Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Ծաղկաձորում մեկնարկած` հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի կարիքների գնահատման հետազոտության քննարկմանը նվիրված աշխատաժողովին: Այն կազմակերպել է ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում:
Բացման խոսքում Մկրտչյանը շեշտել է, որ կրթության ոլորտում ցանկացած հետազոտություն պետք է նպաստի համակարգում որակական փոփոխությունների ապահովմանը:
«Կրթական համակարգի բարեփոխումները, որոնք սկսվել են անկախության 10-րդ տարվանից և շարունակվում են առ այսօր, երկու կարևոր նպատակի են միտված՝ որակի և համապատասխանության ապահովմանը: Սա նշանակում է նախ, որ մեր կրթական համակարգն իր ձևով պետք է համապատասխանի եվրոպական և առաջադեմ միջազգային կրթական չափանիշներին՝ ընդունելի և ընթեռնելի լինի միջազգային կրթական ընդհանուր համակարգի մեջ: Երկրորդ, որն առավել կարևոր բաղաղրիչ է, կրթության որակի խնդիրն է: Այսինքն, եթե մենք ձևը ներմուծում ենք՝ դրա մեջ չդնելով որակ, մեր աշխատանքը կորցնում է իր հիմնական նպատակը: Որակի և համապատասխանության հավասարակշռության խնդիրը մեր հիմնական ուղենիշն է լինելու»,-ասել է նախարարը:
Ըստ նրա` այն փուլում, երբ մենք ներմուծում էինք համակարգեր, որոնք նորամուծություն էին մեզ համար՝ սկսած դասագրքերից, տեխնիկական ապահովման բաղադրիչներից և կրթական չափորոշիչներից, ձևը դարձավ գերակա:
«Մենք Հայաստանի Հանրապետությունում չունեինք համապատասխան փորձ, անկախ պետության կրթական կարիքներին բնորոշ օրենսդրություն, որը փորձեցինք ստանալ խորհրդային և միջազգային օրենսդրության միախառնմամբ, սրան գումարած նաև վատ էր դպրոցների տեխնիկական վիճակը, քիչ էր ֆինանսավորումը: Այս տարիների ընթացքում փորձել ենք այս հարցերին լուծում գտնել, բայց նաև նշված գործոններով պայմանավորված՝ սկզբնական փուլում մենք ունեցանք բովանդակային կորուստներ: Բայց հիմա մենք արդեն հասել ենք մի փուլի, երբ բարեփոխումների կառուցվածքը՝ հիմնական կմախքը, արդեն կա, ու եթե չկարողանաք դրա մեջ լուրջ բովանդակություն դնել, մենք կարող ենք կորցնել կրթական ազգային համակարգը»,- նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ կրթական բարեփոխումների ու որակի խնդիրը պետք է դիտարկել ամբողջական շղթայի մեջ: