Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը» և Քուվեյթի հայ ազգային վարժարանն այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կնքել են համագործակցության հուշագիր, որը ստորագրել են «Շիրակացու ճեմարանի» տնօրեն Աշոտ Ալիխանյանը և Քուվեյթի հայ ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարկիսյանը: Համագործակցության շրջանակում Շիրակացու ճեմարանը պատրաստակամություն է հայտնել Քուվեյթի հայ ազգային վարժարանին աջակցել ՀՀ կառավարության հաստատած հանրակրթության պետական չափորոշչին և Միջազգային բակալավրիատի կրթական ծրագրի չափորոշիչների պահանջներին համապատասխան այլընտրանքային հանրակրթական ծրագրերի մշակման աշխատանքներում։
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ողջունելով նախաձեռնությունը, նշել է, որ օրինակելի է, երբ հայկական վարժարանը Հայաստանից դուրս փորձում է կիրառել հայկական ուսումնական ծրագրեր: «Մեր շատ ուսումնական հաստատություններ, այդ թվում` «Շիրակացու ճամարանը», ունեն հետաքրքիր գաղափարներ, սակայն մենք միշտ խնդիր ենք ունեցել Հայաստանում արձանագրված նվաճումումները թե’ երկրի ներսում, թե’ դրանից դուրս տարածելու թեկուզ այն դպրոցներում, որտեղ հայկական ծրագրեր են իրականացվում: Հուսով եմ, որ այս նախաձեռնությունը օրինակ կհանդիսանա մեր մյուս լավագույն դպրոցների համար` արտերկրի ուսհաստատությունների հետ համագործակցելու և իրենց փորձը տարածելու տեսանկյունից»,-նշել է նախարարի տեղակալը:
Քուվեյթի հայ ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարկիսյանի խոսքով` վարժարանը, որը հիմնվել է 1960 թվականին, մեծ ներդում է ունեցել սփյուռքում հայ սերունդների դաստիարակության և համալսարանական ուսման պատրաստության գործում: «Սփյուռքի կրթական հաստատություններն այսօր դիմագրավում են բազում դժվարությունների, որոնցից հիմնականն արդիական կրթական չափորոշիչներին համարժեք քայլելու հրամայականն է: Հետևաբար, մենք պարտավոր էինք այս քայլն անել` հանուն սերունդների հայեցի դաստիարակության: Մեզ շատ հետաքրքիր է Շիրակցու ճեմարանի Միջազգային բակալավրիատի փորձը և կիրառումը մեր դպրոցում, որը բավականին մեծ նախապատրաստական աշխատանք է պահանջում` ուսումնական նյութերի համապատասխանեցում, անձնակազմի վերաատրաստում և այլն»,-նշել է Ներսես Սարկիսյանը` շնորհակալություն հայտնելով ԿԳ նախարարությանը և Շիրակացու ճեմարանին` աջակցության համար:
«Շիրակացու ճեմարանի» տնօրեն Աշոտ Ալիխանյանն իր հերթին նշել է, որ ճեմարանի հիմնադրման օրվանից ազգային ոգին դրվել է ճեմարանի կրթական ծրագրերի հիմքում: «Մեր առջև երկու կարևոր նպատակ է դրվել՝ հասնել այն մակարդակին, որ ճեմարանը դառնա համամարդակային արժեքներ կրթող հաստատություն և համահայկական կրթական կենտրոն: Առաջին նպատակին արդեն հասել ենք և շարունակում ենք առաջ գնալ, իսկ այսօր դրեցինք երկրորդ գաղափարի հիմքը՝ հույս ունենալով, որ մեր օրինակը վարակիչ կդառնա մյուս դպրոցների համար»,-նշել է Աշոտ Ալիխանյանը` վստահեցնելով, որ շուտով հանրությանը կներկացվեն համագործակցության առաջին արդյունքերը:
Նշենք, որ հուշագրով կողմերը կհամագործակցեն երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական և խորհրդատվական բնույթի ծրագրերի, այդ թվում՝ ուսուցիչների և աշակերտների փոխանակման, առցանց օլիմպիադաների, ամառային ճամբարի կազմակերպման, գիտակրթական խորհրդակցությունների կազմակերպման, մասնագիտական գրականության, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների, պարբերականների և այլ նյութերի փոխանակման ուղղություններով: Բացի այդ, կողմերը կհամագործակցեն նաև համատեղ աշխատանքային խմբերի ձևավորման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկման և լուծման, կողմերի գործունեությանն առնչվող համապատասխան նյութերի հրատարակման, համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքների, դրանց խոչընդոտող հանգամանքների մասին տեղեկատվության փոխանակման և այլ ուղղություններով։