Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայռուսգազարդ» ընկերության 20 տոկոս բաժեմասը, որը պատկանում էր ՀՀ կառավարությանը, ռուսական «Գազպրոմ» ընկերությանը վաճառելու համաձայնագիրը ԱԺ նախագահը ընդունված է հայտարարել միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը քվեարկության ժամանակ 77 բարձրացված ձեռք է հաշվել: Համաձայնագիրը րոպե առաջ վավերացված տեսնելու` ԱԺ նախագահի ցանկությունն այնքան մեծ է եղել, որ նա անտեսել է վավերացումը ԱԺ կանոնակարգ-օրենքի խախտումներով անցկացնելու հանգամանքը: Խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք բոյկոտել էին քվեարկությունը և լքել ԱԺ նիստերի դահլիճը, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով համաձայնագրերը համարում են չընդունված: Խմբակցությունները դա հիմնավորում են այն փաստով, որ, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, Հաշվիչ հանձնաժողովը ձեռքով կատարված քվեարկության արդյունքները համարում է օրինական, եթե դրա անդամների կեսից ավելին, տվյալ դեպքում` 4-ը, կողմ են քվեարկում արդյունքներն ամրագրող որոշմանը: Բայց քանի որ հաշվիչ հանձնաժողովի 7 անդամներից 4-ը` փաստացի մեծամասնությունը, չեն մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և քվեարկությանը, համաձայնագրերի քվեարկության հայտարարված արդյունքները չեն կարող համարվել հաստատված: Այլ կերպ ասած` հայ-ռուսական գազային գործարքին առնչվող համաձայնագրերի և օրենսդրական փոփոխությունների փաթեթի ընդունման ու վավերացման լեգիտմությունը դրվեց կասկածի տակ: Ոչ իշխանական ուժերին դա հաջողվեց միայն այն պատճառով, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը քվեարկությունից առաջ ՀԱԿ-ի կողմից վերցված 20 րոպե ընդմիջման ընթացքում հասցրել էր համակարգիչներից հանել ԱԺ քաղաքական մեծամասնության պատգամավորների քարտերը, առանց որոնց հնարավոր չէր ապահովել էլեկտրոնային քվեարկությունը: ԱԺ նախագահը, սակայն, ոչ թե պարտավորեցրեց նրան հետ վերադարձնել այդ քարտերը, այլ, թերևս, փորձելով ցույց տալ, որ իրենց դեմ ցանկացած պարագայում խաղ չկա ու համաձայնագրերը, միևնույն է, վավերացվելու են, որոշեց անցնել հաշվիչ հանձնաժողովի օգնությամբ` ձեռքով քվեարկության մեթոդին: Ու հենց այդ ինքնագոհության ու ամենակարողության բարդույթի պատճառով էլ ընկավ թակարդը:
Նման նախադեպ ԱԺ-ում չի եղել: ԱԺ կանոնակարգը նաև չի սահմանում, թե ինչ պետք է անել նման իրավիճակներում: Պարզ է, որ Զարուհի Փոստանջյանի արարքը թե' իրավական և թե' բարոյական գնահատականի ու որակումների է արժանանալու: Եթե քաղաքական մեծամասնությունը նրան որևէ կերպ չպատժի իրավական հարթությունում, ապա, անկասկած, նրա հարցը քննության նյութ է դառնալու ԱԺ էթիկայի հանձնաժողովում, և կարելի է չկասկածել, թե ինչպիսի որոշում այն կկայացնի: Սակայն այն հանգամանքը, որ Փոստանջյանի արարքը կարող է լինել անօրինական կամ էթիկայի շրջանակից դուրս, չի կարող արդարացնել համաձայնագրերը օրենքի ակնհայտ խախտումներով անցկացնելու` ԱԺ քաղաքական մեծամասնության կեցվածքը` անկախ այն բանից, որ գործնականում միայն այդ խախտումների գնով է, որ դավաճանական որակվող համաձայնագրերի վավերացման լեգիտիմությունը առնվազն դառնում է կասկածելի: Եթե քարտերի բացակայությունը իրավական խնդիր էր հարուցում, ապա ոչ ոք ՀՀԿ-ին չէր խանգարում, օրինակ, 20 րոպեանոց ընդմիջում վերցնել և լուծել չարաբաստիկ քարտերի վերադարձման հարցը: ԱԺ մեծամասնությունը, սակայն հերթական անգամ ապավինեց «մուսկուլներ ցուցադրելու» տարբերակին` ցույց տալով, որ իր համար էականը ոչ թե օրենքի տառի պահպանումն է, այլ համաձայնագրերը հենց այսօր պարտադիր վավերացնելու` քաղաքական հանձնարարությունը կատարելը:
Իսկ մեծամասնությանն անհրաժեշտ էր համաձայնագրերը վավերացնել դեկտեմբերի 23-ի առավոտյան բոլորովին էլ ոչ այն պատճառով, որ գուցե հազիվ էին կարողացել ԱԺ բերման ենթարկել կոճակ սեղմողների բանակը: Իրական պատճառն այն էր, որ դեկտեմբերի 23-ին` օրվա երկրորդ կեսին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է մեկներ Մոսկվա` մասնակցելու դեկտեմբերի 24-ին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` պետությունների ղեկավարների գագաթաժողովին: ԱԺ նախագահն իրեն չէր կարող թույլ տալ, որ ՀՀ նախագահը Մոսկվա մեկնի ձեռնունայն` ինչ-որ քվեարկության հակաօրինականության նման «անհեթեթ» պատճառով: Այդ համաձայնագրերի վավերացումը պուտինյան եվրասիական ինտեգրացիոն նախաձեռնությանը, կոնկրետ Ռուսաստանին Հայաստանի անվերապահ ու ինքնամոռաց հավատարմության առհավատչյան է: Դրանք պետք է ցույց տային, թե Հայաստանի համար որքան կարևոր են ուսական գեոպոլիտիկ և «Գազպրոմի» տնտեսական շահերի պաշտպանությունը հարավկովկասյան տարածաշրջանում: Սակայն արդյո՞ք այսպիսի ելքով վավերացումը կբավարարի ռուսական կողմին, որը, փաստորե,ն հայտնվում է անորոշ վիճակում` երաշխիք չունենալով, որ վաղ, մյուս օրը, քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, այդ համաձայնագիրը չի համարվելու ապօրինի:
Մյուս կողմից` ի հայտ է գալիս նաև Սերժ Սարգսյանի նկատմամբ վստահության խնդիրը: Բանն այն է, որ նման միակողմանի իրավունքներ սահմանող համաձայնագիր կարող էր կազմվել միայն ՀՀ իշխանությունների կողմից այնպիսի երաշխիքներ տալու պարագայում, ըստ որոնց` դրանք հալած յուղի նման անցնելու են ընդունման բոլոր ընթացակարգերը: Մինչդեռ ստացվում է, որ ԱԺ-ում նախագահը խնդիրներ ունի, այսինքն` այնքան էլ համոզիչ չեն ռուսական շահերը անվերապահ պաշտպանելու` իշխանությունների տված հավաստիացումներն ու երաշխիքները: Եվ սա ենթադրում է, որ Ռուսաստանից վերադառնալուց հետո նախագահը, ամենայն հավանականությամբ, կփորձի հասնել նրան, որ դատական կարգով համաձայնագրերը վերաքվեարկելու հնարավորություն ստեղծվի և նոր` արդեն էլեկտրոնային քվեարկությամբ ամրագրվի դրանց վավերացումը: Իսկ որ այդ դեպքում դատարանը, անկախ նրանից` խոսքը ՍԴ-ի մասին է, թե` վարչական դատարանի, այդ հնարավորությունը կստեղծի, նույնքան հավանական է, որքան որ վաղը կլինի դեկտեմբերի 24-ը:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ