Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր այսօրվա ասուլիսում նախ նկատեց, որ իշխանությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել է մեկին, ով սահմանադրությամբ չի համապատասխանում այդ պաշտոնին, իսկ ՀԱԿ-ից դուրս է եկել ընդամենը օրերս, ապա առաջարկությամբ հանդես եկավ։
«Եթե մենք ուզում ենք ունենալ անաչառ և ազգային շահերով աջնորդվող նախագահ․ լավագույն տարբերակը կլիներ, այս պահին, երբ մեր ազգը բևեռացված է, երբ ուղղակի մարդ է պետք, որ կկարողանա ինչ-որ տեղ կամուրջներ փնտրել և փորձել միավորել մեր ազգին, պետք է փորձի մեր վտանգված ինքնությունը ինչ-որ տեղ պահպանել։ Այս առումով լավագույն տարբերակը Հայ Առաքելական Եկեղեցու որևէ հարգանք վայելող սրբազանը կլինի։ Հենց այս օրհասական պահին նման թեկնածուն կլիներ լավագույնը։ Այդպիսի մարդիկ կան՝ հարգանք վայելող և ազգային շահերով առաջնորդվող։ Սա համարեք առաջարկ, և այս առաջարկի շուրջ հնարավոր է պայմանավորվել։ Այստեղ կլինի երկու հանգամանք՝ և՛ մարդ, և՛ ազգային ինստիտուտ»,- հայտարարեց Քոչարյանը։
Yerevan.today-ը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանից փորձել է պարզել, թե որքանով իրագործելի սցենար է սա, և արդյոք սա եկեղեցու միջամտություն չի լինի քաղաքականությանը։
Չարչյանը նախ հիշեցրեց, որ դարեր շարունակ, երբ մենք չենք ունեցել պետականություն, եկեղեցին է, որ փաստացի ղեկավարել և առաջնորդել է երկիրը, այնուհետև նա ընդգծեց, որ պատմությունն ուսումնասիրելիս, տեսնում ենք, որ սա աննախադեպ չէ և կարող է անգամ օրինակներով խոսել, որ հոգևորականը ստանձնել է երկրի նախագահի ղեկը և հենց միավորիչ դեր կատարել։
«Խոսքը Մակարիոս Երրորդի մասին է (Միքայել Խրիստոդուլոս Մուսկոս), որը եղել է Կիպրոսի հանրապետության առաջին նախագահը: Բարձրագույն աստվածաբանական կրթությամբ Մակարիոսը, որը 1950 թվականի հոկտեմբերին ժողովրդական քվեարկությամբ ընտրվել էր Կիպրոսի արքեպիսկոպոս և էթնարխիս (ժողովրդի առաջնորդ), գլխավորելով կիպրական եկեղեցին, մեծ պայքար է տարել Կիպրոսի ազատության համար։ 1959 թվականի դեկտեմբերին, երբ տեղի ունեցան Կիպրոսում առաջին նախագահական ընտրությունները, արքեպիսկոպոս Մակարիոս Երրորդը մասնակցեց և ընտրվեց Կիպրոսի առաջին նախագահ։ Նրա պաշտոնավարման շրջանում հրահրվեցին զինված բախումներ թուրք և հույն բնակչության միջև։ Նա արեց ամեն ինչ Կիպրոսում մթնոլորտը թուլացնելու համար, չխանգարեցին նաեւ իր դեմ մի քանի մահափորձերը։ 1974 թվականի հուլիսի 15-ին պետական հեղաշրջման արդյունքում գահընկեց արվեց, ստիպված եղավ գաղթել Լոնդոն, բայց 1975-ին վերադարձավ Կիպրոս և նորից ստանձնեց նախագահությունը՝ կառավարելով արդեն հունական հատվածը մինչև մահ (1977թ.): Հանրության շրջանում այնպիսի հարգանք էր վայելում, որ նրա գլխավորած կոալիցիան 1976թ․ ընտրություններում ստացավ խորհրդարանում բոլոր տեղերը։ Նա միավորել էր լիբերալներին, կոմունիստներին և սոցիալ-դեմոկրատներին։ Նա լեզու գտավ կոմունիստների հետ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում՝ ԽՍՀՄ և դաշնակիցներ, որոնց օգնության համար դիմում էր Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ժամանակ»,- պատմական ուշագրավ ակնարկ արեց Չարչյանը՝ հավելելով, որ Մակարիոս Երրորդը ստացել է «Միջերկրական Կաստրո» մականունը։
Ամփոփելով խոսքը, Չարչյանը նկատեց, որ այսինքն անգամ կա օրինակ, երբ հոգևոր առաջնորդը դժվարին ժամանակներում ստանձնում է իշխանությունը, հարգանք է վայելում և կարողանում է հավասարակշռություն մտցնել, երկրի ներսում, խնդիրները կարգավորել։
«Ռոբերտ Քոչարյանի առաջարկը՝ եկեղեցու ներկայացուցչի ընտրել ՀՀ նախագահի պաշտոնում, հանրության բաժանված հատվածները միավորելու լավ ճանապարհ կարող է լինել։ Սա, ի դեպ, բնավ չի նշանակում, որ երկրի կառավարման ղեկը ստանձնում է եկեղեցին։ Ոչ, ստանձնում է ՀՀ քաղաքացի, որը հոգևորական է։ Հենց հոգևորականը կարող է ստանձնել այս անցումային-ճգնաժամային փուլում միավորողի դերը»,- եզրափակեց պատգամավորը։