կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-10 16:35
Առանց Կատեգորիա

Ո՞վ կսեղմի Դավութօղլուի ձեռքը Երևանում

Ո՞վ կսեղմի Դավութօղլուի ձեռքը Երևանում

Անգամ այն ժամանակ, երբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայկական կողմի հրավերը ստանալուց հետո հայտարարում էր, թե դեռ պետք է մտածի Երևանում դեկտեմբերի 12-ին նախատեսված ՍԾՏՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ֆորումին մասնակցելու նպատակահարմարության մասին, պարզ էր, որ նա ընձեռված հնարավորությունը ձեռքից բաց չի թողնելու: Այդ մասին yerkir.am-ը գրել էր դեռ նոյեմբերի 21-ին:

 

Պաշտոնական Անկարան ամեն ինչ անում է` Դավութօղլուի այցին լրջագույն քաղաքական, գրեթե ճակատագրական նշանակություն հաղորդելու համար: Դա արվում է թուրքական դիվանագիտությանը հատուկ հին ու փորձված, քարոզչական մանիպուլյացիոն հնարքների միջոցով, որոնց նպատակը հայկական կողմին Դավութօղլուի ակնկալած օրակարգը պարտադրելն է: Դավութօղլուի կողմից տրվող տարբեր հարցազրույցներից, թուրքական թերթերում դիվանագիտական անանուն աղբյուրներին կատարվող հղումների ձևաչափով պաշտոնական Անկարայից Հայաստանին արվող ուղերձ-առաջարկություններից կարելի է ընդհանրացնել երեք հիմնական նպատակ, որոնց հետամուտ է լինելու Դավութօղլուն Երևանում: Առաջին` հասնել նրան, որ կայանան երկկողմ բանակցություններ` եթե ոչ նախագահ Սերժ Սարգսյանի, ապա գոնե արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Դժվար է ասել` արդյո՞ք այս հարցը կողմերը քննարկել են մինչև Դավութօղլուի` Երևան ժամանելու որոշման կայացումը: Սակայն, անկախ դրանից, եթե նման բանակցություններ տեղի ունենան, հետագայում անխուսափելիորեն տիրաժավորվելու են թուրքական մամուլում և միջազգային հանրությանը մատուցվելու թուրքական համեմունքներով, ի հեճուկս Հայաստանի ցույց են տալու, որ 2008թ. սկսված, այսպես կոչված, հաշտեցման գործընթացը շարունակվում է:

 

Երկրորդ` բարձրացնել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը` Հայաստանի կողմից ԼՂ-ին հարակից 7 շրջաններից գոնե 2-ը Ադրբեջանին հանձնելու և դրա դիմաց հայ-թուրքական սահմանը բացելու կտրվածքով: Փաստը, որ Անկարայի` անգամ մինչև Դավութօղլուի Երևան այցելելն արվող այս առաջարկությանը պաշտոնական Բաքուն որևէ կերպ չի արձագանքում, թույլ է տալիս եզրակացնելու, որ դա համաձայնեցված է Բաքվի հետ: Դրա էությունը ոչ այնքան կարգավորման նոր, այլընտրանքային տարբերակ առաջարկելն է, որքան Թուրքիային Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում որպես ուղղակի միջնորդ ներքաշելը:

 

Երրորդ` հենց Երևանից միջազգային հանրությանն ուղերձ հղել առ այն, որ տարածաշրջանում գոյություն ունեն ոչ թե առանձին հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խնդիրներ, այլ մեկ ընդհանուր հիմնախնդիր, որն անհրաժեշտ է լուծել ընդհանուր փաթեթային տարբերակով: Սա 2008-ին մեկնարկած և 2009-ին սառեցված «ֆուտբոլային դիվանագիտության» մոդիֆիկացված տարբերակն է: Եթե այն ժամանակ առաջարկվում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից դեպի Ղարաբաղյան հիմնահարցի լուծում ուղղությունը, ապա հիմա` լրիվ հակառակը: Իսկ քանի որ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում, սա ևս բխում է արձանագրությունները վավերացնելու` թուրքական նախապայմանների էությունից:

 

Այսպիսով` Դավութօղլուն փորձելու է հասնել նրան, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջազգային ազդեցությունն ածանցվի հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ արհեստական տեղաշարժերի ցուցադրումից: Հետևաբար` բոլոր երեք ուղղություններով գործ ունենք ծուղակների հետ: Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները չի վերականգնելու, քանի դեռ բավարարված չեն ԼՂ-ն վերադարձնելու` Ադրբեջանի բոլոր մաքսիմալ պահանջները: Դավութօղլուն սա հասկացրել է թուրքական հեռուստաընկերություններից մեկին օրերս տված հարցազրույցում` բառացիորեն ասելով հետևյալը. «Նույնիսկ եթե մենք գերազանց հարաբերություններ հաստատենք Հայաստանի հետ, միևնույն է՝ դրանք վտանգված կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Հարավային Կովկասում խաղաղություն չի հաստատվել»: Իսկ Թուրքիայի և Ադրբեջանի համար տարածաշրջանում խաղաղությունը ասոցացվում է միայն ԼՂ-ն Ադրբեջանի կազմում տեսնելու հետ: Եթե Հայաստանը համաձայնի և Թուրքիայի հետ սահմանները բացելու պայմանով հանձնի այդ 2 շրջաննները, Թուրքիան նոր զիջումների պահանջով կրկին կարող է փակել սահմանը այն սառնասրտությամբ, որով խաբեց բոլորին` արձանագրությունները վավերացնելու պարտավորությունից հրաժարվելով:

 

Թվում է, թե Հայաստանի իշխանություններն այս պահին այլընտրանք չունեն, քան Դավութօղլուին, իր նպատակներով հանդերձ, Երևանում բլոկադայի ենթարկելը: Դավութօղլուն պետք է Հայաստան գա և հեռանա այնպես, ինչպես ՍԾՏՀԿ-ի աշխատաժողովին մասնակցող մյուս բոլոր երկրների արտգործնախարարները: Նրա հետ երկկողմ ձևաչափով ցանկացած բանակցություն նշանակելու է բավարարել Դավութօղլուի հավակնություններն այս այցից: Եթե թուրքական մամուլը հիմա է նման մանիպուլյացիոն գրոհ սկսել, պատկերացնել միայն կարելի է, թե ինչ է լինելու, եթե աշխարհը տեսնի Դավութօղլուի և Սերժ Սարգսյանի ձեռքսեղմումները: Մինչդեռ Հայաստանը, կարծես, ընտրել է Թուրքիայի հետ հեռակա բանակցություններ վարելու տարբերակը: Նախ` ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կոշտ պատասխանեց Հայաստանի կողմից Ադրբեջանի «օկուպացված տարաքները» վերադարձնելու մասին` Դավութօղլուի հայտարարություններին` նշելով, թե նա ճիշտ կանի` այցելի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

 

Իսկ դրանից հետո «Առավոտ» օրաթերթը, հանկարծ հղում կատարելով անանուն դիվանագիտական աղբյուրների, գրում է, թե Հայաստանը մշակել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ճանապարհային քարտեզ, որը փակ խողովակներով 10 օր առաջ փոխանցվել է Դավութօղլուին, ու հիմա սպասում են, թե վերջինս Երևան այցելության ժամանակ ի՞նչ պատասխան է տալու դրա վերաբերյալ: Ճանապարհային այդ քարտեզը հիմնված է միմիայն հարաբերությունների կարգավորման` հայկական կողմի նախապայմանների վրա` կապված սահմանները բացելու, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և ԼՂ հարցում միայն Ադրբեջանի դիրքսրոշումը մեղմացնելուն ուղղված ջանքերով հանդես գալու հետ: Սակայն դրանում սեղանին դրված և առայժմ օրակարգից չհանված հայ-թուրքական արձանագրությունների մասին ոչ մի խոսք չկա: Գուցե նույնպիսի մանիպուլյացիոն քարոզչական մեխանիզմներով հայկական կողմը պաշտպանվո՞ւմ է թուրքական դիվանագիտական հարձակումից: Սակայն քանի դեռ կա արձանագրությունները վավերացնելու հնարավորությունը, նման քայլերն ընկալվելու են որպես թուրքական թակարդում թպրտալու դրսևորումներ:

 

Այս իմաստով ժամանակին էր ՀՅԴ-ի, ՌԱԿ-ի և ՍԴՀԿ-ի համատեղ հայտարարությունը, որով նրանք կոչ են անում Հայաստանի իշխանություններին` ստորագրությունը հետ կանչելու միոջոցով օրակարգից հանել դրանք վավերացնելու հարցը: Դավութօղլուի առաջիկա այցը ցույց կտա, թե որքանով է Հայաստանի իշխանությունը պատրաստ հերթական անգամ կուլ չտալ թուրքական խայծը:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ