կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-28 14:55
Հասարակություն

Ոչ թե ծեծել են, «այլ կարգի են հրավիրել» նախկին փոխոստիկանապետի դեմ դուրս եկած երիտասարդին

Ոչ թե ծեծել են, «այլ կարգի են հրավիրել» նախկին փոխոստիկանապետի դեմ դուրս եկած երիտասարդին

Օրեր առաջ Yerkir.am-ը գրել էր, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում ծեծի է ենթարկվել Արման Եղիազարյանն, ով Հատուկ Քննչական ծառայությունում դիմում է գրել Արաբկիրի նախկին փոխոստիկանապետ Գագիկ Մկոյանի դեմ և հարուցվել է քրեական գործ: Yerkir.am-ի հրապարկմանն արձագանքել է քաղաքացի Մարտիրոս Մանուկյանը, նույն` Մրդոն, ով Արման Եղիազարյանի խոսքերով, իրեն ծեծողներից մեկն է եղել:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ արտերկրից Հայաստան մեքենաների ներկրմամբ և դրանց վաճառքով զբաղվող Արման Եղիազարյանը ՀՔԾ-ում հաղորդում էր տվել այն մասին, որ ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Մկոյանի և քրեական հեղինակություն` Կիլիկիայի Կլոր մականվամբ Արայիկի անօրինական գործողությունների և սպառնալիքների արդյունքում տարիներ շարունակ ֆինանսական կորուստներ է ունեցել, մասնավորապես` իրենից հափշտակվել է 206 000 ԱՄՆ դոլար գումար։ Արմանն այդ կապակցությամբ դիմել էր նաև գլխավոր դատախազին և ոստիկանապետին` միաժամանակ հայտնելով, որ  կասկածի տակ է դրված  իր և ընտանիքի անվտանգությունը, քանի որ Մկոյանը սպառնացել  է իրեն դատի տալ, իսկ Կլորն էլ` «գողականով հարցերը լուծել» գաղութում։  

 

Ինչ վերաբերում է փողոցային միջադեպին, Արման Եղիազարյանը մեր թղթակցին հայտնել էր, որ իրեն ձեռքերով ու ոտքերով հարվածել ու վնասվածքներ են հասցրել Գագիկ Մկոյանի «մարդիկ»` Մալաթիայի բնակիչներ Մրդոն ու Վարդանը: Նա հայտնել էր նաև, որ հիշյալ քաղաքացիները Արմանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործում ներգրավված են որպես վկաներ: Ու որ Մրդոյի մոտ են գտնվում «Պորշ Կայեն», «Տոյոտա Ռաֆև «Կիա Սորենտո» մակնիշի մեքենաները, որոնք, ըստ Արմանի` ՀՔԾ-ում տված հաղորդման, իրենից հափշտակել է Գագիկ Մկոյանը:

 

Մարտիրոս Մանուկյանը հերքեց, որ որևէ մեկին ծեծել են, թեև ոստիկանությունը մեզ հետ զրույցում հաստատել էր ծեծկռտուք լինելու փաստը. «Ծեծկռտուք չի եղել, ուղղակի իր բարձր հայհոյանքների համար իրեն կարգի եմ հրավիրել, երկու ձեռքից բռնել, հեռու եմ տարել, ասել եմ` գնա, օջախի դռան մոտ ես կանգնած, դռան հետևը կանայք են նստած»:

 

Մ. Մարտիրոսյանն ասաց նաև, որ ինքը չի ճանաչում Կիլիկիայի Կլորին, իսկ Գագիկ Մկոյանին մեկ-երկու անգամ է տեսել: Մկոյանն իր ընկերոջ` Վարդանի ընկերն է: Իսկ մեր այն հարցին, թե հնարավոր է, որ Մկոյանը Վարդանին է խնդրել Արմանի հարցերը լուծել, Մարտիրոս Մանուկյանը պատասխանեց. «Անհնարին բան է դա, որովհետև Վարդանը էրեխա չի, չափահաս տղամարդ է, ընտանիքի տեր է»:

 

Մ. Մանուկյանի խոսքով, իր համար անհասկանալի է, թե ինչու է Արմանը հանկարծ սկսել հայհոյել իրեն, սակայն ենթադրում է, որ փորձել է իրեն սադրել, հունից հանել, որ «ներքաշի իր գործերի մեջ»: Իսկ հայհոյախառն խոսակցությունների մեջ ասել է, թե «Պոռշս (ավտոմեքնենան) տարար, կերար»:

 

Ինչ վերաբերում է վերոնշյալ ավտոմեքենաներին, Մարտիրոս Մանուկյանը պնդեց, որ ինքը դրանք օրինական ճանապարհով գնել է գրավատնից` հենց Արմանի խնդրանքով:

 

Նրա խոսքերով, «Պորշ Կայեն» և «Տոյոտա Ռաֆ 4» մեքենաները գրավադրված են եղել ու վարկի մարման ժամկետը լրացած է եղել, այդ մեքենաները այսպես թե այնպես պետք է մնային գրավատանը, և որպեսզի դրանք չկորչեն, Արմանը խնդրել է իրեն, որ գնի այդ մեքենաները, հետո կվերավաճառեն և ստացված շահույթը կկիսեն իրար մեջ:

 

«Էդ մեքենաները իր ընկերը բերել է Ամերիկայից: Առանց ամաչելու խաբել է, թե նորմալ մեքենաներ են, բայց ջրի տակի մեքենաներ են, ինտերնետով էլ, որ նայես, երևում է: Դրա համար մինչև էսօր էլ չեմ կարողացել վաճառել»,- Մանուկյանը նշեց, որ գրավատնից գնելիս չէր կարող պարզել` մեքենաների իրական վիճակի մասին. արտաքինից դրանք նորմալ են, սակայն մեքենաների որոշ էլեկտրադետալներ փչացած են:

 

Մարտիրոս Մանուկյանը նշեց նաև, որ այս երկու մեքենաների համար վճարել է 54 հազար դոլար և պատրաստ է դրանք տալ Արմանին, եթե իր վճարած  գումարն ու հետագայում այդ մեքենաների նորոգման համար կատարած ծախսերը վճարի. «Ես ՀՔԾ քննիչի ներկայությամբ Արմանի հետ առերեսման ժամանակ էլ ասել եմ` որ պահին իմ գումարը կբերեն, կդնեն սեղանին, ես շատ մեծ սիրով հետ կտամ իրենց»: