Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ կինոգետ Դավիթ Մուրադյանն այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի ունեցած մրցույթի ժամանակ բուհի ռեկտոր ընտրվեց: Մուրադյանը նշեց, որ ինստիտուտն իր ամբողջ կենսագրության հետ կապված աշխատավայր է` այս տարի լրանում էր 20-րդ տարին, ինչ Մուրադյանն աշխատում է թատերականում:
«Այնպես որ` ես իմ տնից ոչ մի տեղ չեմ գնացել, պարզապես այդ տան պատասխանատվությունը հիմա ինձ է տրվել, որին կփորձեմ արժանի լինել: Իմ ծրագրում բոլոր կետերը համակցված են իրար, որոնք վերաբերում են ուսամնակրթական, ուսումնագիտական գործընթացին, նյութատեխնիկական բազային, միջազգային կապերին»,- ասաց նա:
Նոր ռեկտորը տեղեկացրեց նաև, որ ուսանողական կինոհեռուստաստուդիա հիմնադրելու ցանկություն ունի. ինստիտուտը 500 քմ տարածք ունի, որն էլ կծառայի այդ նպատակին: Նման կինոստուդիան, ըստ Մուրադյանի, կծառայի նաև ուսումնապրոցես պատրաստելու, կուրսային ու դիպլոմային աշխատանքներ նկարահանելու համար:
«Ասում են` շուկան մշակույթ է թելադրում, այո, սրա հետ պետք է հաշվի նստել, բայց մեր խնդիրն այն է, որ մշակույթը շուկա թելադրի, իսկ սա հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն ուսանողները, ովքեր դուրս են գալիս այս ինստիտուտից, իրենց մշակութային պոտենցիալով ձևավորեն այդ մթնոլորտը»,- ասաց Մուրադյանը:
Նա, ի դեպ, ուսանողական` մշտապես գործող թատրոն բացելու ծրագիր էլ ունի, քանի որ, Մուրադյանի կարծիքով, ուսանողը, որպես դերասան, պետք է ձևավորվի ոչ միայն լսարանում կամ փորձասենյակում, այլ նաև բեմի վրա, հանդիսատեսի հետ կենդանի շփման միջոցով:
Մուրադյանը նաեւ վստահ է` այն շենքը, որ խոստացել են Համազգային թատրոնին, և որը Սոս Սարգսյանի անունը, գործը, հիշատակը կհավերժացնի, շատ շուտով կկառուցվի, և Համազգայինը կունենա իրեն արժանի հասցե, իսկ այդ բեմը կդառնա թատերականի ուսանողական թատրոնի բեմը:
Ինչ վերաբերում է ինստիտուտի առջև ծառացած ֆինանսական խնդիրներին, ապա ռեկտորը տեղեկացրեց, որ ինքը ստանձնել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնն այն ժամանակ, երբ կառավարությունն այդ պարտքերի գլխավոր մասն արդեն փոխհատուցել էր: «Հիմա մի փոքրիկ վարկային պատմություն կա` ավտոմեքենայի հետ կապված, որը մենք մարում ենք»,- տեղեկացրեց նա:
Հարցին, թե, նրա կարծիքով, ինչո՞վ էր պայմանավորված այն հանգամանքը, որ ռեկտորի թափուր պաշտոնի համար այդպես էլ, բացի իրենից, ոչ ոք չէր դիմել, Մուրադյանը պատասխանեց, թե չի կարող ասել, քանի որ հավանական թեկնածուների մեջ կային մարդիկ, ովքեր ունեին մեծ պոտենցիալ և հեղինակություն:
«Ես իմ հայտը ներկայացրել եմ օրենքով սահմանված ժամկետի նախավերջին օրը, այսինքն` մինչ այդ ես էլ էի սպասում, որ տեսնեի` ովքեր են դիմելու: Ես մի առիթով ասել եմ, որ սիրով կաշխատեի այն բուհում, որը կղեկավարեր Ռուբեն Բաբայանը կամ Հակոբ Ղազանչյանը»,- ասաց Մուրադյանը: