Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օֆշորային մեքենայությունների արդյունքում սնանկացման եզրին հայտնված գործարար Փայլակ Հայրապետյանը լրատվամիջոցներից է տեղեկացել, որ ադամանդագործ Աշոտ Սուքիասյանին վերջապես արտահանձնել են Հայաստանին:
Նա լիահույս է, որ, ի վերջո, գործի քննության ընթացքը կարագանա, և բոլոր հանցագործները կկանգնեն պատասխանատվության առջև:
«Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն` թե’ բանկի նախագահը, թե’ Աշոտ Սուքիասյանը, թե’ Անվտանգության խորհուրդը, թե’ նախկն վարչապետը և թե' նրա խնամին` Կենտրոնական բանկի վերահսկողական վարչության պետը»,- ասաց նա և հավելեց, որ գործն արդեն բացահայտված է, մնում է դրան իրավական գնահատական տրվի:
«Բացահայտ է, որ այդ գումարները փոխանցվել են այդ կազմակերպությունների հաշվին, այնտեղից փոխանցվել Հայաստան, որտեղ և անհետացել են: Էս ամբողջ կեղտոտությունը բանկի արածն ա, բանկում առնվազն 6 հոգի խառնված են էս ամենին, իսկ հետևում կանգած է ԿԲ-ն»,- ասաց Հայրապետյանը:
Ըստ նրա` Կենտրոնական բանկի վերահսկողական վարչությունը նախ պետք է բիզնես-ծրագիրը նայեր, ապա` վարչապետը, բանկի խորհուրդը, և նոր «բաց թողնեին», չէ՞ որ դրանք ուղարկվում էին աշխարհի ամենավտանգավոր գոտիներից մեկը: Հայրապետյանը նշեց, որ քննությունը կպարզի, թե ովքեր են առնչվում այս գործին, և հույս հայտնեց, որ ԿԲ-ի վերահսկողական վարչության պետին ևս պատասխանատվության կենթարկեն: «Եթե նրան չներգրավեն գործում, ես ինքս կմիջնորդեմ դա»,- ասաց նա:
«Դա վարչապետի կարգադրությունն է եղել, որովհետև սկզբում այլ բանկից մեզ գումար էին խոստացել, սակայն 5 օր անց Աշոտ Սուքիասյանը զանգահարեց ինձ, ասաց, որ այդ բանկը չի կարողանում այդքան գումար «բաց թողնի», քանի որ այդ հնարավարությունը չունի, փոխարենը նա նշեց, որ ՀՀ վարչապետի (խմբ.-խոսքը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին է) հետ գնացել է «Ամերիաբանկ» և բանկի խորհրդի նախագահի հետ համաձայնեցրել, որ ինձ 10 տարի ժամկետով 12 %-ով 12 մլն վարկ կտրամադրի: Ես էլ մտածեցի, որ եթե վարչապետն այս գործի մեջ մտած է, ուրեմն շահագրգռված է Հայաստանը ադամանդի և ոսկու արդյունաբերական կենտրոն դարձնելու ծրագրով, բայց ի՞նչ իմանայի, որ հանրապետության վարչապետը, Սուքիասյանը, Կենտրոնական բանկը, Անվտանգության խորհուրդը և «Ամերիաբանկը» բոլորը հանցագործներ են»,- նշեց Հայրապետյանը:
Նա վստահ է, որ գործը գտնվում է ՀՀ նախագահի անմիջական վերահսկողության տակ, նաեւ` որ այդ գործի բացահայտումից հետո ժողովուրդը կսկսի վստահել կառավարությանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ yerkir.am-ն իր «Ովքե՞ր են դուրս մնացել օֆշորային սկանդալից. ԿԲ-ն կկանգնի՞ փաստի առջև» հրապարակման մեջ անդրադարձել էր օֆշորային մեքենայությունների գործում ԿԲ-ի հնարավոր ներգրավմանը: