Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես ասել եմ` կա'մ մուրացկանություն մի արեք, կա'մ մի եկեք ստեղ»,- դատարանում տված իր ցուցմունքում նշեց Արմանը, ով մեղադրվում է չորս անչափահասների մուրացկանության մեջ ներգրավելու ու գողության դրդրելու մեջ: Սակայն նրա ցուցմունքները հակասական էին` ասում էր նաև, թե չի արգելել մուրացկանությամբ զբաղվել, քանի որ ապրելու համար փող էր պետք:
Արմանը, սակայն, միանշանակորեն ընդունեց իր մեղքը` տղաներից մեկին` Ալբերտին, գողության դրդելու մասով: Համաձայն մեղադրականի` 18-ամյա Ալբերտը, երկու անչափահաս տղաների հետ նախնական համաձայնությամբ, ներգրավվել և մասնակցել է Արմանի կողմից կազմակերպված` Նոր Արեշ 46 փող. 76 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետից գողությանը: Գողացել են մոտ 120 հազար դրամ արժողությամբ գազի բալոն, որը վաճառել են 30 հազար դրամով:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել նաև ավտոտեխսպասարկման կետի պատասխանատու Գեղամ Սարգսյանը, ով նշեց, թե ճանաչում է Ալբերտին` իրենց մոտ աշխատել է, ու Էրեբունու ոստիկանության բաժնից է իմացել, որ գողությունը Ալբերտն է արել: Նշեց նաև, որ պարտք ու պահանջ չունի Ալբերտից:
Արմանն իր ցուցմունքներում պնդեց, թե այդ գողությունն այնքան էլ «գողություն» չի եղել, քանի որ իբր վկա Գեղամը Ալբերտին փող է պարտք եղել ու չի տվել, փորձել են այդպես «վերադարձնել» հասանելիքը: Սակայն դատավարությունը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանի հարցին, թե ինչո՞ւ վկային դրա մասին չասացին, երբ նա դատարանում էր, տղաները պատասխան չունեին:
Նշենք, որ Ալբերտը բավական ժամանակ է` հետախուզման մեջ է եղել, այդ իսկ պատճառով նրա մասով գործն առանձնացված է եղել: Իսկ երբ հայտնաբերվել է, գնացել է դատական նիստին, նրա հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Նրա պաշտպան Գուրգեն Մադոյանը միջնորդել է դատարանին իր պաշտպանյալի հանդեպ կիրառել համաներում, քանի որ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով: Գործով մեղադրող Արիս Բաղդասարյանը չի առարկել միջնորդությանը: Դատարանը բավարարել է միջնորդությունը` 18-ամյա Ալբերտի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, և գործի վարույթը` կարճվել: Վերացվել է նաև նրա հանդեպ կիրառված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք, որ այս գործի առանցքային դեմքը մեղադրյալ Արմանն է, որի հանդեպ խափանման միջոց է ընտրված կալանավորումը: Նա նիստի ժամանակ իր խոսքում հաճախ էր հիշում իր` «բերդում» լինելն ու իր անմեղությունն ապացուցելու անճարությունը: Արմանը պնդում է, թե գործով անցնող տուժողներին ու վկա Մարինեին օգնել է, շատ է օգնել` հագուստ ու ուտելիք է տվել, նույնիսկ դատարանում իր դեմ ցուցմունք տալու նրանք եկած են եղել իր նվիրած հագուստներով:
Ի դեպ, այս գործով դատարան չի ներկայանում վկա Մարինեն, որի` նախաքննության ժամանակ տված ցուցմունքը երեկ հրապարակվեց: Համաձայն դրա` Մարինեն Մաշտոցի փողոցում հայտարարություն է տեսել, որ կինոնկարահանումների համար աղջիկ-տղաներ են պետք: Գնացել է համապատասխան հասցեով, հանդիպել Արմանին, ով քաստինգին գրանցվելու համար 10 հազար դրամ է ուզել, հետո երբ իմացել է, որ աղջիկը չունի գումար, «դասավորել» է, որ նկարահանումներից հետո վճարի գումարը: Մարինեն ցուցմունք է տվել, որ Արմանի վարձակալած գրասենյակում նրա օգնականն է աշխատել, տեսել, որ տղաները այնտեղ գիշերում են, Արմանը նրանց «աշխատանքի է ուղարկում», հետո նրանք Արմանին գումար են տալիս:
Այս գործով հաջորդ դատական նիստը մայիսի 31-ին է: Դատաքննությունն ավարտվել է, գործը մտել է դատական վիճաբանության փուլ: