կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-02 15:00
Քաղաքական

Ողբերգություն չէ, որ ՀՀ-ն ՄՄ-ին անդամակցում է առանց Արցախի. ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար

Ողբերգություն չէ, որ ՀՀ-ն ՄՄ-ին անդամակցում է առանց Արցախի. ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար

ՀՀ նախագահի հայտարարություններն առանց ԼՂՀ-ի ՄՄ-ին միանալու` Հայաստանի հեռանկարների մասին, ինչպես նաեւ այն դիտարկումը, թե «այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը, գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով, Հայաստանի մաս չէ այսօր կազմում», ԼՂՀ-ում ընդունում եւ ընկալում են' իրականության տեսանկյունը հաշվի առնելով: Իրավական տեսանկյունից' Արցախն անկախ պետություն է: Մտածել, որ Հայաստանի Հանրապետության հետ Արցախն էլ է մտնում ՄՄ, կնշանակի, որ Արցախը Հայաստանի մի մասն է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում այսօր ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը' հռետորական հարցով հավելելով. «Հիմա ՀՀ նախագահը ո՞ր պահն է սխալ ասել»:

 

Զուտ իրավաբանորեն, նշեց Բաբայանը, իհարկե, Արցախը Հայաստանի Հանրապետության մաս չէ: «Մենք ունենք ընդհանուր հայրենիք, ընդհանուր Հայաստան, բայց այդ Հայաստանը բաղկացած է Հայաստանի Հանրապետությունից եւ Արցախի Հանրապետությունից: Եվ Արցախը հայտ չի ներկայացրել` Մաքսային միությանը կամ որեւէ այլ միության կամ կազմակերպության միանալու կամ անդամակցելու համար: Հետեւաբար, ՀՀ-ն, ինչպես նաեւ ԱՀԿ-ին անդամակցելիս, անդամակցում է առանց Արցախի: Այստեղ որեւէ ողբերգություն չկա, այլ, ընդհակառակը, իրականությունն է»,- նշեց Դավիթ Բաբայանը:

 

Անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանը' «մեր պատկերացումներով` Արցախը Հայաստանի մաս չէ», ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը նշեց, թե դա եւս իրականություն է' պատկերացումների առումով` կարելի է Հայաստանը պատկերացնել` ընկալելով պատմական Հայաստանը, աշխարհագրորեն, մշակույթը հաշվի առնելով և այլն:

 

Դավիթ Բաբայանի դիտարկմամբ` կարելի է նաև, Հայաստան ասելով, նկատի ունենալ նաև Սփյուռքը, բայց կարելի է ընկալել Հայաստանը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ' պետություն իմաստով, ու այդ դեպքում, իրոք, Արցախը Հայաստանի մաս չէ: Արցախում, նշեց Դավիթ Բաբայանը, հենց վերջին իմաստով' որպես միջազգային իրավունքի սուբյեկտ են ընկալել ու մեկնաբանել ՀՀ նախագահի գնահատականը, թե «մեր պատկերացումներով` Արցախը Հայաստանի մաս չէ»:

 

Ինչ վերաբերում է օրերս լայն թափով քննարկվող տեսակետին, թե Նազարբաեւի հայտարարությունը ենթադրել է տալիս, որ ՀՀ եւ ԼՂՀ սահմանին մաքսակետ կտեղադրվի, ապա, ըստ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարի, այդպիսի բան երբեք չի կարող լինել, ու, ըստ էության, այդ հարցի պատասխանը տվեց հենց Նազարբաևը' նշելով, թե Հայաստանը պետք է անդամակցի ՄՄ-ին նույն պայմաններով, ինչ ԱՀԿ-ին է անդամակցել, իսկ այդ դեպքում մաքսակետ չի ենթադրվում:

 

«Հայաստանն արդեն 11 տարի է, ինչ ԱՀԿ-ին է անդամակցում, այս ընթացքում որևէ մեկը Հայաստանի և ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ տեսե՞լ է»,- հռետորական հարց տվեց Դավիթ Բաբայանը եւ, ավարտելով իր դիտարկումը, նշեց, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն իրար հետ մի ընդհանուր տնտեսական տարածք են կազմում, ու այդ տարածքում մաքսակետեր չեն լինելու: