կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-05 18:07
Հասարակություն

ԱԺ Պատվո մեդալ՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանին

ԱԺ Պատվո մեդալ՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանին

Սեպտեմբերի 5-ին խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատանի սերնդի զարգացմանն աջակցելու համար ՀՀ ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանին, «Զարթոնքի սերունդ» խաղ-մրցույթի սցենարիստ, հաղորդավար Վարդան Օնանյանին եւ ՀՀ ԱԺ Պատվոգրով՝ «Սամուէլ Սարուխանեան» հիմնադրամի տնօրեն Նորայր Մելքոմյանին:

 

Միջոցառմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Զարթոնքի սերունդ» ինտելեկտուալ խաղ-մրցույթի ղեկավար կազմի, ստեղծագործական խմբի ներկայացուցիչներ, մրցույթին մասնակից աշակերտներ եւ ուսուցիչներ:

 

Ողջունելով ներկաներին եւ շնորհավորելով պարգեւատրվածներին՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարեւորեց նման մրցույթների անցկացումը եւ նշեց, որ դրանք հնարավորություն են տալիս աշակերտներին ցուցադրելու գիտելիքները:

 

Պարգեւատրվածները, շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին հրավերի համար, ի նշան երախտագիտության «Երկիր մեդիա» հեռուստաընկերության ու հաղորդաշարի կողմից պարոն Սահակյանին նվիրեցին «Հայկի բերդը» խորհրդանշող նկար եւ Արեւմտյան Հայաստանի քաղաքների մասին պատմող ֆիլմաշար:

 

ԱԺ պատգամավորները, ողջունելով «Երկիր-մեդիա» հեռուստաընկերության կողմից անցկացվող հաղորդաշարը, կարեւորեցին նաեւ մարզերում նման մրցաշարերի կազմակերպման անհրաժեշտությունը:

 

Նշենք, որ «Զարթոնքի սերունդ» խաղ-մրցույթի հաղթող աշակերտներին հնարավորություն է ընձեռվել մեկնելու Արեւմտյան Հայաստան: