կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-04 16:46
Առանց Կատեգորիա

Կսեղմի՞ Բրյուսելը Սերժ Սարգսյանի մեկնած ձեռքը

Կսեղմի՞ Բրյուսելը Սերժ Սարգսյանի մեկնած ձեռքը

Նախագահ Սերժ Սարգսյանն օգտագործեց ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի ամբիոնը` վերահաստատելու համար Հայաստանի իշխանությունների ցանկությունը`  Վիլնյուսում ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագրի վերախմբագրված տարբերակը: Նա հաստատեց, որ Հայաստանը մասնակցելու է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովին, և ներկայումս բանակցություններ են ընթանում եվրոպացիների հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը կամ դրան առնչվող ինչ-որ միջանկյալ փաստաթուղթ ստորագրելու հնարավորության շուրջ:

 

Իշխանությունները չեն ցանկանում վերջնականապես բաց թողնել եվրոպական թելը և դա անում են` խաղարկելով հին ու փորձված ծուղակը` կապված երկրի ժողովրդավարացման հարցում ունեցած վճռականության և քաղաքական կամքի ցուցադրության հետ: Սերժ Սարգսյանը Ստրասբուրգից մոտավորապես ասում է, թե ժողովրդավարության ամրապնդումը, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ինստիտուտների կայացումը և կառավարման համակարգի արդիականացումը քաղաքական բաղադրիչներ են և կապ չունեն ԵՄ և ՄՄ մաքսային գոտիների, տնտեսական ռեժիմների տարբերության հետ: Եթե Եվրոպան ուզում է այս հարցերում նպաստել Հայաստանի առաջընթացին, ապա Երևանը պատրաստ է դրան` անկախ ՄՄ մտնելու հանգամանքից: Սա դժվար դրության մեջ է դնում ԵՄ-ին, որը չի կարող անտեսել Հայաստանի եվրոպականացման` թեկուզ արտաքուստ ձգտումները, առավել ևս, երբ ՀՀ իշխանությունները ջանք չեն խնայում այդ ձգտումները գործնականում «ապացուցելու» ուղղությամբ:

 

Նախ` անմիջապես ՄՄ մտնելու մասին հայտարարությունն անելուց հետո նախագահը Սահմանադրական բարեփոխումների նախաձեռնություն է ցուցաբերում, որին հատուկ անդրադարձ է կատարում ԵԽԽՎ նստաշրջանում ունեցած իր ելույթում: Հետո`վերջին քաղբանտարկյալին ազատ արձակելու համար ընդամենը երկու տարվա ընդմիջումից հետո նոր համաներում է հայտարարում և, ամենակարևորը, վաղաժամկետ վերադարձնում է Ռուսաստանին ունեցած պարտքը, որով ցույց է տալիս ռուսական տնտեսական ազդեցությունը չափավորելու` իր հակվածությունը: Սրանք, իհարկե, ՄՄ մտնելու անակնկալ որոշմամբ պայմանավորված, Հայաստանի ընկած հեղինակությունը և հատկապես եվրոպացիների մոտ հայաստանյան իշխանությունների նկատմամբ կորած վստահությունը վերադարձնելուն ուղղված կիսագործնական քայլեր են, և Բրյուսելում հրաշալի գիտեն այդ մասին:

 

Բայց այնտեղ նաև գիտեն, որ կանգնած են լուրջ երկընտրանքի առջև և պետք է որոշեն` կա'մ կառչում են ՀՀ իշխանությունների մեկնած երերուն ձեռքից, կա'մ մերժում այն վերջնականապես: Երկրորդի արդյունքը կամ հետևանքը դրամատիկ է թե' ԵՄ-ի համար, որով այն ընդունում է իր կապիտուլյացիան Ռուսաստանի առջև Հայաստանի նկատմամբ ազդեցության համար մղվող պատերազմում, թե' Հայաստանի համար, որը կորցնում է միջազգային քաղաքականության սուբյեկտի կարգավիճակը: Մինչդեռ առաջինի դեպքում գոնե շանս կա քաղաքական, հասարակական և պետական կառավարման մակարդակներում պահպանել ազդեցության լծակները և, ամենակարևորը, հասարակության հետ աշխատել` նրան վերափոխելու համար:

 

Դեռևս փաստ չէ Մաքսային միության, իբրև ինքնաբավ ու ամբողջական կազմակերպության կայացումը, առավել ևս փաստ չէ գոյություն չունեցող Եվրասիական տնտեսական միության ստեղծումը ու հետխորհրդային երկրների մեծ մասի կլանումը դրանում: Այս պարագայում հանձնվելը կլիներ քաղաքական կարճատեսություն: Բրյուսելը, սակայն, ոչ թե իր հանձնվելու հեռանկարից է խուսափում, այլ վախենում է Հայաստանի հանձնվելուց: Ստրասբուրգում Սերժ Սարգսյանի ներկայացրած` «ոչինչ ի հաշիվ հայ-ռուսական ստատեգիական հարաբերությունների» բանաձևը չի երաշխավորում, որ Հայաստանը հերթական անգամ ճանապարհի կեսից ետ չի կանգնելու ու դրանով նորից չի հարվածելու իր թիկունքից: Նրանք չգիտեն, օրինակ, որքանո՞վ կարելի է վստահել Վիլնյուսի գագաթաժողովին մասնակցելու և փաստաթուղթ ստորագրելու Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որովհետև չեն կարող պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե մինչ այդ հանկարծ Պուտինը նորից Կրեմլ կանչի ՀՀ նախագահին: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Երևանի խնդիրը լինելու է ապացուցելը, որ կա'մ Պուտինը Սերժ Սարգսյանին այլևս չի կանչի, կա'մ կկանչի ընդամենը թեյ խմելու:

 

Բայց սա այն հարցն է, որը ոչ այնքան ՀՀ իշխանություններից ու Սերժ Սարգսյանից է կախված, որքան ՌԴ-ից ու Կրեմլից: Իսկ վերջիններս առայժմ լռում են թե' վարկի վերադարձման մասին Երևանի որոշման և թե', առհասարակ, Սերժ Սարգսյանի կողմից նորից սկսված եվրաինտեգրացիոն ռևերանսների մասին: Նման լռությունն ավելի վտանգավոր է, քան հրապարակային դժգոհություն հայտնելը: Մյուս կողմից, սակայն, չի կարելի բացառել, որ ՄՄ-ին միանալու որոշումը Սերժ Սարգսյանից կորզելուց հետո Ռուսաստանի համար այլևս միևնույն է` ինչպիսի ռևերանսներ կարող է անել Սերժ Սարգսյանը: Որովհետև թերևս այն համոզման է, որ անգամ եթե Բրյուսելը նորից հավատա վերջինիս և բռնի նրա պարզած ձեռքը, Վիլնյուսում ինչ փաստաթուղթ էլ ստորագրվի, միևնույն է, քաղաքական, համակարգային իրական բարեփոխումների շանս Հայաստանը չունի, իսկ այն, ինչ արվելու է, լինելու է կոսմետիկ, ձևական, իրավիճակային լուծումների մակարդակով, ինչպես եղել է առ այսօր: Պատճառը շատ պարզ է. ռուսները լավ են հասկանում. որ Հայաստանի իշխանությունների պնդումները, թե տնտեսական, մաքսային համակարգը քաղաքական բարեփոխումների հետ կապ չունի, իրականում հնարամիտ բլևֆ է: Որովհետև առանց տնտեսության ժողովրդավարացման, շուկայականացման, քաղաքական կամ հասարակական ժողովրդավարություն, մարդու իրավունքների և գործուն արդարադատության համակարգ հնարավոր չէ ստեղծել: Որովհետև այդ դեպքում պետական իշխանությունը միշտ լինելու է օլիգարխահեն, իսկ նման իշխանությունը ընդունակ է միայն վիրտուալ, բովանդակազուրկ «բարեփոխումների»:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ