Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը այս տարվա հունիսի 7-ին առաջին ընթերցմամբ անցկացրել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը՝ ձայների` 72 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ: Մինչև երկրորդ ընթերցումը՝ հունիսի 12-ը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, ի դեմս հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի, ԱԺ-ում կազմակերպել էր մասնագիտական քննարկում: Այս քննարկումը պետք է կազմակերպվեր մինչև առաջին ընթերցումը, բայց ինչևէ, շնորհակալություն հայտնելով Բաբկեն Թունյանին, պետք է մի քանի արձանագրումներ անել քննարկման, օրակարգի և, առհասարակ, փոխըմբռման կամ դրա բացակայության վերաբերյալ:
Այսպիսով`
ՀՀ իշխանության ներկայացուցիչները եկամտային հարկի համահարթեցման մոդելը կանցկացնեն, այս իմաստով պատրաստ չեն որևէ կերպ զիջել, որևէ այլ մոդելի անդրադառնալ, պատրաստ չեն քննարկել նույնիսկ պրոգրեսիվ համակարգի բարելավման և նոր մոդելի ներդրման հարցեր: Պատճառները տարբեր են՝ ժամանակ չկա, հաշվարկներ են արել, որ ամբողջ փաթեթի գործադրմամբ առաջացող 16.0 մլրդ դրամ պակասուրդը կարող են լրացնել հարկային վարչարարությամբ, և վերջապես, սա պաշտպանում է Նիկոլ Փաշինյանը: Տպավորություն է, որ արհեստական ստեղծել են խնդիր և փորձել այն լուծել:
Այնինչ` պետք էր եկամտային հարկը դարձնել իրական պրոգրեսիվ, որը պետք է լիներ քառաստիճան դրույքաչափերով, ընդ որում` առաջին դրույքաչափը երկրորդից նվազ լիներ առնվազն 10 տոկոսային կետով, իսկ երկրորդ և երրորդը` առնվազն 5 տոկոսային կետով` հաջորդող դրույքաչափերից: Մինչդեռ իշխանությունները գնում են կոշտ ռեգրեսիվ և նեոլիբերալ տնտեսական կարգն արմատավորելու ճանապարհով:
Համահարթեցումից բխող հետևանքներից են`
- բարձր եկամուտ ստացողների հարկման դրույքաչափերը նվազեցնելով և որոշ ապրանքատեսակների վրա անուղղակի հարկման բեռը ծանրացնելով` վատանալու է հանրության մեծ մասի (71.4%) գնողունակությունը, ինչն ուղղակի ազդեցություն է ունենալու սպառման ծավալների վրա և խորացնելու է սոցիալական ծանր վիճակն ու հասարակության շերտերի միջև բևեռվածությունը, ինչը դեմ է ՀՀ կառավարության գործունեության հնգամյա ծրագրում շեշտադրված ներառական տնտեսական կարգին,
- սոցիալապես ծանր վիճակում են հայտնվելու աշխատող, բայց աղքատ ընտանիքները, խաթարվելու է սոցիալական համերաշխության գաղափարը:
Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի` եկամտային հարկի համահարթեցումից օգտվելու են նաև տնտեսվարողները: Ինչո՞ւ և ինչպե՞ս պետք է աշխատավարձից պահվող հարկերից օգտվեն գործատուները: Սա, ըստ պաշտոնյաների, նշանակում է, որ մասնավոր հատվածում վարձու աշխատողները գործատուների հետ պայմանավորվում են իրենց առձեռն աշխատավարձի չափի մասին, և նրանց կարող է չհետաքրքրել, թե որքա՞ն է կազմելու աշխատավարձը` ներառյալ պահումները: Այս թեզը թույլ է տալիս ենթադրել, որ կա հստակ ձևակերպված մոտեցում, որ գործատուի վրա են ծանրացած թե' եկամտային հարկը, թե՛ պարտադիր կուտակային կենսաթոշակի վճարները, թե՛ դրոշմանիշային վճարը: Այսինքն` այս երեք բաղադրիչները կարգավորող օրենսդրության գաղափարը, ըստ հնչած թեզի, մասնավոր հատվածում համարյա չի գործում: Այս դեպքում հարց է առաջանում` ո՞ւմ է ձեռնատու եկամտային հարկի համահարթեցումը, եթե ոչ` պետական աշխատողներին: Այնինչ` պատկերն ավելի քան այլ է նաև մասնավոր հատվածում:
Ակցիզային հարկի բարձրացումը` կբարձրանա ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը, մասնավորապես` օղու: Համաձայն նախագծի` մեկ շիշ 3 տարեկան 0.5լ տարողության կոնյակի նվազագույն գինը կազմում է 800 ((4000 x 40%) x 0.5 = 800) դրամ՝ առանց անուղղակի հարկերի (ակցիզային հարկ և ԱԱՀ), իսկ անուղղակի հարկերը կկազմեն 680 (ակցիզային հարկ՝ (3000 x 40%) x 0.5 = 600, ԱԱՀ՝ (800 + 600) x 20% = 280) դրամ: Սա նշանակում է, որ մեկ շիշ 3 տարեկան 0.5լ տարողության կոնյակի վաճառքի գինը չի կարող պակաս լինել 1680 (800 + 600 + 280 = 1680) դրամից: Նույնը հաշվարկենք օղու համար: Միայն 2022 թվականին մեկ շիշ 0.5լ տարողության օղու ակցիզային հարկը կկազմի 1320 (2640 x 0.5 = 1320) դրամ, և միայն ակցիզային հարկի վրա 20% ԱԱՀ հաշվարկելով` կստանանք 1584 (1320 x 1.2 = 1584) դրամ` առանց ուղղակի և վերադիր ծախսերի: Սա նշանակում է, որ մի երկու տարի անց իմաստ չի ունենա մթերել խաղող, թորել և երեք տարի պահել, որ դառնա կոնյակ, այլ կթորվի որպես օղի, որպեսզի փողի շրջապտույտների թիվն արագանա: Սա անհամաչափություն է, որը կարող է դուրս մղել կոնյակի արտադրությունը` որպես մշակույթ, և դրա փոխարեն խրախուսվելու է տնական օղու արտադրությունն ու օգտագործումը, որը հիմնականում գործում է ստվերում:
Սա վերանայման կարիք ունի:
Շարժվելով առաջ` պետք է հստակ նշել, որ իշխանության ներկայացուցիչների կողմից չի ընդունվում նաև որոշ հարկատեսակների և տուրքերի մասով գոտիավորում: Այսինքն՝ համահարթ եկամտային հարկի պատճառով առաջացած բացը լրացվում է նաև տուրքերի ավելացմամբ: Գրավատների և փոխանակման կետերի տուրքերն ավելանալու են 60 անգամ: Առաջարկ է արվել մարզերում և Երևան քաղաքում գործող գրավատների համար սահմանել տարբերվող վճարաչափեր, քանի որ մարզերում գործող տնտեսվարողներն ուղղակի կփակվեն, և վարկային ծառայություն կմատուցեն միայն բանկերը, իսկ գրավատներից օգտվում են հիմնականում վարկային վատ պատմություն ունեցող քաղաքացիները: Որ խնդիր կա այստեղ, ոչ ոք չի ժխտում, բայց արդյո՞ք այս մոդելով խնդիրը կլուծվի: Կարծում եմ` ոչ:
Գազալցակայանները մեր երկրում սպասարկում են ավելի քան 500 հազար մարդու: Այստեղ նույնպես առաջարկ է արվել սանդղակավորել՝ կա'մ ըստ վարչատարածքային բաժանումների, կա'մ իրացման ծավալների, քանի որ նույն պատկերը նաև այստեղ է` ունեն ֆիքսված ծախսեր և վաճառքի տարբեր ծավալներ: Մանավանդ, որ հարկի հաշվարկի ժամանակ ևս առաջանում են չափի միավորների տրանֆորմացիայի հետ կապված խնդիրներ, այն դեպքում, երբ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազը վաճառում և հարկային հաշիվը դուրս է գրում խորանարդ մետրով, իսկ գազալցակայանները հարկեր պետք է հաշվարկեն կիլոգրամներով:
Նվազագույն չհարկվող եկամտի գաղափարն ավելի քան անընդունելի էր իշխանության ներկայացուցիչների համար, մինչդեռ պետք է ներդրվի այս համակարգը և լինի ոչ պակաս, քան կենսապահովման նվազագուն զամբյուղի արժեքն է: Սրանով կարող ենք լուծել շատ լուրջ սոցիալական խնդիր, այստեղ իշխանության ներկայացուցիչները հրապարակեցին տարեկան մոտավորապես 91.0 մլրդ պակասուրդի մասին: Սա կարելի էր ներդնել փուլային տարբերակով` ժամկետների սահմանմամբ:
Ի վերջո, ծախս պետք է անել և նոր սպասել արդյունքների:
Արմեն Գրիգորյան
ՀՅԴ անդամ, տնտեսագետ