կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-08 23:18
Արցախ

Կալիֆոռնիայի նահանգի խորհրդարանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Կալիֆոռնիայի նահանգի խորհրդարանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանը մայիսի 8-ին կայացած քվեարկությամբ ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

 

Քվեարկության արդյունքում` 70 կողմ եւ 1 դեմ ձայներով, ամերիկյան խոշորագույն նահանգներից մեկն ընդունել է դեռեւս մայիսի 5-ին Նահանգային ասամբլեայի իրավական հարցերով հանձնաժողովի ընդունած բանաձեւը, որով ներկայացուցչական մարմինը խրախուսում եւ աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես ազատ եւ անկախ պետություն զարգանալու ջանքերին, որպեսզի իր քաղաքացիների համար ապահովի ազատ եւ անկախ հասարակությանը վայել իրավունքներ:


Բանաձեւը Միացյալ Նահանգների նախագահին եւ Կոնգրեսին կոչ է անում աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը եւ ժողովրդավարական անկախությանը:

 

Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանը քարտուղարությանը հանձնարարել է բանաձեւի կրկնօրինակներն ուղարկել Միացյալ Նահանգների նախագահին եւ պաշտոնատար այլ անձանց:

 

Հիշեցնենք, որ բանաձեւի հիմնական հեղինակը նահանգային օրենսդիր Մայք Գաթոնն էր, որի նախաձեռնությանը զորակցել էին Հայ Դատի հանձնախումբը, ամերիկահայ մի շարք այլ կազմակերպություններ։ Հատկանշական է, որ ինչպես հանձնախմբում, այնպես էլ խորհրդարանի լիագումար նիստում բանաձեւին դեմ էին քվեարկել միայն մեկական պատգամավոր։

 

Ի դեպ, բանաձեւի դեմ լայնածավալ աշխատանք էին իրականացնում նաեւ հրեական լոբբիստական կազմակերպությունները. տեղեկացնում է «ԵրկիրՄեդիա»  հեռուստաընկերության կայքը։