կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-20 14:53
Տնտեսական

Կառավարությունն ընդերքօգտագործման ոլորտում հումքի արդյունահանումից փորձելու է անցնել վերամշակմա՞ն

Կառավարությունն ընդերքօգտագործման ոլորտում հումքի արդյունահանումից փորձելու է անցնել վերամշակմա՞ն

Թե' բնապահպանները, թե' ոլորտի մասնագետները, թե' տնտեսագետները բազմիցս են անդրադարձել Հայաստանի ընդերքօգտագործման հարցերին: Միշտ էլ նշվել է, որ Հայաստանում ընդերքօգտագործումը շատ ավելի լավ կարելի էր կազմակերպել' հանքարդյունահանող արդյունաբերությունից ու հումքի արտահանողից վերամշակող արդյունաբերության անցման միջոցով: Սա, իհարկե, մեծ ծախսեր է պահանջում, ինչ խոսք, բայց միջազգային փորձը ցույց է տալիս, որ եթե երկիրը ոչ թե պարզունակ մեխանիզմով է ընդերքն օգտագործում' ուղղակի արդյունահանելով ու հումք արտահանելով, այլ ներդնում է արդյունահանված հումքը վերամշակելու տեխնոլոգիաներ, ապա շահույթն ավելի մեծ է լինում, վնասը' ավելի փոքր, դրան գումարած' լուծվում են նաև սոցիալական մի շարք խնդիրներ' լրացուցիչ աշխատատեղեր են ստեղծվում:

 

Այս առումով ուշագրավ է ընդերօգտագործման ոլորտում կառավարության քաղաքականությունը, որ նշված է կառավարության ներկայացրած ծրագրում: Ըստ այդմ' կառավարությունը նախատեսում է առավել շահութաբեր, տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող և էներգախնայող արտադրատեսակների արտադրության կազմակերպում, օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման ընթացքում բարձր արդյունավետություն ապահովող տեխնոլոգիաների կիրառության խթանում, ինչն ընդերքի բարձր արտադրողական և համալիր օգտագործման հնարավորություն կընձեռի ՝ շրջակա միջավայրի վրա ունենալով նվազագույն բացասական ազդեցություն, նաեւ` ընդերքօգտագործման ոլորտում տեղեկատվության թափանցիկություն ու հասանելիություն, օտարերկրյա ներդրումները խթանելու համար կիրականացվի օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների անձնագրերի (քարտեզներ և երկրաբանական փաստագրման առաջնային նյութեր) թվայնացում, իսկ թվայնացված տեղեկությունը կհրապարակվի համապատասխան կայքում:

 

Ընդամենը երեք ձևակերպում, որոնք, սակայն, շատ մեծ ծախսեր, համալիր մոտեցումներ ու լուծումներ պահանջող դրույթներ են: Ու հարց է' թե կառավարությունն ինչպես է դա իրականացնելու կամ կկարողանա՞, արդյոք, իրագործել` հաշվի առնելով, որ ընդերքօգտագործողները Հայաստանում ամենևին էլ վերջին էշելոնի ներկայացուցիչներ չեն...

 

Օրինակ' ընդերքօգտագործման ոլորտում Հայաստանի համար կարևոր է ոչ միայն հանքարդյունաբերությունը, թեև դա ամենակարևորն է' հաշվի առնելով, որ մեր երկրի արդյունաբերության ամբողջ կառուցվածքում առյուծի բաժինը հասնում է հենց հանքարդյունաբերությանը, այլև, օրինակ, ընդերքային ջրերի առավել ռացիոնալ ու մտածված օգտագործումը, որպեսզի, օրինակ, Արարատյան դաշտի արտեզյան ավազանին վտանգ չսպառնա: Իսկ Արարատյան արտեզյան ավազանի շուրջ ստեղծված իրավիճակի մեղավորները հիմնականում արտեզյան հորերի հիմքով աշխատող ձկնաբուծարաններն էին: Իսկ թե ո՞ւմ է պատկանում այդ ձկնաբուծարանների մեծ մասը, բոլորն են հիշում' մամուլը դրա մասին բազմիցս գրել է: