կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-13 15:13
Քաղաքական

Հակաճգնաժամային 24-րդ միջոցառմամբ օժանդակություն կստանան գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարողները

Հակաճգնաժամային 24-րդ միջոցառմամբ օժանդակություն կստանան գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարողները

Օգոստոսի 13-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանչորսերորդ միջոցառումը։ Միջոցառման նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին գյուղատնտեսական հումքի, այդ թվում՝ խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը և խաղողի գնումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմանը:

Հիմնավորելով միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նախատեսվող գործողությունները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, նշել է, որ ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտահանման հիմնական շուկաներում կորոնավիրուսի տարածումն ուղղակի ազդեցություն է թողել կոնյակագործության և գինեգործության ոլորտի կազմակերպությունների գործունեության վրա, արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչն ազդել է նաև վաճառքների ծավալների վրա։

«Մենք երկար քննարկումներ ենք անցկացրել ոլորտը ներկայացնող հիմնական կազմակերպությունների հետ և փորձել ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք նպաստել, որպեսզի այդ կազմակերպություններն իրենց խնդիրները լուծեն և, որն ավելի կարևոր է, գյուղացիական տնտեսությունները, որոնք ունեն խաղողի արտադրանք, ժամանակին կարողանան վաճառել իրենց արտադրանքը և վճարվել մթերվող խաղողի դիմաց։

Փորձել ենք մնալ կառավարության աջակցության ներկա գործիքակազմի սահմաններում, որը մթերման շրջանում մթերող՝ կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին սուբսիդավորվող վարկերի հատկացումն է», - նշել է Տիգրան Խաչատրյանը։

Նախարարի խոսքով՝ միջոցառման շրջանակներում նախատեսվում է փոփոխություն կատարել գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի պայմաններում։ Մասնավորապես, 2020 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավրող սուբյեկտներին 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկերը կտրամադրվեն 0% տոկոսադրույքով։

Նախատեսվում է նաև ավելացնել գյուղատնտեսական հումքի մթերումների համար տրվող վարկերի գումարի մնացորդի շեմը՝ 1․8 մլրդ ՀՀ դրամից դարձնելով 3 մլրդ ՀՀ դրամ, վարկի մարման ժամկետը դարձնել 24 ամիս՝ նախկին 18 ամսվա փոխարեն, վարկի մարման արտոնյալ ժամկետը սահմանել 3-6 ամիս՝ նախկին 3 ամսվա փոխարեն։

Միջոցառման շրջանակում նախատեսվում է նաև փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում։ Մասնավորապես՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական հումքի վերամշակում իրականացնող տնտեսավրող սուբյեկտների համար լիզինգով ձեռք բերվող սարքավորումների և հիմնական միջոց հաշվառվող հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողությունների ու գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաների արժեքների հանրագումարի առավելագույն շեմը սահմանված 450 մլն ՀՀ դրամից դարձնել 1 մլրդ ՀՀ դրամ։

Ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին հնարավարություն կտրվի 2019 թվականին տրամադրված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված 12 ամիս ժամկետները երկարաձգել մինչև 15 ամիս՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ։

Բացի այդ, նրանց հնարավորություն կընձեռնվի վերադարձնել 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը կոնյակի սպիրտ և շշալցված կոնյակ արտահանող ընկերությունների կողմից վճարված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լրացուցիչ 100 դրամ և/կամ 25 դրամ պետական տուրքը։

Կսահմանվեն խաղողի մթերումների փաստաթղթավորման և վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ, որոնք էապես կբարձրացնեն գործընթացի թափանցիկությունը և արդյունավետությունը։

«Չափազանց կարևոր է, որ համագործակցության շրջանակում ներառված տնտեսվարող սուբյեկտները ցուցաբերեն բարձր պատասխանատվություն և կառավարության աջակցությամբ տրամադրվող ֆինանսական միջոցների առնչությամբ լինեն հաշվետվողականության շատ բարձր պահանջների բավարարող», - ամփոփելով իր խոսքը, նշել է նախարար Տիգրան Խաչատրյանը Միջոցառման իրականացման որոշումն ընդունելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում կսահմանվի, թե ինչպիսի տեղեկատվություն պետք է տրամադրեն ծրագրի շահառու մթերող կազմակերպությունները՝ հավաստիանալու համար, որ հատկացված միջոցները ծառայել են իրենց նպատակին։