կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-28 16:00
Սպորտ

Ֆուտբոլ. «Արարատ»-ի հայտարարությունը Աբրահամ Խաշմանյանի հեռացման վերաբերյալ

Ֆուտբոլ. «Արարատ»-ի հայտարարությունը Աբրահամ Խաշմանյանի հեռացման վերաբերյալ

«Արարատ» ակումբը նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու կապակցությամբ, հանդեես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը. 

«Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության` թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին որոշումը մեծ արձագանք ստացավ մեր ֆուտբոլային հասարակության շրջանակում: Որոշ «ֆուտբոլային վերլուծաբաններ» հանդես եկան իրականությունը խեղաթյուրող հոդվածներով: Ցանկություն չունենալով մեկնաբանել նմանատիպ «հոդվածները»` «Արարատ» ֆուտբոլային ակումբը հարկ է համարում պարզաբանել ստեղծված իրավիճակը:


«Միկա»-ի հետ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի հանդիպումից հետո կայացած հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում «Արարատ»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հնչեցրեց հետևյալ մտքերը. «Այնպիսի տպավորություն է, որ մենք մեզ սպառել ենք», «Ի՞նչ չեմպիոնության մասին է խոսքը այսպիսի խաղի պայմաններում», «Այսպիսի խաղով թիմն արժանի չէ չեմպիոնության»:

 

«Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը գտնում է, որ թիմն իրեն չի սպառել: Միևնույն ժամանակ, նման արտահայտություններ իրեն թույլ տվող, նման դիրքորոշում և տրամադրվածություն ունեցող մարզիչը այլևս անելիք չունի թիմում, քանի որ նրա խոսքերը բերում են այն եզրակացության, որ նա չի տեսնում թիմի խաղը բարելավելու և առաջընթացն ապահովելու ճանապարհը: Մարզչի անկումային տրամադրությունը փոխանցվել էր նաև ֆուտբոլիստներին: Ելնելով ստեղծված իրավիճակից, «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը կայացրեց մարզչի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին որոշում:

 

Հարկ ենք համարում նշել, որ «Արարատ» ֆուտբոլային ակումբի սեփականատերերը և ղեկավարությունը ջանք ու եռանդ, ինչպես նաև միջոցներ չեն խնայում`ակումբի առաջընթացը ապահովելու համար: Ընթացիկ մրցաշրջանի առաջին և երկրորդ կեսերին նախապատրաստվելու համար «Արարատ»-ը  5 ուսումնամարզական հավաք է անցկացրել, որոնցից երեքը` արտերկրում: Թիմի կազմն ուժեղացվել է ինչպես տեղացի, այնպես էլ` արտասահմանցի ֆուտբոլիստներով: Հովանավորների ուշադրության կենտրոնում է ակումբին պատկանող Ձորաղբյուրի մարզաբազան: Մեծ աշխատանք է կատարվել խաղադաշտերի որակի բարելավման ուղղությամբ: Ավարտին են մոտենում մարզաբազայի վարչական և հյուրանոցային մասնաշենքի շինարարական աշխատանքները: Ակումբի մանկապատանեկան մարզադպրոցի տարբեր տարիքային խմբերում մարզվում են ավելի քան 300 երեխաներ:

 

«Արարատ»-ի հաղթանակները խրախուսվում են բարձր պարգևավճարներով: Չորրորդ շրջանից առաջ ակումբի ղեկավարների և ֆուտբոլիստների հանդիպման ժամանակ կողմերը եկան համաձայնության այն մասին, որ առանձին հաղթանակների համար հատկացվող պարգևավճարները կփոխարինվեն չեմպիոնական տիտղոսը նվաճելու դեպքում աննախադեպ բարձր պարգևավճարով:


Բոլոր որոշումները, որոնք կայացվում են ակումբի սեփականատերերի և ղեկավարության կողմից, ունեն միայն մեկ նպատակ`ուժեղացնել «Արարատ»-ը, ապահովել թիմի մշտական առաջընթացը և, մշտապես բարձրացնելով թիմի առջև դրված նշաձողը` արձանագրել նորանոր հաջողություններ և նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը:


«Արարատ»-ի բոլոր երկրպագուներին կոչ ենք անում համախմբվել մեր թիմի շուրջը և աջակցել «Արարատ»-ին, որը իր բոլոր ուժերը կներդնի չեմպիոնական տիտղոսին արժանանալու համար: Միասին մենք ավելի ուժեղ ենք»:


Աղբյուր` fcararat.am