կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-24 13:55
Տարածաշրջան

«Նոր Զարթոնք»-ի պահանջը` Թուրքիայից` ճանաչում, ներողություն, փոխհատուցում

«Նոր Զարթոնք»-ի պահանջը` Թուրքիայից` ճանաչում, ներողություն, փոխհատուցում

Թուրքիայում գործող հայկական «Նոր Զարթոնք» հասարակական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ և Թուրքիայի կառավարության ուղղված պահանջներով:

Թուրքական Evrensel.net լրատվակայքի տեղեկացմամբ՝ կազմակերպության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ցեղասպանություն հանցագործության վերջին օղակը և հանցանքի շարունակականության ամենակարևոր դրսևորումը ցեղասպանության հերքումն է: Իր ողջ ունեցվածքն ու գոյությունը մարդկության դեմ գործված այս հանցանքի վրա կառուցած Թուրքիայի Հանրապետությունը վճռականորեն շարունակում է ոչնչացման, հերքման և ձուլման քաղաքականություն վարել: Այսօր ստեղծված իրավիճակում կոպիտ ժխտողական քաղաքականությանը փոխարինելու է գալիս մի նոր ժխտողական քաղաքականություն, որի շրջանակներում փորձ է արվում ցեղասպանությունը մոռացության տալ «ցավակցության» անվան տակ»:

«Նոր Զարթոնք»-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ նախորդ տարիներին Թուրքիայում Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ կազմակերպված միջոցառումները մեծ կարևորություն ունեն՝ երկրում ապրող տարբեր ազգերի միջև  հուզական կապ հաստատելու և համատեղ պայքար մղել սովորելու տեսակետից: Սակայն, նրանց կարծիքով, այս միջոցառումները չպետք է վերածվեն «խղճի անհատական ինքնամաքրման» գործընթացի:

«Մենք ոչ թե խղճահարություն ենք ուզում, այլ՝ արդարություն: Պետությունը պետք է առերեսվի մարդկության դեմ գործած բոլոր այն հանցագործությունների հետ, որոնց վրա կառուցվել է,  և հատկապես՝ Հայոց ցեղասպանության հետ», - ասված է հայտարարությունում:

Հայկական կազմակերպությունը նաև ներկայացրել է իր պահանջները ՝ ուղղված Թուրքիայի կառավարությանը: Դրանք են`

- Ընդունել,որ տեղի ունեցածը ցեղասպանություն է, և ներողություն խնդրել:

- Սփյուռքի այն հայերին, ովքեր սերում են այս հողերից, առանց  որևէ պայմանի քաղաքացիություն շնորհել:

- Թուրքիան պետք է  առանց նախապայմանների բացի հայ-թուրքական սահմանը, որը միակողմանիորեն փակել է:

- Մամուլում և դասագրքերում ցեղասպանագործների  մատնանշում , հերքման քաղաքականությունը շարունակողների մատնանշում և նրանց հետ ամեն տեսակ համագործակցության դադարեցում:

- Վերանորոգել և վերադարձնել հայերին պատկանող դպրոցների, հիվանդանոցների, եկեղեցիների և նմանատիպ այլ հասարակական կառույցները:

- Հետաքննել Թուրքիայի բուրժուազիայի՝ 1915թ. հետո կուտակած ունեցվածքը և փոխհատուցել ցեղասպանության ենթարկվածների կրած վնասները:

- Լուծարել Ցեղասպանության հերքման քարոզչության համար հիմնված բոլոր կազմակերպությունները և պետության կողմից ժխտման քաղաքականության շրջանակներում ծախսվող բյուջեն տրամադրել առերեսման նպատակին:

- Ճանաչել Թուրքիայի բոլոր ժողովուրդների հավաքական իրավունքները և ապահովել այդ ժողովուրդների՝ համատեղ ու խաղաղ ապրելու համար անհրաժեշտ պայմանները:

Նաև նշվում է, որ միայն այս պահանջների իրագործման համար մղվող պայքարը կարող է կանխարգելել մերօրյա նոր ցեղասպանությունները: