Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի աշխատակիցները երեկ վաղ առավոտյան մուտք են գործել գործարար Փայլակ Հայրապետյանին պատկանող նախկին «Էրեբունի» միավորման շենք և, դուրս հանելով աշխատակիցներին, տիրացել շենքին: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Հայրապետյանն «Ամերիաբանկում» գրավադրել էր 33 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք, որպեսզի գործարար Աշոտ Սուքիասյանի հետ համատեղ ադամանդի արդյունահանման գործ սկսեին: Սուքիասյանն Աֆրիկայի Սիերա Լեոնե հանրապետությունից պետք է ադամանդի հումքը բերեր Հայաստան, որտեղ էլ պետք է մշակվեր այն:
Բանկը Սուքիասյանին 12 միլիոն դոլար վարկ էր տրամադրել, սակայն Սուքիասյանն այդպես էլ ադամանդի հումքը Հայաստան չբերեց, իսկ բանկը, վարկային պարտավորությունները չկատարելու պատճառաբանությամբ, սկսեց բռնագանձել Փայլակ Հայրապետյանին պատկանող գույքը: Բանկը նախ Հայրապետյանից վերցրեց «Հայաստան» հանրախանութի շենքը, ապա հերթով գրավադրված մյուս սեփականությունները: Երեկվա բռնագանձումը ևս այս շարքից է:
Բանկը մոտ 20 օր առաջ գրություն էր ուղարկել Հայրապետյանին` տեղեկացնելով, որ իրենք վաճառել են այս ձեռնարկությունը և խնդրել են ազատել այն: Սակայն Հայրապետյանը դատարանում բողոքարկել էր բանկի գործողությունները, և դատարանը մայիսի 15-ի որոշմամբ արգելել է «Ամերիաբանկ»-ին ինչպես Գաջեգործների փողոցի թիվ 1 շինության, այնպես էլ մյուս գրավադրված գույքի նկատմամբ որևէ գործողություն անել՝ օտարել, վաճառել, աճուրդի հանել, սեփականացնել կամ սեփականության իրավունքով հանձնել այլ անձանց:
Այս գործով դատարանը նախնական դատական նիստը նշանակել է հունիսի 21-ին: Ստացվում է, որ բանկը, անտեսելով դատարանի որոշումը, երեկ առգրավել է ձեռնարկությունը, դեռ մի բան էլ այն վաճառել երրորդ անձի: