կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-13 18:14
Քաղաքական

Եթե «Ժառանգությունը» թքած ունի, թե ով է գալու իշխանության այս իշխանությունից հետո…

Եթե «Ժառանգությունը» թքած ունի, թե ով է գալու իշխանության այս իշխանությունից հետո…

«Ժառանգություն» կուսակցության անդամ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանի համար ցավալի է լսել այնպիսի արտահայտություններ ՀՀ առաջին նախագահից, ինչպիսին հնչեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դեմ արտահայտվողներին անվանելով «զավեշտի հասնող ջղաձգվողներ»:

 

Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին` արդյո՞ք ինքն իրեն զգում է այդ ջղաձգվողների ցուցակում, Սաֆարյանը պատասխանեց. «Ցավալի է դա լսել ՀՀ առաջին նախագահի կողմից, որը, կարծեք թե, ամենակատաղի մարտիկը պետք է լիներ` Հայաստանի անկախության և իշխանության հանդեպ որևէ ոտնձգության առումով, առավել ևս, որ նա պետական որևէ պաշտոն չի զբաղեցնում, ուստի շատ ազատ պետք է լինի` իր տեսակետները հայտնելու համար: Առաջին հերթին դրանից ենք ջղաձգվում, ոչ թե նրանից, որ ԵՏՄ-ն մեզ դուր չի գալիս»:

 

Ստեփան Սաֆարյանի խոսքով` իր համար ցավալի էր ոչ թե լսել պիտակավորում այն մարդկանց հասցեին, ովքեր դեմ են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, այլ, որ նման խոսքեր հնչում են առաջին նախագահի շուրթերից:

 

Ի պատասխան հարցին` կշարունակի՞, արդյոք, «Ժառանգությունը» մնալ եռյակի համագործակցության շրջանակում, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը բաց տեքստով քննադատում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը դեմ արտահայտվողներին, այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ ԲՀԿ-ն էլ հայտարարում է, որ հանրահավաքը Ռուսաստանի դեմ չէ, Ստեփան Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ եթե «Ժառանգությանը» բավարարում է այս իշխանություններին հեռացնելը` կարևորություն չտալով, թե ինչ նոր իշխանություններ են ձևավորվելու, ուրեմն «Ժառանգությունը» կարող է իրեն թույլ տալ մնալ եռյակում` «թքած ունենալով, թե ով է գալու իշխանության, այս իշխանություններից հետո, որովհետև, կարծես, եռյակում թելադրող ուժերի, կազմակերպական, ֆինանսական և ավելի մեծ ռեսուրսներին տիրապետող ուժերի մեջ «Ժառանգությունը» չի մտնում»:

 

«Եթե «Ժառանգության» համար միևնույն է, թե ինչ կլինի իշխանափոխությունից հետո, արդյո՞ք այս իշխանությանը կփոխարինի նույնատիպ իշխանություն, նույնատիպ քաղաքական վարքով, ուրեմն իրեն կարող է թույլ տալ մնալ եռյակի մեջ: Բայց եթե «Ժառանգության» համար կարևոր է, թե ով կփոխարինի այս իշխանություններին, թե ինչպիսի իշխանություն կձևավորվի, ապա, իհարկե, այդ դեպքում ռիսկեր կան, որովհետև արտաքին ու նաև ներքին շատ հարցերում արմատական տարաձայնություններ կան եռյակում, և դրանցից մեկը ԵՏՄ-ի հարցն է»,- ասաց Ստեփան Սաֆարյանը` հավելելով, որ ինքը չի կարող պատասխանել «Ժառանգության» փոխարեն, այլ կարող է հայտնել միմիայն իր գնահատականը: