կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-25 14:33
Տարածաշրջան

Թբիլիսիի քաղաքապետարանը կասկածվում է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում գտնվող իրանական ընկերության հետ գործարքի մեջ

Թբիլիսիի քաղաքապետարանը կասկածվում է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում գտնվող իրանական ընկերության հետ գործարքի մեջ

Թբիլիսիի քաղաքապետարանը ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված իրանական ընկերությունից ձեռք է բերել հազարավոր տոննա իներտ նյութեր: Այս տեղեկատվությունը տարածում են «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ, Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) անդամներ Լևան Խաբեիշվիլին և Իրակլի Նադիրաձեն:

Խոսքը դեկորատիվ սպիտակ քարերի մասին է, որոնք օգտագործվում են Կախեթի մայրուղու բաժանարար գոտին վերազինելու համար: Ըստ ընդդիմադիր գործիչների՝ քաղաքային իշխանությունները դրանց համար միլիոններ են վճարել «Առվանդ» նավթաքիմիական ընկերությանը: 2019-ի հունիսին «Առվանդ» նավթաքիմիական ընկերությունը չորս տասնյակ ընկերությունների թվում էր, որոնք ընկել են ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՊԿ) աջակցելու համար:

Արտադրողի անունը նշված է ձեռք բերված իներտ նյութերով պայուսակների վրա: Հայտնի չէ՝ արդյո՞ք Խաբեիշվիլին և Նադիրաձեն ԱՄՆ պատժամիջոցների ցուցակից իրանական ընկերության հետ գործարքի վերաբերյալ այլ ապացույցներ ունեն: Կուսակցության անդամները կարծում են, որ այս փաստը ծառայում է որպես պետական բյուջեի միջոցների անհիմն ծախսման ևս մեկ հաստատում:

«Ես կոչ եմ անում քննչական գործակալություններին, քաղաքապետին, ինչպես նաև վարչապետին՝ անհապաղ մեկնաբանել սա»,- ասել է Խաբեիշվիլին:

Կախեթի մայրուղու ճանապարհի հիմնանորոգումը սկսվել է 2019-ի գարնանը: Մոտ 23 կիլոմետր երկարությամբ հատվածի վերականգնման համար Թբիլիսիի բյուջեից ծախսվել է գրեթե 43 միլիոն լարի: Ընդդիմությունը բազմիցս նշել է, որ նախագիծը դարձել է կոռուպցիոն գործարքների առարկա, և դրա իրականացման մեջ ներգրավված են այն ընկերությունները, որոնք դոնոր են իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը: