կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-05 13:51
Տարածաշրջան

Ի՞նչ են հասկանում Թուրքիայում՝ «Հայոց ցեղասպանության ճանաչում և փոխհատուցում» ասելով. թուրք լրագրող

Ի՞նչ են հասկանում Թուրքիայում՝ «Հայոց ցեղասպանության ճանաչում և փոխհատուցում» ասելով. թուրք լրագրող

Թուրք լրագրող Բուրչին Գերչեքը «Թուրքիայում ի՞նչ են հասկանում`«Հայոց ցեղասպանության ճանաչում» ասելով» վերնագրով հոդված է հրապարակել Repairfuture կայքում:


Ստորև կրճատումներով ներկայացնում ենք հոդվածը:

 

Թուրքիայի հասարակության ներսում 1915 թվականի դեպքերի մասին պատկերացումների փոփոխությանն ուղղված նախաձեռնությունները` թե ինչպես կարելի է 100 տարի անց արդարությունը վերականգնել, դեռ կյանքի չեն կոչվել:

 

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ Թուրքիայում քաղաքացիական հասարակության և պետության վերաբերմունքը անգամ «ցեղասպանություն» բառն արտասանելու նկատմամբ շատ տարբեր է այն ժամանակներից, երբ այն տաբու էր: Թուրքիայի տարբեր շերտերում Ցեղասպանությունը «ճանաչելու» հասկացությանը տարբեր իմաստներ են տալիս, որը խիստ տարբերվում է Հայաստանի կամ հայկական սփյուռքի պատկերացրածից:

 

Հասարակության գիտակցությունն ու 1915 թվականին առերեսվելը

 

Այն տարիներին, երբ Թուրքիայում Հայոց ցեղասպանության տաբուի վերացմանն ուղղված փորձերը սահմանափակվում էին Թաներ Աքչամի և Ռագըփ Զարաքօլուի աշխատություններով, Թուրքիայում մի շարք մտավորականների առաջնահերթությունը 1915 թվականի մասին տարիներ շարունակ խավարի մեջ մնացած հանրությանն իրազեկելն էր: Այդ ժամանակ «ճանաչումը» վերաբերում էր պաշտոնապես ճանաչմանը, այլ ոչ թե փոխհատուցմանը՝ հակառակ այսօրվա օրակարգին:

 

Այդ հարցում փոքր-ինչ տարբեր մոտեցում էր ցուցաբերում Հրանտ Դինքը, ով հավատում էր, որ հանրությանը իրազեկելու համար պետք է «նոր լեզու» կիրառել և չէր խուսափում «Ցեղասպանություն» բառն արտասանելուց: Նա հրաժարվում էր նաև կենտրոնանալ Թուրքիայի կամ մեկ այլ երկրի կողմից «Ցեղասպանությունը ճանաչելու» խնդրի վրա: 2004 թվականին Nokta ամսագրին տված հարցազրույցում Դինքն ասել էր. «Ձեր պատմությունը հավաստի է լինելու թուրքերի ճանաչմա՞մբ: Ես կասկած չունեմ իմ պատմությունից: Ես խնդիր չունեմ Ցեղասպանության ճանաչվել-չճանաչվելու հարցում: Դա մարդու իրավունքների տեսանկյունից է հարց՝ խղճի հարց: Ես լավ գիտեմ պատմության ընթացքում մեր գլխին եկածը»:

 

2007 թվականին Դինքի սպանությունից հետո 1915 թվականն ու Ցեղասպանությունը ճանաչելու հարցն այլ ճանապարհով սկսեց ընթանալ: 2007 թվականի մարտ ամսին հիմնվեց «Ասա` ոչ ռասիզմին և ազգայնամոլությանը» նախաձեռնությունը: Դրանից երեք տարի անց այդ նախաձեռնությունը Թաքսիմի հրապարակում ապրիլի 24-ի հիշատակի օր էր կազմակերպելու: Մինչ այդ Ալի Բայրամօղլուի, Ջենգիզ Աքթարի և Ահմեդ Ինսանի կողմից նախաձեռնված և շատ այլ մտավորականների աջակցությունը վայելող «Ներողություն եմ խնդրում» ստորագրահավաքն էր կյանքի կոչվել: Այդ ստորագրահավաքը, որը մեծ աղմուկ  բարձրացրեց Թուրքիայում, հանրությանը տեղեկացնելու առաքելություն էր դրել իր առջեւ: Սակայն որպես բովանդակություն էր ընտրվել «զգացմունքներ և ցավ» բեռը և չէր պարունակում պետությանն այդ ուղղությամբ քայլ կատարելու կոչ անող նախադասություն:

 

Պետությունից Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող կազմակերպությունների շարքերը համալրեցին նաև քրդական կուսակցությունները:

 

Փոխհատուցման հարցը 2011 թվականից բարձրացրել է Մարդու իրավունքների միությունը: Թաներ Աքչամը, Ումիթ Քուրթը, Մեհմեթ Փոլաթելը, Սաիթ Չեթինօղլուն և Նևզաթ Օնարանն այն հատուկենտ հետազոտողներից են, ովքեր խոսում են Ցեղասպանության ժամանակ և հետո հայերի ունեցվածքի բռնագրավման մասին։

 

Պետության կողմից, փոխհատուցման առումով, միակ առաջարկը եղել է Ցեղասպանության զոհերի ժառանգներին քաղաքացիություն և երկիր վերադառնալու իրավունք տրամադրելը:

 

2014 թվականի ապրիլի 24-ին մի շարք կազմակերպությունների կազմակերպած միջոցառման ժամանակ փոխհատուցման վերաբերյալ ավելի հստակ ձևակերպումներ էին տրվել` պահանջում էին վերջ տալ Ցեղասպանության ժխտմանն ու ներողություն խնդրել, վերադարձնել տուժածների քաղաքացիական իրավունքները, ինչպես նաև նրանցից բռնազավթված ունեցվածքը կամ փոխհատուցել:

 

Առաջարկվում էր Ցեղասպանությունն իրագործողների անունները վերացնել դպրոցների, փողոցների, հրապարակների ու պողոտաների վրայից և հանրային կառույցներն անվանակոչել ի հիշատակ Ցեղասպանության զոհերի: Վերացնել Ցեղասպանության մասին ապատեղեկատվությունն ու դրա ժխտումը համարել հանցագործություն:

 

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի