կարևոր
985 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-13 09:37
Հասարակություն

90 հազար դոլար՝ դեռեւս չգործող ծառայության համար․ «Ժողովուրդ»

90 հազար դոլար՝ դեռեւս չգործող ծառայության համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ռենջերներ»-ից էկոպարեկներ եւ վայրի բնության պահապաններ դարձածները միլիոնավոր նոր ծախսեր են առաջացրել պետական բյուջեի համար։

«Ժողովուրդ» օրաթերթը 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ելույթից տեղեկացավ, որ միայն Էկոպարեկային ծառայության հիմնադրումը շրջակա միջավայրի նախարարության բյուջեն 38%-ով ավելացրել է։ Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ՝ գրեթե 147 հազար դոլար, սակայն էկոպարեկային ծառայությունը, որը պետք է առնվազն Սյունիքի մարզում գործեր ամբողջ ծավալով, այս տարեվերջին դեռ չի գործի. ժամկետները հետաձգվել են մինչեւ գալիք տարվա փետրվարի 26-ը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել էր ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանը։ Ամբողջությամբ չներդրված ծառայության ծառայողական համազգեստի համար պետական բյուջեից հատկացվել է 35 մլն 837 հազար դրամ՝ 90 հազար դոլար։

Հիշեցնենք, որ «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն ընդունվել է մեկ տարի առաջ, ուժի մեջ մտել այս տարի, իսկ օրենքից բխող իրավական ակտերը պետք է ընդունվեին վեցամսյա ժամկետում։ Սակայն մինչ օրս ծառայությունը չունի համապատասխան աշխատողներ ու տեխնիկա։ Էկոպարեկների մրցույթն էլ միայն օրերս՝ նոյեմբերի սկզբին է հայտարարվել։

Նկատենք, որ թեեւ թիմ ու ռեսուրս չունի նորաստեղծ մարմինը, բայց արդեն համազգեստներ են գնվել, պաշտպանիչ միջոցներ, օրինակ՝ էլեկտրաշոկ, լապտեր եւ այլն։ Ով պետք է կիրառի՝ դեռ պարզ չէ: Բացի այս գնումներից՝ հոկտեմբերի սկզբին գործադիրը 509.5 մլն դրամ՝ 1 մլն 313 հազար դոլար հատկացրեց էկոպարեկների համար 22 նոր ավտոմեքենաներ գնելու համար։ Ստացվում է, որ պարեկային ծառայությունից զատ, ՀՀ պետական բյուջեն մսխվում է նաեւ Էկոպարեկային ծառայության վրա, եւ այդ դեպքում վատ կազմակերպչական աշխատանքների ու նախանշված ժամկետները խախտելու թիվ մեկ պատասխանատուն Հակոբ Սիմիդյանն է:

Սիմիդյանը, փոխարենը, շատ ակտիվ է քրեական եւ կոռուպցիոն պատմություններում, որոնց մասին մամուլը գրում է:

Աբովյանի ֆուտբոլի մարզադաշտի կառուցման՝ 50 մլն դրամ ավելի թանկ գնով շահած մրցույթի փոխկապակցվածությունը քիչ էր, մոտ մեկ ամիս առաջ էլ «Օրագիր.news»-ը գրեց, որ փորձել են առեւանգել Ավան վարչական շրջանի նախկին փոխթաղապետ Ներսես Պողոսյանին: Նրան փորձել են ուժով նստեցնել ավտոմեքենա, ինչը չի հաջողվել. խուլիգանություն կատարող անձինք նախկին փոխթաղապետին ծեծի են ենթարկել, այնուհետեւ ծեծել են նրա տարեց մորն ու ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ անչափահաս երեխաներին։ Բռնարար ՔՊ-ականներին զայրացրել էր Ներսես Պողոսյանի գրառումը, որը եղել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մասին։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ «հեղափոխական իշխանությունների» մասին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: