| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ըստ «Ազատության»` երեկ ուշ երեկոյան Եվրախորհրդարանի շուրջ երկու տասնյակ պատգամավորներ հանդես են եկել ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարություններով:
Եվրախորհրդարանի լիագումար նիստում, որի ժամանակ քննարկվել է նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է. «Մենք մեծացնում ենք մեր ջանքերը հակամարտության կարգավորման նպատակով»: Ըստ նրա` հակամարտությունը շարունակում է սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանային անվտանգությանը: «Հարավային Կովկասը կարևոր տարածք է Եվրոպայի համար», - նշել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն:
Ընդգծելով, որ հրադադարի խախտման ծավալներն աննախադեպ են 1994 թվականից հետո, Ֆեդերիկա Մոգերինին նաև ուշադրություն է հրավիրել պաշտոնական Երևանի և Բաքվի հայտարարությունների վրա, ապա ասել. «Մենք ունենք լուրջ վտանգներ, եթե իրավիճակն անհապաղ չհանդարտվի»:
Մոգերինին հիշեցրել է, որ ապրիլի 2-ից սրված իրավիճակի կապակցությամբ կապ է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ապա ավելացրել է, որ առաջիկայում կշարունակի նրանց հետ քննարկել իրավիճակը: «Մեր ներկայացուցիչը տարածաշրջան է այցելում այս շաբաթ»,- հայտնել է Եվրամիության բարձր ներկայացուցիչը:
Մոգերինին Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչներին դիմել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական մարմինների, հասարակական կազմակերպությունների հետ շփումների միջոցով խնդրի կարգավորմանն աջակցելու խնդրանքով և վերահաստատել. «Ավելի քան պարզ է՝ հակամարտությունը չունի ռազմական լուծում»:
Ընդգծելով, որ Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին, նա ասել է. «Այսօր այս աշխատանքը կարևոր է, քան երբևէ»:
Եվրոպական խորհրդարանում հնչել են նաև Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ գնահատականներ:
Միացյալ Թագավորությունից Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Չարլզ Թանոքի խոսքով՝ ադրբեջանական զինուժի ռուսական զենքը, «ինչպես՝ «Սմերչ»-ը, հրթիռային կայանքները, ցույց է տալիս, որ կրկին գործում է Պուտինի քաղաքականությունը»: Նա նաև ուշադրություն է հրավիրել նավթի գների անկման վրա` ընդգծելով, որ, ռազմական դիվերսիա իրականացնելով, Ալիևը փորձում է շեղել ադրբեջանական հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից:
Չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան կարևոր է համարել շփման գծում համապատասխան սարքավորումների միջոցով ԵԱՀԿ-ի մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ առաջարկները, որոնք մերժում է Ադրբեջանը և ընդունում` Հայաստանը:
Լյուքսեմբուրգից ընտրված պատգամավոր Ֆրանկ Ինգիլը նշել է. «Այսօր Ադրբեջանը մնում է ագրեսոր, ինչպես որ ագրեսոր էր 24 տարի առաջ»: Լյուքսեմբուրգցի խորհրդարանականը Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր փոխզիջումների հարցի մասին է խոսել՝ հիշատակելով Բաքվում ազգային հերոսի դափնիների արժանացած Ռամիլ Սաֆարովին: Ինգիլը նրան որակել է «դաժան մարդասպան»: Ըստ պատգամավորի` միակ բանը, որը պետք է տեղի ունենա առկա իրավիճակում, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է: