կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-22 17:46
Առանց Կատեգորիա

Սերժ Սարգսյանը որքա՞ն կսեղմի օղակը Հովիկ Աբրահամյանի պարանոցին

Սերժ Սարգսյանը որքա՞ն կսեղմի օղակը Հովիկ Աբրահամյանի պարանոցին

Փոխվարչապետի և տարածքային կառավարման նախարարի պաշտոններից Արմեն Գևորգյանի հրաժարական տալուց հետո անցել է մեկ շաբաթ, սակայն այդ պաշտոններում նոր նշանակումներ չեն կատարվում:

 

Շատ վաղուց արդեն պետական կառավարման համակարգը գործում է զուտ իներցիայով` ընդամենը օրվա պարտականությունները կատարելու շրջանակում: Եվ դա, զուտ տարածքային կառավարման ոլորտային քաղաքականության իրականացման առումով, բացարձակապես երկրորդական է դարձնում հարցը, թե այդ նշանակումը երբ կլինի:

 

Բայց նշանակման հարցը ակտուալ է դառնում ներիշխանական և ներհամակարգային վերադասավորումների առումով, ինչն էլ պայմանավորվելու է ապագա իշխանության ձևավորման համար մղվող ներկայիս պայքարի բնույթով: Արմեն Գևորգյանի հրաժարականը ոչ միայն բնական և օրինաչափ էր իրերի ներկայիս վերադասավորումների, այլև բուն կառավարության ներսում տեղի ունեցող ծանրության կենտրոնների ակնհայտ փոփոխությունների պատճառով:

 

Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին նշանակելով` սկսվեց գործադիր իշխանությունը օլիգարխիային հանձնելու պրոցեսը, որը միս ու արյուն ստացավ նախ հարկային ու մաքսային ծառայությունները ֆինանսների նախարարության մեջ ներառելու և Հայաստանի խոշորագույն օլիգարխներից մեկին` Գագիկ Խաչատրյանին այդ սուպերնախարարության ղեկը հանձնելով, ապա նաև այնպիսի օդիոզ կերպարին, ինչպիսին Սուրիկ Խաչատրյանն էր, կրկին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելով:

 

Այս վերադասավորումների համատեքստում փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող, վարչարար Արմեն Գևորգյանը հայտնվում էր սպիտակ ագռավի դերում, ով հասկանում էր, որ գործադիրում ունեցած իր` երկրորդի կարգավիճակն այլևս զուտ ձևական, ֆորմալ բնույթ էր ստանում, և որ այս ընթացքն իրեն զրկում է իրական ազդեցության լծակներից: Նման պայմաններում պաշտոնավարելը նշանակելու էր կրել պատասխանատվություն այնպիսի քաղաքական կուրսի, ներքին որոշումների իրականացման համար, որոնց վրա ազդելու, փոխելու իրական որևէ լծակ չի ունենալու:

 

Այդ պայմաններում նա դատապարտված էր վաղ թե ուշ վերածվելու քավության նոխազի: Ստեղծված իրավիճակում ամենաօրինաչափը կլիներ փոխվարչապետի պաշտոնում ֆինանսների «մոնստր» նախարար Գագիկ Խաչատրյանին նշանակելը, ինչը կօրինականացներ կառավարությունում ներկայումս նրա ունեցած փաստացի կարգավիճակն ու ազդեցությունը:

 

Ողջ հարցն այն է, սակայն, ցանկանո՞ւմ է դա Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ, ինչն էլ, իր հերթին, պայմանավորված է նրանով, թե ապագա իշխանության ձևավորման սցենարների մշակման հարցում Սերժ Սարգսյանն ի՞նչ դեր է վերապահելու... վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

 

Վարչապետի պաշտոնում նրան նշանակելուց հետո Սերժ Սարգսյանը փորձում է ոչ թե նույնիսկ չափավորել նրա իշխանությունը, այլ սահմանափակել և դա անում է առաջին հերթին հենց Գագիկ Խաչատրյանի ոչ ֆորմալ կշիռը բարձրացնելու միջոցով:

 

Վերջինս, կարելի է ասել, վարչապետի համար դարձել է գրեթե անվերահսկելի ֆիգուր, ով իրեն անմիջականորեն ենթակա և հաշվետու է համարում միայն նախագահին և դե յուրե ու դե ֆակտո պետական փողերի շրջանառության` թե' մուտքերի և թե' ծախսերի առումով, հիմնական վերահսկողն է: Սա գործնականում նշանակում է Հովիկ Աբրահամյանին զրկել ձեռքերից ու ոտքերից:

 

Վարչապետի համար ստեղծվել է մի վիճակ, երբ ստանձնելով կառավարության գործունեության և արդյունավետության իրական պատասխանատվությունը, նա չունի դրան համարժեք ազդեցություն և ռեսուրսների կառավարման բավարար տարածություն: Այս տեսանկյունից Աբրահամյանը հայտնվել է յուրօրինակ պատանդի կարգավիճակում, որի հետ Սերժ Սարգսյանը ցանկացած պահի կարող է վարվել այնպես, ինչպես կթելադրի քաղաքական նպատակահարմարությունը:

 

Սա, իհարկե, առաջին հերթին գալիս է Հովիկ Աբրահամյանի նկատմամբ Սերժ Սարգսյանի անվստահությունից: Բայց ինքնին այն փաստը, որ Սերժ Սարգսյանը չի հրաժարվում իր թիկունքում ունենալ այդպիսի անվստահելի գործչի, ցույց է տալիս նաև այս փուլում նրանից ազատվելու անկարողությունը կամ, զուտ տակտիկական նկատառումներով, դրա անպատեհությունը: Հովիկ Աբրահամյանը ներկայումս Սերժ Սարգսյանի համար հասարակական հակաիշխանական տրամադրությունները գեներացնող Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ հիմնական կամրջի դեր է կատարում:

 

Իրականում հենց Աբրահամյանն է մարմնավորում նախկին և գործող նախագահների, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի հետ ապագա իշխանության ձևավորման հարցում կոնսենսուսի գալու, միառժամանակ նաև Քոչարյանի հնարավոր վերադարձի կամ Ծառուկյանի նախագահական ամբիցիաների չափավորման հիմնական լծակը:

 

Իր այդ առանձնահատուկ կարգավիճակը և առաքելությունը հրաշալի հասկանում է նաև վարչապետը, և հենց դրանով է պայմանավորված ներկայումս նրա կողմից դրսևորվող քաղաքական զսպվածությունը և իրեն պարտադրված` պատանդի փաստացի կարգավիճակին համակերպվելու իրողությունը:

 

Հովիկ Աբրահամյանը հրաշալի հասկանում է, որ եթե դիմանա ածելիի ծայրով քայլելու` իրեն պարտադրված ներկայիս պայմաններին, հիմնական շահողը կարող է հենց ինքը լինել: Այս տեսակետից առաջին հերթին հենց նրա շահերից է բխելու Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Գագիկ Ծառուկյան եռանկյունու միջև ապագա իշխանության ձևավորման, ավելի ճիշտ` իշխանության ժառանգման հարցում կոնսենսուսային պայմանավորվածությունների հանգումը:

 

Բայց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի մասին իր դիրքորոշումը միայն 4 ամիս հետո հայտնելու` նախագահի որոշումը վկայում է, որ նա ձգտելու է այդ միջանկյալ ժամանակահատվածն օգտագործել ԲՀԿ-ի շուրջ հնարավոր հասարակական-քաղաքական կոնսոլիդացումը կանխելու համար` իր մշտապես նախընտրած «բաժանիր, որ տիրես» մեթոդաբանությամբ: Եթե դա հաջողվի, ապա մեծ է հավանականությունը, որ վարչապետությունը Հովիկ Աբրահամյանի համար վերածվի մղձավանջի և անփառունակ վախճան ունենա:

 

Դատելով նրան կառավարությունում մեկուսացնելու ներկայիս կուրսից` Սերժ Սարգսյանն առայժմ խաղը տանում է այդ ուղղությամբ: Իսկ եթե չհաջողվի մարել հասարակական տրամադրությունների բորբոքումը և ձնագնդի էֆեկտով մասշտաբների մեծացումը, նա ցանկացած դեպքում կարող է առաջարկել փոխզիջման հասնե` հենց Աբրահամյանի գործոնն օգտագործելով:

 

Այս առումով շատ հավանական է, որ փոխվարչապետի պաշտոնում նշանակումը տեղի ունենա հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո, որը կորոշակիացնի այն հարցի պատասխանը, թե սկսված պրոցեսը մինչև որտեղ են տանում ԲՀԿ ղեկավարը, գուցե նաև` Ռոբերտ Քոչարյանը, կամ պատրաստվո՞ւմ են, արդյոք, տանել որևէ տեղ, թե՞ ոչ:

 

Հենց դրանից էլ կախված կլինի, թե այդ նշանակումն ուղղվա՞ծ է լինելու Հովիկ Աբրահամյանի պարանոցի շուրջ օղակն ավելի սեղմելուն, թե՞ Սերժ Սարգսյանը ստիպված կլինի արդեն հաշվի նստել նաև վարչապետի ցանկությունների հետ: Բայց ակնհայտ է, որ ցանկացած դեպքում այդ նշանակումը դուրս չի լինելու վերջին շրջանում իրականացվող` բացառապես օլիգարխահեն կամ օլիգարխանպաստ կադրային քաղաքականության համատեքստից:

 

Գևորգ Աղաբաբյան