Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պահին Կոտայքի մարզպետարանում ընթանում է Սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումը, որին մասնակցում է ՀՀ գլխավոր դատախազ, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը:
Նշենք, որ քննարկմանը ներկա է Կոտայքի նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանը, քաղաքապետեր, մարզպետարանի աշխատակիցներ և դպրոցների տնօրեններ:
Գ.Կոստանյանը, կարևորելով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, ընդգծել է, որ «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում» հնարավորինս մանրակրկիտ և ամբողջական ներկայացվել են սահմանադրական ինստիտուտի կիրառման ընթացքում առկա այն թերություները, բացթողումները, ինստիտուցիոնալ խնդիրները, որոնց լուծումը, հնարավոր չէ կարգավորել օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերի փոփոխության կամ իրավակիրառ պրակտիկայի փոփոխության եղանակով, այլ անհրաժեշտ են բացառապես սահմանադրաիրավական բարեփոխումներ:
«Շատ դեպքերում մենք ունենում ենք սահմանադրական իրավունք, բայց քաղաքացու ունեցած սահմանադրական իրավունքին համարժեք պարտականություն և պատասխանատվություն պետական մարմինի համար կամ իրավակիրառ մարմնի համար սահմանված չէ։ Կամ եթե սահմանված է, ապա այնպիսի լայն մեկնաբանությունների հնարավորություն է տալիս, որ մենք գործնականում ունենում ենք աղավաղված մոտեցումներ»,- նշել է Գևորգ Կոստանյանը։
ՀՀ գլխավոր դատախազի համոզմամբ` «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը» հնարավորություն կտա ունենալու պետական կառավարման այնպիսի համակարգ, որտեղ անձերի փոփոխությունը չի հանգեցնի համակարգի փոփոխության և կոնկրետ ոլորտում անկումը կամ արդյունավետության բարձրացումը կախված չի լինի անձի փոփոխությունից: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է եղել նաև դատական իշխանությունը։
ՀՀ գլխավոր դատախազը պատասխանել է նաև քննարկման մասնակիցների հարցերին: