կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-17 20:32
Հասարակություն

Չինական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի արբանյակային ծրագրով

Չինական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի արբանյակային ծրագրով

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց «Մեծ պատ» չինական արդյունաբերական ընկերության և Տիեզերական տեխնոլոգիաների չինական ակադեմիայի ներկայացուցիչներին։

 

«Չինական Մեծ պատ արդյունաբերական կորպորացիան» (ՉՄՊԱԿ) և «Տիեզերական տեխնոլոգիաների չինական ակադեմիան» (ՏՏՉԱ) մաս են կազմում «Չինաստանի տիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիայի», որը Չինաստանի միակ պետական կառույցն է, որը պատասխանատու է տիեզերագնացության և տիեզերքի հետազոտման ոլորտի համար:

 

Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը, ներկայացնելով Հայաստանի տիեզերական ծրագիրը, նշեց, որ նախատեսվում է ստեղծել Հայաստանի Հանրապետության կապի և հեռուստահեռարձակման արբանյակ, և այս ոլորտում նախարարությունը տարբեր երկրների հետ համագործակցության եզրեր է փնտրում:

 

«Ծրագիրը մեկնարկել է 2012 թվականից, և այսօր ուղեծրային դիրքի կոորդինացման աշխատանքների փուլում ենք: Այս ոլորտում խոշոր կազմակերպությունների կողմից ունենք բավական առաջարկներ խորհրդատվության, կառավարման առումներով: Ձեզ նույնպես կներկայացնենք մեր առաջարկները, և կսպասենք ձեր արձագանքին»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:

 

«Մեծ պատ» չինական արդյունաբերական ընկերության փոխնախագահ Չժաո Չունչաոյի խոսքով՝ չինական կողմը պատրաստակամ է աշխատել հեռահաղորդակցության հայկական արբանյակի նախագծման, կառուցման, ուղեծիր դուրսբերման, դրա ղեկավարման և սպասարկման, հայ համապատասխան մասնագետների վերապատրաստման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: