Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիմնականում համալսարանական ավարտական հանդիսությունները ավանդական ձևով են անցկացվում` տոնական ճառեր, թիկնոցներ, դիպլոմների հանձնում և ձեռքսեղմումներ: Նույնիսկ եթե շրջանավարտները փոքր «հանդգնությունների» են դիմում, դրանք շատ հազվադեպ են դառնում ավանդական: Բայց պետք է նշել, որ նման դեպքեր գրանցվել են և արժանի են հիշվելու և ավանդույթ դառնալու: Մենք փորձել ենք առանձնացնել ավարտական հանդիսությունների ամենահետաքրքիր ավանդույթները:
Հարվարդի համալսարանում շրջանավարտները հատուկ թիկնոցներ և գլխարկներ են դնում, որոնք, ի դեպ, վարձակալում են համալսարանից, իսկ վարձակալության գումարը համարվում է նվիրատվություն համալսարանին: Թիկնոցներն ունեն տարբեր գույների տարբերանշաններ, որոնք խորհրդանշում են բակալավրի, մագիստրոսի աստիճանը կամ քոլեջը: Բուն արարողության ընթացքում հիմնականում 2 ուսանող է ելույթ ունենում: Նրանցից մեկը լատիներենով կարդում է Մարաթոնում աթենացիների հաղթանակի մասին լուրը հայտնելու համար 42 կմ վազած զինվորի ավետիսը, իսկ մյուսը այլ` ցանկացած թեմայով ելույթ է ունենում: Պետք է նշել, որ դա շատ պատվաբեր է, և այս մասին մարդիկ անգամ նշում են իրենց կենսագրականներում:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում ավարտական արարողությանը կրում են Brass Ring կոչվող հատուկ մատանիներ, որոնց դիզայնը ամեն տարի որոշում է ավարտող կուրսը: Մատանու վրա պատկերված են լինում համալսարանի խորհրդանիշն ու լոգոն, նշանաբանը, կնիքը, կուրսի գաղտնանշանը, ամսաթիվը: Արարողակարգի ոչ պաշտոնական մասում համալսարանի նախկին ուսանողները ձերբազատվում են հին և անպետք իրերից` կահույք, գրքեր, էլեկտրոնային տեխնիկա և այլն: Այս ամենի գլխավոր նպատակը ինչքան հնարավոր է շատ աղմուկ հանելն է: Համարվում է, որ այդ ավանդույթի սկիզբը դրել է մի ուսանող, ով 40 տարի առաջ` ավարտական երեկոյի ժամանակ, տանիքից դաշնամուր է ցած գցել: Ավանդույթի մասին նախօրոք զգուշացվում է բոլորին, որպեսզի աշխատակիցներից և ուսանողներից ոչ ոք պատահաբար չտուժի:
Ջորջթաունի համալսարանում շրջանավարտները յուրաքանչյուր 5-6 տարին մեկ քանդում են Healy Hall գլխավոր աշտարակի ժամացույցի սլաքներն ու ուղարկում Վատիկան: Պահակազորը փորձում է կանխել դա, բայց աշտարակի ժամացույցից սլաքները պարբերաբար անհետանում են:
Վիրջինիայի համալսարանի ուսանողների շրջանում մի շատ հետաքրքիր ավանդույթ կա: Նրանք մինչև ավարտականի արարողակարգը մերկ վազում են մինչև Հոմերոսի արձանը և համբուրում նրա հետույքը:
Քեմբրիջի համալսարանում շրջանավարտը ծնկի է իջնում համալսարանի փոխտնօրենի առջև, ով սեղմում է նրա ձեռքը, ապա ուսանողին շնորհում համապատասխան աստիճանն ու հանձնում դիպլոմը:
Ճապոնիայի որոշ բուհերում մի ավանդույթ կա, ըստ որի` ուսանողները քննություններին իրենց հետ տանում են թալիսման-շոկոլադ KitKat-ը, քանի որ kitto katsu-ն ճապոներենից թարգմանաբար նշանակում է` «ես, իհարկե, հաղթելու եմ»:
Մոսկվայի բժշկական ակադեմիայում շրջանավարտները վիրակապում են Պիրոգովի և Սեչենովի արձանները: Ասում են, որ դա այնքան անվնաս արարք է և ծիծաղելի, որ ոստիկանությունը երբեք չի միջամտում և ընդամենը կողքից ներողամտաբար հետևում է շրջանավարտներին:
Փրինսթոնի համալսարանում ավարտական արարողությունից հետո շրջանավարտներն անցնում են Fitzrandolph Gates-ով, որը Nassau Street-ի կողմից գլխավոր դարպասն է: Հենց այդ դարպասով են նրանք մտնում իրական աշխարհ: Ընդ որում` ենթադրվում է, որ այն ուսանողները, ովքեր օգտագործում են այդ դարպասը համալսարանից դուրս գալու նպատակով, մինչ համալսարանն ավարտելը ռիսկի են դիմում` մեծացնելով համալսարանից դուրս մնալու հավանականությունը:
Արգենտինայի համալսարաններում շրջանավարտների վրա ձու, մանանեխ, գինի և այլ մթերքներ նետելու սովորույթ կա: