Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սնանկացման եզրին հայտնված գործարար Փայլակ Հայրապետյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանի խոսքով` օֆշորային սկանդալի արդյունքում հարուցված քրեական գործի շրջանակներում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեն:
«Հնարավոր է, որ հարցաքննվել են, ես տեղեկություն չունեմ, ինձ վարույթն իրականցնող մարմինը` ի դեմս քննիչի, այդպիսի տեղեկատվություն չի տրամադրել: Բոլորս էլ գիտենք, որ նախաքննությունը կատարվում է, և ընթացքում լինում են փաստեր, որոնք հրապարակման ենթակա չեն լինում»,- մեզ հետ զրույցում նշեց նա:
Անդրադառնալով գործով որպես մեղադրյալ ներգրավված Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանի այն հայտարարությանը, թե հնարավոր է` ոչ միայն քրեական գործը կարճվի, այլև Փայլակ Հայրապետյանի դեմ քրեական գործ հարուցվի, Գևորգյանը նշեց. «Ամենածայրահեղ ապօրինությունների դեպքում անգամ հնարավոր չէ մեղադրել Փայլակ Հայրապետյանին: Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են նրան, գիտեն, որ Փայլակ Հայրապետյանը դարձավ խաբեության, փողերի լվացման, հանցավոր գործողություններ ծավալողների զոհը: Բոլորն էլ գիտեն նաև, թե ինչ հզոր գումարներ են խաբեությամբ նրանից շորթել ու տիրացել նրա գումարներին: Կարիք չկա բարձրաձայնելու այն մասին, որ Փայլակ Հայրապետյանն իրականում տուժող է, դրա համար էլ պետք չէ իրավական գիտելիքներ ունենալ, իսկ այն մարդիկ, ովքեր կարծիք են հայտնում, որ հնարավոր է՝ Փայլակ Հայրապետյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվի, պետք է ընդամենը քթի ծակ ունենան` հասկանալու համար, որ այդպիսի բան չի կարող լինել»:
Նշենք, որ Աշոտ Սուքիասյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և դեռևս կատարվածի վերաբերյալ ցուցմունքներ է տալիս:
«Այսօր դեռևս հայտնի չէ՝ Աշոտ Սուքիասյանը որքա՞ն պետք է շարունակի ցուցմունքներ տալ, որքա՞ն է տևելու այդ ժամանակահատվածը, այդ թվում նաև հայտնի չէ, թե ին՞չ ցուցմունքեր է տալու, ո՞ր մասով է ընդունելու մեղադրանքները, որքանով` ոչ»,- ասաց պաշտպանը և հավելեց, որ եթե Սուքիասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նշանակում է նրա և Փայլակ Հայրապետյանի ցուցմունքներում հակասություններ կան, ինչին կհաջորդի առերես հարցաքննությունը:
Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է, որ քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսումը, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան: Քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի և մեկ այլ անձի ցուցմունքներում:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: