կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-03 18:01
Հասարակություն

Թե ո՞նց ենք ապրում, մենք էլ չենք հասկանում. Արսեն Խոջոյանի ընտանիքն օգնության կարիք ունի

Թե ո՞նց ենք ապրում, մենք էլ չենք հասկանում. Արսեն Խոջոյանի ընտանիքն օգնության կարիք ունի

Երբ դեռեւս մարտ ամսին հայտնի դարձավ, որ 23-ամյա Արսեն Խոջոյանը գերի է ընկել, իրարանցում բարձրացավ, գերի էին տարել մեր հայրենակցին: Արսենին գերությունից հետ վերադարձրին ապրիլի 10-ին, և հիմա տղայի առողջական վիճակն օր օրի ավելի է վատանում: Բուժման ծախսը, այո, առողջապահության նախարարությունն իր վրա վերցրեց, տրամադրեց բուժման դեղերը, բայց դրանով տղայի ընտանիքի հոգսը չթեթևացավ: Գերությունից վերադարձած տղայի ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է ապրում. արդեն վաղուց ԶԼՄ-ները գրել են, որ Արսենը Տավուշում չէ, այլ Գեղարքունիքի մարզում` Սևանում, անասուններ է պահում, որ ընտանիքը կարողանա ապրել: 

 

Yerkir.am-ի հետ զրույցում Արսենի մայրը` Սվետլանա Խոջոյանը, նշեց, որ մի կերպ են ծայրը ծայրին հասցնում, թե ինչպես են ապրում /Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում/, իրենք էլ չեն հասկանում:

 

«Յոթ երեխա ունեմ, բայց միայն ես եմ աշխատում, էն էլ գյուղապետն ա դասավորել` մշակույթի տանը տեխնիկակական աշխատող եմ, 22 000 դրամ եմ ստանում: Յոլա ենք գնում, ճար չկա»,- ասում է տիկին Սվետլանան:

 

Նա 7 երեխա ունի, որոնցից չորսն անչափահաս են, տղաներից մեկը զինծառայող է, բայց փող գրեթե տուն չի բերում` «չեն թողնում պոստեր բարձրանա, օրենքն է, էլի», իսկ մյուս տղան հաշվառված է` բանակ գնալու համար, սակայն առողջական խնդիրներ ունի, ինչի պատճառով էլ դեռ ձգձգվում է զորակոչը:

 

«Սրտի հետ կապված խնդիրներ ունի, հեն ա` այսօր էլ են կանչել, բայց դեռ տուն չի եկել, չգիտեմ էլ` ինչ կլինի: Երեխեքից երկուսը դպրոց են գնում: Աղջիկս էլ լավ չի` 12-մատնյա աղիքի հետ կապված խնդիր ունի, ասել են` եթե դեղերը չօգնի, պիտի վիրահատենք: Է, ինչո՞վ վիրահատենք, ինչո՞վ օպերացիայից հետո պահենք: Էն է` մի կով ունեինք, ծախեցինք, որ գա Երևան, պառկի, բուժվի, ճանապարհածախս ա, բան ա»,- ասում է տիկին Սվետլանան:

 

Ի դեպ, որքան էլ զարմանալի հնչի, ընտանիքն անգամ նպաստ չէր ստանում, միայն վերջերս խոստացել են հարցը լուծել` «վարչապետն անձամբ է հրամայել»:

 

Տիկին Սվետլանայի ամուսինն էլ ֆիզիկապես ի վիճակի չէ օգնել ընտանիքին, տրակտորով աշխատելիս արկը պայթել է, այժմ առողջական խնդիրներ ունի, վիրահատության ենթակա չէ, քանի որ «վզի տակի ոսկորը շատ ա մոտեցել շնչափողին, բժիշկները վախենում են, որ շնչափողը կծակվի, փաստորեն, հաշմանդամ ա, բայց թոշակ չի ստանում»: Նա այժմ գնացել է Էջմիածին` մի թեթև աշխատանք գտնելու հույսով:

 

Ընտանիքի հոգսերը սրանով չեն ավարտվում: «Եքա վարկ ունենք գլխներիս: Քամուց տունը փուլ էր եկել գլխներիս, պատուհան, դուռ ջարդվել էր: Արսենն էլ վարկեր էր վերցրել` պատուհանը փոխեց, պատ-մատ շարեց, բայց կիսատ-պռատ մնաց: Չնայած նենց չի, որ գլխներիս տանիք չկա: Հիմա վարկերի տոկոսի ձեռքը չգիտենք` ինչ անել: Վարկերը փակելու համար էլ Արսենը գնացել է Սևան` անասուն պահելու, մի երկու կոպեկ աշխատելու: Եսիմ, է, բժիշկներն ասել են, թե, ոչինչ, պետք չի, որ պառկի Արսենը, կարա աշխատի, բայց վիճակն էն չի»,- ասում է տիկին Սվետլանան` հավելելով, որ տղան Սևանում իրենց ծանոթի տանն է ապրում:

 

Տիկին Սվետլանայի հավաստմամբ` վերջին շրջանում տղան թույլ էր զգում իրեն, քթից արյուն էր գալիս, ոտքերը, թևերը, մեջքը ցավում են. «Արսենը չխոսկան է դարձել, դե, ես էլ չեմ ուզում հարցեր տամ` ցավը թարմացնեմ, բայց ասում ա` բան էլ չեն սրսկել ինձ ու թեման փակում: Ինքը զադ էլ չի ուտում ըսկի` ախորժակ չունի: Էսքանից հետո, որ ասեմ` լավ ենք ապրում, կհավատա՞ս»:

 

Ընտանիքն անասուններ էլ չունի` մեկ ոչխար ու մեկ էշ, բայց դրանք, տիկին Սվետլանայի խոսքերով, հեչ, «գոնե կով լինի, կաթ կտա, լի»:

 

Տիկին Սվետլանան նշեց նաև, որ երբ Արսենը սարերում անասուն պահելիս է եղել, ադրբեջանցիները մի ոչխար են փախցրել. «Տա մերը չէր, ուրիշինն էր, բայց մեր ոչխարը դրա տեղը փոխ տվեցինք: Ի՞նչ անենք, է, չգիտեմ: Գոնե մեծամեծները խառնվեին, մեր վարկը ժամանակավոր կանգնեցնեին` մինչև նորմալ աշխատանք գտնենք, թե չէ` տոկոսի օրերը գլխներիս թուր ա դարձել կախված»…

 

Հիշեցնենք, որ երեկ Արսեն Խոջոյանին հետազոտել են Հրազդանի բժշկական կենտրոնում: Հետազոտվելուց հետո տղան տեղափոխվել է տուն: Նշանակվել է դեղորայքային բուժում, անհրաժեշտ դեղերը հատկացվել են։ Նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

 

Կարինե Հարությունյան