կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-20 17:20
Քաղաքական

Մթնոլորտը ոչ թե վտանգավոր, այլ ագրեսիվ էր. հայկական պատվիրակությունն ամփոփեց Բաքվում անցկացրած օրերը

Մթնոլորտը ոչ թե վտանգավոր, այլ ագրեսիվ էր. հայկական պատվիրակությունն ամփոփեց Բաքվում անցկացրած օրերը

Այսօր լրագրողների հետ զրույցում Բաքու մեկնած հայ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Թևան Պողոսյանը և քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը նշեցին, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացված սեմինարը արդյունավետ է անցել, որովհետև քննարկվել են տարածաշրջանային անվտանգության կարևոր հարցեր, իսկ հայկական պատվիրակությունը արդյունավետ թիմային աշխատանքներով կարողացել է ներկայացնել ազգային շահը:

 

Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ ադրբեջանական մամուլը ապատեղեկատվությամբ էր զբաղված: Նրա խոսքով` թեեւ այս անգամ մի փոքր ազատություն էին տվել հայ պատգամավորներին, բայց նկատելի էր, որ երբ պատգամավորները որևէ տեղ են գնացել, այնտեղ մարդ չի եղել` լինի սրճարան, փողոց, թե ծովափ:

 

«Պետք չէ հավատալ ադրբեջանական կայքին, մինչև տեղեկությունը չճշտեք հայկական կողմից, որովհետև դա կարող է լինել տեղեկատվական թակարդ, որտեղ ադրբեջանցիները կարող են հաղթանակ տանել»,- ասաց Թևան Պողոսյանը:

 

Ռիչարդ Կիրակոսյանը ուրախությամբ նշեց, որ հայ պատգամավորները ամենապատրաստված, ակտիվ ու խելացի պատգամավորներն էին այդ սեմինարի մասնակիցների մեջ: «Դժբախտաբար, մթնոլորտը ոչ թե վտանգավոր, այլ ագրեսիվ էր, որովհետև ադրբեջանցիներմ ուզում էին կռիվ տալ, այլ ոչ լսել»,- ասաց քաղաքագետը:

 

Իսկ Կորյուն Նահապետյանը նշեց, որ իրենք շեշտադրել են այն, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ԽՍՀՄ փլուզումից հետո ԼՂ ժողովուրդը ինքնորոշվել է` ԼՂ-ն հռչակելով անկախ պետություն: Ադրբեջանցիների շեշտադրումներն էին, որ Ադրբեջանի տարածքները օկուպացված են, որ Հայաստանը ագրեսոր է և այլն:

 

«Սև քարոզչությունը և հայատյացությունը կազմում են ադրբեջանական պաշտոնական քաղաքականության մի մասը: Նրանք պատրաստակամություն չունեն կառուցողական քննարկման, իսկ մեր մասնակցության կոչը դա էր, և նաև մենք խնդիր ունեինք հստակ ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը»,- ասաց Կորյուն Նահապետյանը: