Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Չեմ ջոկում` ինչ ա ասում էս մարդը… Չգիտեմ, ընկե'ր ջան»,- այսպես պատասխանեց «Բանդա 2»-ի գործով տուժող Բաբկեն Հովհաննիսյանը փաստաբանի այն հարցին, թե ինչո՞ւ են իր պատասխանները հակասում միմյանց:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է այս գործով վկաների հարցաքննությունը: Այսօրվա նիստում հարցաքննվում էին Բաբկեն Հովհաննիսյանի վրա հարձակվելու և նրան հրազենային վնասվածք հասցնելու դրվագով դատակոչվածները:
Բաբկեն Հովհաննիսյանը պատմեց, որ իրեն պատկանող «Դաշինք» ՍՊԸ-ն զբաղվում է առևտրով, և խանութում կա նաև տարադրամի փոխանակման երեք կետ: Ամեն օրվա երեկոյան ինկասացիայի աշխատակիցները տարադրամի կետերից գումարները տեղափոխում են բանկ, հաջորդ օրն առավոտյան վերադարձնում խանութ:
Դեպքի օրը` 2012 թվականի սեպտեմբրի 23-ին, ժամը երեկոյան 7-ին մոտ վերադարձել է աշխատանքից, շենքի մոտ նկատել է առանց պետահամարանիշերի սպիտակ գույնի «Նիվա» ավտոմեքենա, մոտեցել է շենքի մոտի ավտոլվացման կետին, դրա աշխատակցի հետ մի քանի բառ է փոխանակել ու ցանկացել է գնալ տուն: Շքամուտքում նրա վրա հարձակվել է դիմակավոր անձ` ձեռքին «Վինչեստեր» հրացան:
Իր ձեռքի պայուսակով փորձել է խփել նրան, դրանից հետո զինվածը դուրս է փախել շքամուտքից, ինքն էլ վազել է նրա հետևից: Այդ ժամանակ սպիտակ մեքենան արդեն տեղաշարժված է եղել: Հանցագործը փախչելու ընթացքում մի քանի անգամ զենքը պահել է Բաբկեն Հովհաննիսյանի ոտքերի ուղղությամբ, իսկ հետո կրակել է նրա ոտքին, նստել մեքենան, ու գնացել են:
Հարցին, թե ինչո՞ւ է զինված անձը կրակել իր վրա, տուժողը բացատրեց, թե նրա հետևից հասնելիս է եղել ու մոտ 3-4 մետր հեռավորության վրա են եղել, երբ իր վրա կրակել է:
Հարցին, թե ի՞նչ արտաքին տվյալներ է ունեցել հանցագործը, տուժողը դժվարացավ պատասխանել, միայն ասաց. «Մենակ կարամ ասեմ` ինձնից կոլոտ էր»:
Տուժողը բավական ագրեսիվ և ոչ պատրաստակամ կերպով էր պատասխանում ամբաստանյալների պաշտպանների հարցերին: Ավելին` նույն հարցը երբ տրվում էր դատավորի կամ դատախազի կողմից, դրան նա փորձում էր պատասխանել, իսկ փաստաբանների դեպքում` ասում էր, թե չի հիշում, չգիտի:
Օրինակ` բանդայի պարագլուխ համարվող Ռաֆայել Հարոյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը տարբեր ձևակերպումներով հարց էր տալիս, թե ո՞րն է եղել հանցագործի` իր վրա հարձակվելու նպատակը: Պատասխանում էր` չգիտեմ: Իսկ ահա երբ նիստը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանն էր որոշ մանրամասներ ճշտում, տուժողն ասաց, թե հանցագործի նպատակն իր ձեռքի պայուսակը վերցնելն է եղել:
Իսկ երբ ամբաստանյալներից մեկի փաստաբան Արմեն Ֆերոյանը հարցրեց, թե տուժողի պայուսակում ի՞նչ է եղել դեպքի օրը, Բաբկեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ի՞նչ կարևոր է` ինչ է եղել, որ քեզ էլ ասեմ»: Այնինչ` նախաքննական և դատարանում տված ցուցմունքներում կային հակասություններ նաև հենց պայուսակի պարունակության վերաբերյալ:
Այս մոտեցումն էլ, թերևս, հիմք դարձավ փաստաբանների համար, որ հայտարարեն, թե դատախազը հուշում է տուժողին` ինչ պատասխանել: Սակայն դատարանը նշեց, որ նման բան չի նկատել, հակառակ դեպքում` համապատասխան միջոցներ կկիրառեր: Այս հայտարարությունը վրդովեցրեց տուժող Բաբկեն Հովհաննիսյանին. «Իյա, ուրեմն դատախա՞զը պիտի ինձ ասի, որ ես էլ խոսա՞մ»:
Քանի որ նախաքննության ընթացքում և դատարանում տրված ցուցմունքների մեջ հակասություններ կային, նախաքննական ցուցմունքից որոշակի հատվածներ հրապարակվեցին: Մասնավորապես` Հովհաննիսյանը նախկինում հայտնել էր, թե այդ օրն իր մոտ 700-800 հազար դրամ է եղել` խանութի օրվա եկամուտը: Դատարանում գումարի չափ էր նշել մոտ 1 միլիոն դրամը: Դատարանում հայտնեց նաև, թե գումարը գրպանում է եղել, իսկ քննիչի մոտ ասել էր, թե այն եղել է պայուսակում:
Այս և այլ հակասությունները տուժողը բացատրեց, որ դեպքից տարիներ են անցել, չի հիշում կամ էլ ցուցմունքներ է տվել հիվանդանոցում, նաև հնարավոր է, որ քննիչն ամբողջը չի գրառել:
Տուժողի հարցաքննության ավարտից հետո Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, որ նրա ցուցմունքներն արժանահավատ չեն:
15 րոպե ընդմիջումից հետո հարցաքննվեց ևս երկու վկա: Լարիսա Մարտիրոսյանը Բաբկեն Հովհաննիսյանին ճանաչում էր որպես «հարևան, լավ տղա»: Նա պատմեց, որ նկուղում գործ անելիս է եղել, երբ հանկարծ կրակոց է լսել ու մտածել, թե «մարդ խփեցին»: Դրանից մոտ 10-15 րոպե անց դուրս է եկել, տեսել է հավաքված մարդկանց, արյունաշաղախ Բաբկենին, իրեն վատ է զգացել ու տուն գնացել: Այս վկան նախաքննության ընթացքում, սակայն, հայտնել էր, թե գմփոց է լսել ու մտածել, թե վատ բան չի եղել` երեխաներն են դրսում մի բան պայթեցրել:
«Հիմա մարդ խփելը վատ բան չի՞»,- հարցրեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը` փորձելով պարզել` ի վերջո, կինը ի՞նչ է լսել ու ի՞նչ մտածել: Վկան պատասխանեց. «Ինձ համար գմփոցն ու կրակոցը նույն բանն ա»:
Դատարանը մյուս վկայից` ավտոլվացման կետի աշխատող Հովսեփ Թորոսյանից, նախ փորձեց ճշտել, թե արդյո՞ք նա գմփոցն ու կրակոցը տարբերակում է: Այս վկան գրեթե ոչինչ չպատմեց դեպքի մասին` պատճառաբանելով, թե չի հիշում: Նախաքննական ցուցմունքը հրապարակվեց: Նա հայտնել էր, թե ինչպես է տեսել դիմակավոր անձին, ով կրակել էր Բաբկենի վրա, այնուհետև նստել մեքենան ու փախել:
Հաջորդ դատական նիստում` հոկտեմբերի 21-ին, հարցաքննվելու են նույնպես այս դրվագի մասին տեղեկություններ ունեցող վկաները: