կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-23 15:54
Հասարակություն

Աբորտ. հաճախ պատճառը սոցիալական ծանր պայմաններն են

Աբորտ. հաճախ պատճառը սոցիալական ծանր պայմաններն են

Ներկայումս հղիությունների մոտ 30 տոկոսն ավարտվում է արհեստական ընդհատմամբ, տասը տարի առաջ այս թիվը 55 տոկոս էր («Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում» 2013): Թեև աբորտների թիվն էականորեն նվազել է, սակայն այն դեռևս լրջագույն խնդիր է մնու, եթե հաշվի ենք առնում երկրի ժողովրդագրական հարցերը: Այս խնդրի վերաբերյալ Yerkir.am-ը զրուցեց «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ինգա Ավանեսյանի հետ:

 

-Հատկապես վերջին շրջանում բազմիցս ահազանգում են սեռով պայմանավորված աբորտների մասին: Իսկապե՞ս այդքան արդիական խնդիր է դա:

-Շատ արդիական խնդիր է Հայաստանում: Մեր մենթալիտետի մեջ նստած է, որ ընտանիքում անպայման պետք է տղա լինի: Եթե առաջինը չի լինում, երկրորդը, երրորդը չի լինում, պայքարում են մինչև վերջ, որ անպայման  տղա ունենան: Եվ հաճախ լինում է, որ հղիության շատ-շատ ընդհատումներ են ունենում, մինչև կա'մ առողջական խնդիրների առջև են կանգնում, կա'մ ունենում են իրենց համար այդքան ցանկալի տղան: Սովորաբար, այդ կանայք ընդհատում են ոչ թե մեկ-երկու հղիություն, այլ նույնիսկ տասից ավելի: Լինում են դեպքեր, երբ այդ ամեն ինչն արվում է աղջիկ ունենալու համար, շատ քիչ դեպքերում, բայց էլի արվում է: Ինձ համար հասկանալի չէ, որ կարելի է հղիությունը մեծացնել, դարձնել 14 շաբաթական, սեռն իմանալ ու ընդհատել: Ես սկզբունքորեն հրաժարվում եմ սեռով պայմանավորված աբորտ անել:

 

-Իսկ հիմնականում աբորտ անելու որոշումն ո՞ւմն է լինում` կնո՞ջը, գուցե ամուսնու կա՞մքն է լինում:

- Ընտանիքում է ընդունվում որոշումը և ոչ միայն ամուսնու, այլ հաճախ սկեսուրի միջնորդությամբ: Մեծ դեր ունեն շատ: Լինում են դեպքեր, երբ գալիս են ընդհատելու, համոզում ես, ասում են` վաղը կգանք հաշվառման, հաջորդ օրը գալիս են սկեսուրի հետ` չէ, մեզ երեխա պետք չէ, երկուսին հազիվ ենք մեծացնում, երրորդը չենք ուզում:

 

-Այսինքն` հղիությունն ընդհատում են նաև սոցիալական ծանր պայմանների պատճառով:

-Մեր երկրում սոցիալական վիճակը շատ ծանր է: Մարդիկ կան, որ ուզում են շատ երեխաներ ունենալ, բայց չեն կարող, սոցիալական վիճակը հետ է պահում: Գալիս են ընդհատելու, ասում եմ` երրորդն է, բերեք, երկուսը քիչ է: Ասում են` իսկապես, մեզ համար դժվար է պահելը:

 

-Իսկ լինո՞՞մ են դեպքեր, որ կարողանում եք համոզել հետ կանգնել այդ քայլից:

-Լինում են դեպքեր, երբ գալիս-ասում են` սրտխառնոց ունենք, չենք դիմանում: Ես ասում եմ` պատկերացնո՞ւմ եք, որ բոլոր նման հղիություններն ընդհատենք, ինչ կլինի: Հիմնականում չի ընդհատվում: Վախեցնում եմ, երբ գալիս են երկրորդն ընդհատելու: Երկրորդ հղիությունները պահում են: 70 տոկոս դեպքերում ստացվում է համոզել:

 

-Ի՞նչ է կատարվում կնոջ օրգանիզմում հղիության արհեստական ընդհատումից հետո:

-Շատ մեծ հորմոնալ դիսբալանս է լինում: Երբ կինը հղիանում է, օրգանիզմն աստիճանաբար փոփոխությունների է ենթարկվում` և' հորմոնալ առումով, և' օրգան համակարգերում:  Եվ պատկերացրեք այդ օղակը միանգամից ընդհատվում է: Շատ մեծ սթրես է օրգանիզմի համար:

 

-Խոսվում է այն մասին, որ աբորտից հետո հավանական է, որ անպտղության խնդիր էլ առաջանա, ի՞նչ կասեք այս մասին:

-Դա կախված է նրանից, թե ինչպես է արվում աբորտը` կինը մինչև հղիությունը և հղիության ընթացքում ունեցե՞լ է ինֆեկցիայի աղբյուր, ի՞նչ ժամկետում է աբորտն արվել, աբորտից հետո բուժում ստացե՞լ է, թե՞ ոչ, և այլն: Բոլոր հանգամանքները պետք է հաշվի առնել:

 

-Ինչո՞ւ եք ժամկետի մասին խոսում, չէ՞ որ հղիության 12 շաբաթականից հետո աբորտն արգելվում է:

-Իհարկե, արգելվում է: Եվ մեզ մոտ դա խստորեն պահպանվում է: Բայց լինում են դեպքեր, երբ մահացած պտուղը պետք է հեռացնել, արգանդը մաքրել, ոնց որ ռումբի մեջ մտնես, ինքդ լարվում ես, որովհետև մտածում ես` հյուսվածք չվնասել: Հղիության 12 շաբաթականից հետո արգանդը մեծանում է, այն վնասելու հավանականությունը` նույնպես:

 

-Ի՞նչ կասեք դեղորայքային աբորտների մասին, արդյո՞ք ավելի անվտանգ չեն դրանք:

-Դեղորայքային աբորտն ինձ համար ավելի ընդունելի մեթոդ է, քան գործիքայինը, որը համարվում է վիրահատության տարատեսակ: Սակայն հղիության 9 շաբաթականից հետո խորհուրդ չի տրվում այդ միջոցը: Դեղորայքայինի դեպքում հղիության ընդհատումը կատարվում է փուլերով: Առաջին փուլում մի դեղորայք է տրվում, մյուս փուլում` երկրորդը, և այդպես շարունակ: Եթե ճիշտ է արվում, միանշանակ ընդհատվում է` ավելի քիչ բարդություններով:

 

-Սակայն այս դեպքում էլ բժշկի հսկողությունը պետք է, այո՞: Խնդրում եմ խոսել նաև հայտնի դեղամիջոցի` սայտոտեկի մասին:

-Միանշանակ, բժշկի հսկողությամբ պետք է արվի: Մեզ մոտ ընդունված է առանց բժշկի հետ խորհրդակցելու դեղատնից գնել և ընդունել այդ դեղերը: Դեղերի անունները թույլ տվեք չասել: Իսկ սայտոտեկը ստամոքսի լորձաթաղանթը բուժելու համար է: Սայտոտեկով պետք չէ անել: Վատ մեթոդ է: Մանավանդ, որ մեր հայ կանայք սիրում են մի բանն օգտագործել ավելի շատ, քան նախատեսված է ընդհատման համար: Նույնիսկ դեպքեր են եղել, որ 10-20 հատ սայտոտեկի հաբ են օգտագործել, արյունահոսությունով, կյանքին վտանգի սպառնալիքով եկել են հիվանդանոց:

 

-Կան բժիշկներ, ովքեր երկար ժամանակ աբորտներ անելուց հետո կտրուկ հրաժարվել են դա անել:

-Ես ունեմ այդպիսի ծանոթ գինեկոլոգներ: Չեմ կարող ասել` ինչու, բայց մեզ, երբ երիտասարդ էինք, խորհուրդ էին տալիս` մի արեք, մենք փոշմանել ենք:

 

-Կան սոցիալական գովազդներ, որոնցում աբորտները ներկայացվում են որպես սպանություն: Միգուցե հարցս կոպիտ է հնչում, բայց Դուք ձեզ սպանության մասնակից համարո՞ւմ եք:

-Երևի, այո … Բայց մի բան էլ կա, ես գիտեմ, որ ես մինչև 12 շաբաթականը եթե ընդհատեմ, կանեմ դա նորմալ, բայց ես չեմ իմանում, որ եթե մերժեմ, նա ինչ պայմաններում կընդհատի հղիությունը: Եղել են դեպքեր, որ սկզբունքորեն չեմ արել, որոշ ժամանակ անց  մոտեցել են ավելի լուրջ բարդություններով: Տարվա մեջ մի շրջան կա, երբ պահք եմ պահում, չեմ անում ընդհատումներ: Եվ այդ ժամանակ պացիենտներին խնդրում եմ, որ այդ հարցով չդիմեն ինձ:

 

Հարցազրույցը` Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ