կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-23 20:05
Հասարակություն

Արգելվել է «Չանախ» պանրի արտադրատեսակի արտադրությունը

Արգելվել է «Չանախ» պանրի արտադրատեսակի արտադրությունը

Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հունիսի 23-ի որոշումով արգելվել է «Ալագյազի պանրագործարան» ՓԲԸ-ի «Չանախ» պանրի արտադրատեսակի արտադրությունը:

 

ՓԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակի արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Ստուգման ընթացքում պարզվել է, որ ՓԲԸ-ի արտադրած «Չանախ» պանրի արտադրատեսակի նմուշը, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թ. N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

 

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական.

 

1. վերացնել հայտնաբերված խախտումները (կազմակերպել սանիտարական օր, պատշաճ մաքրել և ախտահանել «Չանախ» պանրի արտադրության պահման պահեստային տարածքները, տեխնոլոգիական սարքավորումները և գործիքները):

 

2. «Չանախ» պանրի պահեստային մասում և իրացման նպատակով իրացման կետերից հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել մայիսի 5-ի խմբաքանակը:

 

3. Թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության՝ անհամապատասխանության ցուցանիշով:

 

4. «Չանախ» պանրի արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցնել կառավարության 2006 թ. N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

 

Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև հուլիսի 7-ը: Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքը: