ առաջադեմ երկրներում, օրինակ` Գերմանիայում, լիազոր մարմինը սկզբնական փուլում գործել է պետության, մասնավորապես` ոստիկանության համակարգում, հետո առանձնացել է և կոչվել անկախ հանձնաժողով ՝ շարունակելով ֆինանսավորվել պետության կողմից: Ի դեպ, Եվրամիության դատարանի (Court of Justice of the European Union) եզրակացությամբ` Գերմանիայի անձնական տվյալների պաշտպանության դաշնային հանձնաժողովն անկախ մարմին չի ճանաչվել, պատճառաբանվել է, որ այն ֆինանսական կախվածության մեջ է պետությունից:
Այս ոլորտում լուրջ առաջընթաց և օրինակելի փորձ ունի Էստոնիան: Այնտեղ արդարադատության նախարարության կազմում գործում է միասնական՝ տեղեկատվական և անձնական տվյալների պաշտպանության տեսչություն: Միասնական մարմին ստեղծելու կողմնակից է նաև ԻԱԿ-ը, որն առաջարկում է մեր երկրում ստեղծել տեղեկատվության ազատության եւ անձնական տվյալների պաշտպանության հանձնակատարի ինստիտուտ: ՀԿ-ի ներկայացուցիչների կարծիքով՝ այն արդյունավետ կլինի նաեւ պետական ռեսուրսների կառավարման տեսանկյունից:
Լատվիայի փորձն ուսումնասիրելիս պարզեցինք, որ շատ նմանություններ կան այս ոլորտի վերաբերյալ մեր երկրում նախատեսվող և նրանց մոտ գործող օրենքների միջև: Նշենք, որ լիազոր մարմնի ինստիտուտն Էստոնիայում և Լատվիայում նույնն է՝ գործում է պետության կազմում:
Կան երկրներ, որտեղ այդ մարմինը հաշվետու է ոչ թե պետությանը, այլ հասարակությանը, օրինակ` ԱՄՆ-ում:
Ա. Մկրտչյանի կարծիքով` այս փուլում, օրենքի կարգավորման առումով, կոնկրետ երկրի փորձ վերցնելը շատ բարդ էր, բացի այդ` նման ծավալի կարգավորում ունենալու տեսանկյունից մեծ էր իրավաբանական ռիսկը: «Այս ինստիտուտը պետք է քայլերով մտնի, որպեսզի ճիշտ ընկալվի հասարակության կողմից»,- ասում է նա:
Նելլի Մանանդյանի կարծիքով` անկախ մարմին ստեղծելու համար պետք է նախադրյալներ լինեն: «Ավելի լավ է սկսել պետական մարմնի կազմում՝ պետության աջակցությամբ, հետո, երբ ամեն ինչ հունի մեջ ընկնի, մտածել անկախ մարմնի մասին»,- նշում է ոստիկանության փոխգնդապետը:
Բաղրամյան 19` ահա այս հասցեում մինչև տարեվերջ օրենդիրը կորոշի` նախագիծը օրենք դարձնե՞լ, թե՞ ոչ: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա քառօրյայում: Մինչ այդ մեր վերաբերյալ տեղեկությունները կշարունակեն անարգել «ճախրել» համացանցում եւ այլուր ու ինչ-որ պահի դառնալ ինչ-որ մեկի սեփականությունը:
Հիշեք` ինֆորմացիան էներգիա է, որը հոսելու հատկություն ունի:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ