կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-26 10:09
Սպորտ

Համոզված եմ, որ առնվազն 2 փուլ կհաղթահարենք Եվրոպայի լիգայում. Սերժ Դեբլե

Համոզված եմ, որ առնվազն 2 փուլ կհաղթահարենք Եվրոպայի լիգայում. Սերժ Դեբլե

«Շիրակ»-ի իվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին: Հարձակվողը խոսել է Հայաստանի 22-րդ առաջնությունից և իր` «Շիրակ»-ի կազմում անցկացրած մրցաշրջանից.

 

«Առաջնությունը շատ հետաքրքիր ստացվեց, հատկապես` աշնանային հատվածը: Բոլոր թիմերը շատ լավ ֆուտբոլ էին ցուցադրում, իսկ վերջնամասը շատ լարված էր: Միանգամից 4 թիմեր պայքարում էին չեմպիոնության համար: Իհարկե, մեր ներուժով մենք կարող էինք նաև պահպանել մեր տիտղոսը, սակայն սա ֆուտբոլ է՝ մի օր դու հաղթում ես, մի օր էլ պարտվում: Մենք առաջնության ողջ ընթացքում անթույլատրելի միավորներ կորցրեցինք, դրա համար էլ չհաջողվեց կրկին չեմպիոն դառնալ:  Բայց մենք ուրախ ենք, որ զբաղեցրեցինք երկրորդ հորիզոնականը և հնարավորություն ստացանք մասնակցելու Եվրոպա Լիգային: Այստեղ արդեն ավելի հավաքված կխաղանք, և համոզված եմ, որ առնվազն երկու փուլ կհաղթահարենք: Ամփոփելով` ասեմ, որ իմ առաջին մրցաշրջանը «Շիրակ»-ում  համարում եմ հաջողված»:

 

Խոսելով «Շիրակ»-ի, ակումբի երկրպագուների և իր թիմակիցների մասին` Դեբլեն ասաց հետևյալը. «Ես միանգամից հարմարվեցի թե' թիմին, թե' իմ խաղընկերներին, թիմի խաղաոճին: Գյումրին էլ եմ շատ հավանում, հյուրընկալ մարդիկ են այստեղ ապրում: Իսկ մեր երկրպագուները լավագույնն են: Նրանք միշտ մեր կողքին են՝ պատրվելիս լինենք, թե հաղթելիս, խաղանք տանը, թե մրցակցի հարկի տակ: Մենք էլ միշտ ամեն բան անում ենք, որպեսզի չհիասթափեցնենք նրանց: Չէ որ ֆուտբոլը գեղեցիկ է նաև երկրպագուներով»:

 

«Շիրակ»-ն  այս տարվա փետրվարի 8-ին ընկերական հանդիպում անցկացրեց MLS-ի լավագույն թիմերից մեկի՝ ԼԱ Գելեքսիի հետ: Սերժ Դեբլեն դարձավ այդ հանդիպման` «Շիրակ»-ի միակ գոլի հեղինակը: Զրույցում Դեբլեն նշել է, որ դա շատ կարևոր հանդիպում էր իր կարիերայում. «Մենք խաղում էինք ԱՄՆ-ի լավագույն ակումբներից մեկի հետ, որն իր կազմում մի շարք հանրահայտ ֆուտբոլիստներ ունի: Այդպիսի մակարդակի թիմերի հետ ընկերական հանդիպումները մեզ վստահություն են տալիս, և մենք կարողանում ենք գնահատել մեր իրական ուժերը: Ճիշտ է, մենք պարտվեցինք  (1:2) այդ հանդիպման ժամանակ, սակայն ինձ հաջողվեց գոլ խփել և ուրախ եմ, որ կարողացա ուրախացնել ավելի քան 9000 հայերի, ովքեր ներկա էին այդ հանդիպմանը»: